Հայաստանը գտնվում է քրիստոնեական եւ իսլամական քաղաքակրթությունների խաչմերուկում: Լինելով աշխարհում քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին երկիրը, այն տարբեր ժամանակահատվածներում պայքարել է իր հավատքի, մշակույթի եւ ազգային ինքնության պահպանման համար, նախնական փուլում՝ զրադաշտական Պարսկաստանի եւ Բյուզանդիայի հետ: Միջին դարերում Պարսկաստանի իսլամացումը եւ ավելի ուշ Թուրքիայի ձեւավորումը էականորեն փոխեցին հայ ժողովրդի պատմության ընթացքի շեշտադրումները: Լինելով երկու իսլամական պետությունների հարեւան՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը անհամեմատ շատ կնճռոտ եւ ողբերգական իրադարձությունների պատմություն ունեն Թուրքիայի հետ, քան իսլամ ընդունած Իրանի: 20-րդ դարի սկզբին արդեն քրիստոնեությանը դավանելու համար հայ ժողովրդի խնդիրներն ավելացան հարեւանությամբ երկրորդ թյուրքական պետության՝ Ադրբեջանի արհեստականորեն ստեղծման պատճառով:
Օրինաչափ հարց է ծագում, թե ինչո՞ւ հայ ժողովուրդը գրեթե առանց պատմական կնճիռների համատեղ բարեկամական պատմություն ունի իսլամ ընդունած Իրանի հետ, իսկ հարաբերությունները նույն հավատքին դավանող Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հեռու են բարեկամական լինելուց՝ պատմական որոշ փուլերում ավելի շատ ստանալով թշնամական երանգներ: Մեր ժողովրդին եւ նրա պատմությանը ծանոթ ցանկացած այլ երկրի ներկայացուցչի հետաքրքրող շատ կարեւոր այս հարցի պատասխանը տվեց օրերս Հայաստան Ժամանած իսլամի թեոլոգիայի, քաղաքական փիլիսոփայության ամենահայտնի գիտնականներից մեկը՝ պակիստանցի շեյխ Իմրան Հոսեյնին: Նա «Ջենեսիս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանին տված հարցազրույցում իր թեոլոգիական դատողություններով բացատրեց վերոնշյալ իրողության պատճառները, որոնք փաստարկում էր Ղուրանի կանոններով:
Իմրան Հոսեյնին հայտարարեց, որ Թուրքիան իր ձեւավորման նախնական փուլից արդեն չի առաջնորդվում իսլամի օրենքներով, որոնք պահանջում են, որ մինչեւ պատերազմելը պետք է փորձել հակառակորդի հետ հիմնահարցերը հարթելու բոլոր խաղաղ միջոցները, եւ եթե դիմացի պետությունը կամ ժողովուրդը պատերազմ չի ուզում, ապա չպետք է պատերազմել նրա դեմ: Իսլամական աշխարհում հեղինակություն վայելող թեոլոգը հայտարարում է, որ Թուրքիան իսլամի կանոնների խախտմամբ է գրավել Կոստանդնուպոլիսը, այդ կանոնները խախտել է Հայոց ցեղասպանությունն իրականացնելիս եւ հետեւաբար՝ նաեւ արցախյան վերջին պատերազմում: Նրա խոսքով՝ Ադրբեջանն իսրայելական ԱԹՍ-ներով ու զենքով կեղեքիչ պատերազմ է սկսել Հայաստանի դեմ, եւ Բաքուն Իսրայելի կատարածուն է:
Շեյխը իսլամի կանոններին դեմ համարեց Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը, որը խստորեն արգելվում է Ղուրանով: Այստեղ պետք է արձանագրել, որ նույն քաղաքականությունն է վարում նաեւ Ադրբեջանը՝ Արցախի բռնազավթված տարածքներում եւ ընդհանրապես այդ երկրի տիրապետության տակ տարբեր բնակավայրերում գտնվող հայկական եկեղեցիների նկատմամբ:
Այսօր հանրահայտ փաստ է իսլամ դավանողների անվերապահ հավատը եւ նվիրումը Ղուրանի կանոններին: Այն թերեւս աշխարհում եղած կրոնական ուղղությունների շարքում առաջատարն է իր հետեւորդների՝ իսլամական կանոններով ապրելու եւ գործելու առումով: Հետեւաբար Իմրան Հոսեյնիի խոսքը հզոր զենք է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների դեմ պայքարելու եւ Հայոց ցեղասպանության պատմական փաստը ճանաչելու ու համարժեք գնահատելու հարցում: Շեյխը Ղուրանի պատգամները ոտնահարող Թուրքիայի քաղաքական ղեկավարների դեմ պայքարում դաշնակիցներ է փնտրում նաեւ քրիստոնեական աշխարհում՝ հայտարարելով, որ եթե հաջողվի իսլամի կանոններով խալիֆայություն ստեղծել Թուրքիայում, ապա Կոստանդնուպոլիսն ու Սուրբ Սոֆիան կվերադարձվեն իսկական տերերին, իսկ հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիքի հիմնական տարածքներ՝ Արեւմտյան Հայաստան:
Կրոնական գաղափարաբանը Թուրքիան իսլամական աշխարհի տրոյական ձի է համարում, որը ծառայում է ՆԱՏՕ-ին՝ ոտնահարելով իսլամական արժեքները: Իր ծննդավայր Պակիստանի՝ Հայաստանը չճանաչելու փաստն Իմրան Հոսեյնին բացատրեց նրանով, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ իր երկրում իշխանությունները դրածոներ են եւ չեն առաջնորդվում իսլամի կանոններով: Փիլիսոփան իր գործունեության ընթացքում զարգացրել է կարեւոր տեսություն, ինչը բխում է աշխարհաքաղաքական խաչմերուկում գտնվող Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգային շահերից: Նա հիմնավորում եւ տարածում է այն կարեւոր դրույթը, որ իսլամը չի կարող այլ ժողովուրդների հանդեպ ագրեսիայի գործիք լինել, ինչպես արվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի դեպքում, ինչպես Ղուրանի սխալ մեկնաբանմամբ ստեղծվեց «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը, որի միջոցով աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծվում աշխարհի տարբեր ծայրերում՝ ոտնահարելով տեղի ժողովուրդների իրավունքները:
Իսլամի տեսաբանն առարկայորեն բացատրեց, թե ինչու հայ ժողովուրդը կարողանում է բարեկամական հարաբերություններ պահպանել իսլամի իսկական արժեքները դավանող Իրանի հետ, իսկ այդ արժեքները ոտնահարող Թուրքիայի հետ մինչ օրս ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ եւ ցեղասպանության փաստ: Հայ ժողովրդի վերջին հազարամյակի պատմությունը փաստում է, որ մեր գոյաբանական պայքարում պետք է օգտագործվեն բոլոր միջոցները եւ բոլոր հնարավոր դաշնակիցները, իսկ Իմրան Հոսեյնիի տեսությունը լուրջ գործիք է Թուրքիային կառուցողականության դաշտ բերելու եւ առավելապաշտական նկրտումները զսպելու համար: