Նախօրեին Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինուժի գրեթե միաժամանակյա հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը պլանավորված էին՝ միանշանակ ու հստակ ուղերձներով: Նույն օրը, ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ եւ Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ եւ դրանից 15 րոպե անց, դադարեցնելով այնտեղ կրակը, արդեն ժամը 12։00-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացում հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Նախկինում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտում էր կա՛մ ՀՀ սահմանին, կա՛մ Արցախի շփման գծում, իսկ հուլիսի 28-ին առաջին անգամ դա արեց միաժամանակ երկու ուղղությամբ էլ: Հայտնի փաստ է, որ պաշտոնական Բաքուն նման սադրանքներով է պատասխանում Արցախի հիմնահարցի շուրջ իրեն ոչ ձեռնտու քաղաքական զարգացումների դեպքում կամ տարածաշրջանային խնդրով կարեւորագույն հանդիպումների նախօրեին՝ հիշեցնելով իր մասին:
Հուլիսի 28-ին կրակելու համար Ադրբեջանը երկու առիթն էլ ուներ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետի հետ, որին հաջորդել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հերթական հայտարարությունն այն մասին, որ իր երկիրը պատրաստ է Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ, եւ որ իր այդ առաջարկը մնում է բաց: Դեսպանի հայտարարությունը, դիվանագիտական լեզվի առումով, կոշտ պատասխան էր Ադրբեջանի առաջնորդին, որը չի դադարում կրկնել, որ Մինսկի խումբն անելիք չունի, քանի որ Արցախի հարցը «լուծված» է: Իր շահերին հակասող նման հայտարարություններին Ադրբեջանը սովորության համաձայն արձագանքում է կրակոցներով, ինչն էլ իրեն սպասեցնել չտվեց՝ այս դեպքում արդեն գերտերություններին սպառնալով տարածաշրջանի ապակայունացմամբ, որը ձեռնտու չէ Ուկրաինայի ճգնաժամի վրա ուշադրությունը սեւեռած ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին, առավել եւս՝ ՌԴ-ին, որի խաղաղապահներն են կանգնած Արցախում:
Սահմանային հրադադարի ռեժիմների խախտումների երկրորդ գործոնը՝ Արցախի խնդիրը շոշափող հանդիպումը, նույնպես առկա է: Օգոստոսի 5-ին Վլադիմիր Պուտինը եւ էրդողանը հանդիպելու են Սոչիում: Եթե արձանագրենք, որ այդ հանդիպումը կայանում է Թեհրանի հանդիպումից բառացիորեն մի քանի օր անց, ապա միանշանակ կարելի է պնդել, որ բանակցությունների օրակարգային հիմնական հարցերից մեկն Արցախում առկա իրավիճակն է լինելու, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Բաքուն ինքնագլուխ չէր կրակի Արցախում ռուս խաղաղապահների ուղղությամբ, պարզ է, որ նրան դրդել է իր «ավագ եղբայրը»՝ Թուրքիան, ինչը փաստում է, որ Սոչիում առանցքային հարցեր են քննարկվելու:
Հրադադարի այս աննախադեպ խախտման փաստն ունի նաեւ մեկ այլ՝ երրորդ պատճառը եւ ուղերձը: Թուրքիայի պատվերով ադրբեջանական զինուժի կրակոցները Սիրիայից եւ Իրաքից Անկարայի ձայնի հնչեցումն է: Բանն այն է, որ Անկարան ցավոտ հարվածներ եւ հասարակական ուժեղ հակազդեցություն է ստանում Իրաքում, իսկ Սիրիայի հարցում բավարարված չէ թեհրանյան հանդիպմամբ, քանի որ ՌԴ-ին եւ Իրանին հաջողվել է նրան հետ պահել Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց: Արաբական այդ երկրներում արձանագրված անհաջողությունները, որոնց պատճառը նաեւ տարածաշրջանում խոշոր խաղացողներ ՌԴ-ի ու Իրանի քողարկված աջակցությունները կարող էին լինել, Թուրքիային ստիպում են տարածաշրջանի երկրներին հիշեցնել, որ իր ձեռքին ունի Ադրբեջանի նման խաղաքարտը, որի միջոցով կարող է ապակայունացնել Արցախի եւ Հայաստանի սահմանների իրավիճակները:
Թուրքիան վերջին կրակոցներով փորձում է իր աշխարհաքաղաքական գործերն առաջ մղել՝ դրա փոխարեն անդառնալի կորուստներ հասցնելով Ադրբեջանի միջազգային վարկին: Արցախի եւ Հայաստանի ուղղությամբ հրադադարի նման միաժամանակյա խախտմամբ Ադրբեջանը միջազգային հանրության աչքերում վերահաստատում եւ խորացնում է ագրեսորի կերպարը՝ ավելորդ անգամ փաստելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ մշտապես գտնվելու է ցեղասպանության ռիսկի ներքո: Նման կրակոցներով Ադրբեջանն ապացուցում է իր կողմից խաղաղության եւ Արցախի ժողովրդի հետ խաղաղ համակեցության մասին պնդումների սին լինելը: Վերջին հաշվով՝ սահմանային սադրանքներով պաշտոնական Բաքուն հետաձգում է խաղաղության հաստատման եւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման գործընթացները: