«Արեւշատ Ավագյանը բացառիկ տաղանդով օժտված գեղանկարիչ է բանաստեղծության մեջ: Հողածին ու հողաբույր նրա պոեզիայում բոլոր առարկաները երկինքոտ են: Հողն ու երկինքը արտացոլված են իրար մեջ, եւ այդ արտացոլանքն այնպիսի գույներ է տալիս, որ նկատված են թերեւս միայն հեղինակի կողմից: Այդ նույն տպավորությունն ես ստանում նկարիչ Արեւշատ Ավագյանի կտավներից: Գեղանկարչության մեջ նա նույն անկրկնելի բանաստեղծն է: Հողի եւ երկնքի հարեւանությունն իրար մեջ, նրանց արտացոլանքն է Ավագյանի գեղանկարչության հիմքն ու հավատամքը: Այստեղից էլ Հայաստանի բիրտ ու դաժան, խիստ ու խոժոռ բնության այնքան քնքշությունը, ես կասեի, գերող կանացիությունը, գույների մեղմությունն ու նրանց ինքնադրոշմ կերպավորումը»:
Համո ՍԱՀՅԱՆ
Սակավ է պատահում, երբ մուսաները կրկնակի բարեհաճությամբ են ընտրում իրենց սիրեցյալներին՝ նրանց մեջ սերմանելով ստեղծագործական արարումների ազգաշահ հունդը: Այդ ընտրյալներից է Արեւշատ Ավագյան բանաստեղծ-գեղանկարիչը՝ անհատնելի ասելիքով ու անսպառ եռանդով մի արվեստագետ, որի հոգու երկինքը մշտապես զրնգում է պոեզիայով ու այն գեղեցկորեն երանգավորվում վրձնի հեքիաթային կերպավորումներով.
Ես ծիծեռնակի հայրենակիցն եմ,
Արագիլի անդավաճան ընկերը,
Որ երազից հյուսված
Բներ է դնում բարդիների վրա…
Ծնունդով հայոց ծիծեռնակի՝ Աշտարակ քաղաքից է Արեւշատ Ավագյանը, հեղինակ 30-ից ավելի բանաստեղծական, արձակ եւ մանկական ժողովածուների: Բանաստեղծ, որի ընթերցողը սովորականից վեր, տեսանող ու ընկալունակ-խուզարկու պիտի լինի՝ թափանցելու, տեսնելու, ընկալելու համար զարմանահրաշ այն աշխարհը, որը միայն ու միայն իրենն է՝ բանաստեղծինը՝ լի կենսաթրթիռներով, «տիեզերքի սրտխփոցներով», սիրանյութով ու հոգենյութով: Ահա ինչ «բանալի» է մեզ հուշում նա իր հերթական գրքերից մեկի նախաբան խոսքում՝ մտնելու համար ստեղծագործական իր տիրույթներ. «Իմ առաջին «Ակունքներ» գրքից մինչեւ այս «Տարերքների տարերգը» ես փորձել եմ տեսնել հողի, ջրի, օդի եւ կրակի բոլոր խորքային տարերային, տեսանելի, լսելի եւ կռահելի կենսառիթմերը: Փորձել եմ հայտնագործել այն կենսական հոգեշնչող տարրը, որ աներեւույթ է, չի երեւում, բայց նրանով է Արարողը կենդանություն, լույս, հույս եւ կյանք տվել իր երկրային նմանակին… Այդ հինգերորդ աստվածային տարերքը հոգենյութն է..»: Ահա. պոեզիայի սիրահար ընթերցողն ու, ինչու ոչ, նաեւ գրականագետը պիտի զորու լինեն ընկալելու եւ ըմբոշխնելու ավագյանական պարզ ու բարդ գրի «հոգենյութը»: Այս առումով անմրցակից է բանաստեղծը: Նաեւ՝ պատկերավորման ու անսպասելի «հայտնագործությունների», թեմատիկ ընդգրկումների, բանաստեղծական անպարագիծ հորիզոնների ու գունեղության պարագաներում:
Արեւշատ Ավագյանը, պատկառելի իր հունձքով, հայրենիքի սահմանները վաղու՜ց ի վեր հատած բանաստեղծ է՝ արժանիորեն գնահատված ու թարգմանված աշխարհի տասնյակ լեզուներով: Եվ ոչ միայն բանաստեղծ, այլեւ՝ գեղանկարիչ: «Բանաստեղծն իր արվեստում եւս հավատարիմ է մնացել իրեն՝ մնացել է բանաստեղծ,- գրել է մեր ժողովրդի ու գրականության լիտվացի մեծ բարեկամ Էդուարդաս Մեժելայտիսը:- Յուրաքանչյուր նկար բանաստեղծական փոխաբերություն է: Իր հայրենիքի, իր բանաստեղծական աշխարհի, իր հեքիաթի եւ մարդկային հարաբերությունների բանաստեղծականացումը հրաշալի է: Բայց Արեւշատը միայն բանաստեղծ չէ, նա բանաստեղծ իմաստասեր ու փիլիսոփա է: Գույների պոեզիայով նա ինձ՝ արվեստասերիս, տանում է գեղեցկության աշխարհը, որտեղ մարդկային հոգին մաքրվում է՝ հասնելով կատարսիսի…»:
