«Մի անտիպ բնագրի հրապարակումը եւ նրա բառացի թարգմանությունը նրանց համար, որ հայերեն չգիտեն, վերջնակետ չէ, այլ ընդհակառակը՝ մի սկիզբ է վիճաբանության, բանավեճի եւ ճանաչողության մի գործի, որ դրված է ուսումնասիրողի սեղանին»։
Գաբրիելա Ուլուհոջյան
Խոսքը 4-րդ դարի նշանավոր բյուզանդական մատենագիր, աստվածաբան Բարսեղ Կեսարացու «Գիրք հարցողաց» երկի հին հայերեն թարգմանության գիտաքննական բնագրի՝ իտալերեն թարգմանության երկու ստվար հատորների մասին է, որ պատրաստել է Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Գաբրիելա Ուլուհոջյանը, ով հայագիտական, բյուզանդագիտական հետազոտություններով, գիտակրթական ակտիվ գործունեությամբ քաջ ծանոթ է Իտալիայի եւ Հայաստանի գիտական շրջանակներին։ Աշխատության առթիվ բանասիրական գիտ. դոկտոր Հասմիկ Սիմոնյանը իր գրախոսականում նշում է. «Իրագործելով «Գիրք հարցողացի» գիտական կրկնակի հրատարակությունը՝ ուսումնասիրությամբ եւ ծանոթագրություններով, նա տվյալ դեպքում կատարել է մի աշխատանք, որի համար այլ դեպքերում կպահանջվեին գիտական կոլեկտիվներ։ Գիտնականն այս արդյունքին հասել է քայլ առ քայլ, անմնացորդ նվիրումով՝ գիտնականի եւ հայրենասերի նվիրվածությամբ։ Իր աշխատանքի արդյունքները տարիների ընթացքում նա քանիցս մաս-մաս ներկայացրել է Միլանի, Վենետիկի, Տորոնտոյի, Վիեննայի, Բոլոնիայի, Երեւանի գիտական հանդեսներում տպագրված ու միջազգային գիտաժողովներում կարդացած զեկուցումների ու հաղորդումների ձեւով, այնպես որ մենք կարող էինք հետեւել իր նախընտրած թեմայի խորախոր շերտերի մեջ գիտնականի ներթափանցմանը, նորանոր փաստերի հայտնաբերման, պրոբլեմների աստիճանական լուծման ընթացքին»։
Հայազգի պատմաբան, բանասեր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Գաբրիելա Ուլուհոջյանը ծնվել է 1934 թ. հուլիսի 22-ին՝ Իտալիայում։ Ծնողները գաղթել էին Արեւմտյան Հայաստանից՝ Մեծ եղեռնի պատճառով։ Ուրիշ ինչը կարող է այնպես ծառայել ազգապահպանությանը հայրենիքը կորցրած մարդու համար, եթե ոչ լեզուն, պատմությունը, ընդհանրական հարաբերությունները այն ժողովրդի հետ, ում երկնքի տակ գտել ես ապաստան։ Գաբրիելան Իտալիայի պետական գիմնազիայում նախնական կրթությունն ստանալուց հետո շարունակել է այն Միլանի Կաթողիկե համալսարանի դասական բանասիրության ֆակուլտետում, խորացել հունա-լատինական մասնագիտության մեջ։ Հայերենը անմասն չմնաց ուսումնառությունից, լեզուների դարավոր կապերն իրենց զգացնել տվեցին. ժամանակի մեծ հայագետ Ջիանկառլո Բոլոնյեզիի ղեկավարությամբ Գաբրիելան ոչ միայն ուսումնասիրում է հունական դպրոցի երկերը, այլեւ այդ առիթով առնչվում հայերենին, մասնավորապես՝ բյուզանդացի բանաստեղծ Գեորգ Պիսիդեսի «Վեցօրյա» հայերեն թարգմանությանը՝ համեմատելով այն հունարեն բնագրի հետ, որն էլ դառնում է ատենախոսության թեմա։ 1958 թ. Գաբրիելան պաշտպանում է ատենախոսությունը, ստանում դոկտորի գիտական աստիճան։ Մասնակցելով ու հաղթելով պետական մրցույթում՝ նոր միայն ստանում է իր պաշտոնը իտալական պետական լիկեոներում, որտեղ եւ 13 տարի դասավանդում է հին հունարեն ու լատիներեն։ Ուլուհոջյանը բազմիցս այցելել է Հայաստան՝ փորձի փոխանակման նպատակով, աշխատել որպես ստաժոր, հաճախել Երեւանի պետական համալսարան, ուսանել գրաբար, արեւելահայերեն, հայ հին եւ ժամանակակից գրականություն, հետազոտություններ կատարել Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում՝ ուսումնասիրելով Բարսեղ Կեսարացու «Գիրք հարցողաց» հայերեն թարգմանության ձեռագրերը, հետագայում էլ երկը պատրաստել գիտահամեմատական հրատարակության։
Ուլուհոջյանը համագործակցել է Միլանի Հայ ուսումնասիրության եւ վավերագրումի կենտրոնի հետ, մասնակցել գիտարշավների, մեկնել Իրան, ուսումնասիրել հայերեն վիմագիր արձանագրությունները, հրատարակել Ս. Ստեփանոս Նախավկա վանքի արձանագրությունների հավաքածուին նվիրված մենագրություն, 1973-82 թթ. Բոլոնիայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում դասավանդել է հայոց լեզու եւ գրականություն, 1982 թ.՝ հաղթելով պետական մրցույթում, դարձել հայագիտության ամբիոնի վարիչ. նախ ղեկավարել է լեզվագիտության, ապա՝ միջնադարյան պատմության բաժինները։ Գաբրիելա Ուլուհոջյանն ամրապնդեց Բոլոնիայի համալսարանում հայոց լեզվի ուսումնասիրության մակարդակը, պատրաստեց հետեւորդներ, նրա ջանքերով հիմնվեց գրադարան։ Մեծ է նրա ավանդը Բոլոնիայի եւ Երեւանի պետական համալսարանների միջեւ դասախոսների փոխանակման եւ ծրագրերի համակարգման ոլորտում։ Ուլուհոջյանը դարձավ հայ ճարտարապետական վավերագիրների շարքի խմբագրության, միջազգային եւ իտալական բազմաթիվ ընկերակցությունների, Հայկական հետազոտությունների միջազգային ընկերակցության անդամ, մասնակցեց Պո-Արաքս ընկերության հիմնադրմանը։ Բարձր գնահատելով գիտնականի ներդրումը հայագիտության զարգացման մեջ՝ 1996 թ. ՀՀ ԳԱԱ-ն նրան շնորհեց պատվավոր դոկտորի կոչում, իսկ գիտական եւ մանկավարժական մեծ ավանդի, մայր հայրենիքի հետ սերտ կապերի համար 2008 թ. Ուլուհոջյանին ընտրեց ԳԱԱ արտասահմանյան անդամ։
Գաբրիելա Ուլուհոջյանը վախճանվել է 2016 թ. նոյեմբերի 28-ին՝ ծննդավայր Իտալիայում։