Գեղանկարչության մեջ եւս անշփոթելի իր ձեռագիրն հաստատած տաղանդավոր բանաստեղծը սեփական վրձնով է ձեւավորել իր բոլոր ժողովածուները՝ յուրօրինակ ներդաշնակությամբ մեկտեղելով աստվածատուր բացառիկ իր շնորհները: Կենսագրության բաղձալի էջ են նրա գրական հանդիպումները հայրենիքում, նախկին միության հանրապետություններում, եվրոպական երկրներում, Մերձավոր Արեւելքում, Միացյալ Նահանգներում: Նկարչական ցուցահանդեսները՝ աշխարհի լայնքով ու երկայնքով մեկ:
Առինքնող, մարդկային բարձր հատկանիշներով շռայլորեն օժտված բանաստեղծը նվիրյալ հայրենասեր է, որքան հոգեսույզ-հոգեբան-առեղծվածախույզ ու փիլիսոփա, նույնքան հասարակ, հողաբույր ու հողեղեն: Հայրենասեր ու հողապաշտ. քաջագիտակ իր ժողովրդի պատմությանն ու մշակույթին, որի անսակարկ մշակներից մեկն էլ ինքն է՝ իր Աշտարակ ծննդավայրի խնկարկուն: Որքանով որդիական անմնացորդ նվիրումի ապացույցը չէ Օշականամերձ իր հողամասը դրախտային այգու վերածելը, որտեղ հայ մշակույթի գործիչները հավաքվում են հասունացող բոլոր բարիքների՝ թթի, կեռասի, ծիրանի, խնձորի, դեղձի, խաղողի, ընկույզի ավանդական դարձած տոներին՝ համեմված պոեզիայով, երգով ու ցնծությամբ: Յուրօրինակ մի հանգրվան, որտեղ բանաստեղծի երազանքն է կառուցել յոթ մուսաները համատեղող «Մաշտոցատուն» կենտրոնը՝ ի նպաստ հայ մշակույթի զարգացման ու աշխարհասփռման: Հավատանք, որ այս մտահղացումը, ի վերջո, կարժանանա անհրաժեշտ վերաբերմունքի եւ հոգածության, եւ գեղեցիկ մի օր «Մաշտոցատունն» էլ, դրախտային այս այգու նման, կբացի իր դռները ամենքի առջեւ:
Արեւշատ Ավագյանը շուրջ երեք տասնամյակ է, ինչ նախագահում է Մշակույթի հայկական ֆոնդը: Տողերիս հեղինակին բազմիցս բախտ է վիճակվել մասնակից լինել գեղեցիկ այն հանդիպումներին, որոնք մեր մեծերից շատերի հետ էին՝ Պարիս Հերունի, Սիլվա Կապուտիկյան, անվանի գեղանկարիչներ, գիտնականներ, հայ մշակույթով ու երկրի ճակատագրով մտահոգ անհատներ: Հետո ստեղծելու էր «Ծիր կաթին» գիտամշակութային միավորումը ու նաեւ Մշակութային խորհրդարանը: Այդ միջոցառումները շարունակվում են առ օրս՝ գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ մշակույթի ոլորտի մարդկանց հետ, քննարկումներ, շահախնդիր զրույցներ առկա մարտահրավերների շուրջ:
Երկու մուսաների պատվախնդիր սպասարկու մտավորականը, որ ստեղծել եւ ղեկավարում է «Արագածոտն» գրական-մշակութային միավորումը, բարձր պարգեւների պակասը չունի՝ «Մովսես Խորենացու» մեդալ, «Գրիգոր Նարեկացի», «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալներ, գրական տարբեր մրցանակներ: Եվ այս ամենը՝ հայ գրին ու գրչությանը անմնացորդ նվիրումի, ծանրակշիռ իր վաստակի համար: Նա զբաղվել է նաեւ թարգմանությամբ՝ հայացնելով ֆրանսիացի, լեհ, ռուս, վրացի, ուկրաինացի, այլազգի այլ հեղինակների բազմաթիվ ստեղծագործություններ:
Մեր՝ տոհմածառերի երկրի բանաստեղծը, գրում է. «Բառ առ բառ, տող առ տող մենք պետք է կառուցենք մեր լեզվաշխարհի հոգեշունչ ամրոցները՝ մեր բանաստեղծական, գեղանկարչական, երգարվեստի համերգասրահները, ցուցասրահներն ու լսարանները, Բարձր Հայքի, Արարատյան երկրի աստվածահաճո խոսքը մարդկությանն ասելու համար: Հայոց մշակույթի մրգահասը դեռ առջեւում է…»:
Այս հավատով, համոզմունքով է ապրում եւ ստեղծագործում Արեւշատ Ավագյանը՝ հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկը, որի ծննդյան օրը շնորհավորենք երկօրյա ուշացումով: Նրա, ով շատերին է հիացրել, որոնց թվում եւ հանճարեղ Պարույր Սեւակին. «Միայն ճշմարիտ բանաստեղծը կարող է անկենդան նատյուրմորտը ներկայացնել այնքան կենդանի, ասես ոչ թե գրիչ է բանեցրել, այլ՝ վրձին՝ երկրորդ անգամ նկարելով այն, ինչ մենք չենք տեսել…»: