«Չարենցը խոհուն, զարգացած, մեծ էրուդիցիայի տեր անձնավորություն էր՝ անհանգիստ բնավորություն, ըմբոստ եւ եռանդուն:
Բոլոր ազգերի գրականությունները գիտեր, լավ ճանաչում էր, ուներ ֆենոմենալ հիշողություն եւ մեծ ճաշակի տեր էր:
Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպելը» եւ «Տաղարանը», լիրիկական մի շարք բանաստեղծություններ, մանավանդ նրա հայրենասիրական բանաստեղծությունը՝ մեծ խորքով «Ես իմ անուշ Հայաստանին»: Ինձ համար, առանց չափազանցության, բոլորովին օբյեկտիվ կերպով կասեմ, որ հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից…»:
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ
Այս տարին չարենցյան է, եւ ընդամենը չորս տասնամյակ ապրած բանաստեղծի 125- ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները շարունակվում են: Դրանցից հերթականը պայմանավորված էր Չարենցի շքեղ մի դիմանկարի տուն-թանգարան վերադարձով, մեծարվեստ մի աշխատանք՝ արված 1973 թվականին՝ դիմանկարի անզուգական վարպետ Հրաչյա Ռուխկյանի վրձնով: Գեղանկարի նվիրատուն պետերբուրգաբնակ հայտնի բարերար Հրաչյա Պողոսյանն էր՝ ազգանվեր մի այր, ով հայրենիքում էր հենց այդ նպատակով:
Ամառային կիզիչ արեւը չէր խանգարելու, որպեսզի միջոցառումն սկսվեր բանաստեղծի հուշարձանին բազմաթիվ չարենցապաշտների այցով, տերունական աղոթքով, զինվորականների պատվո շքաշարով, ծաղկեպսակների խոնարհումով: Ընտանիքի անդամների հետ այստեղ էր ինքը՝ պատվարժան բարերարը, բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, գեղանկարչի դուստր Անահիտ Ռուխիկյանը, այլք:
Իսկ դիմանկարի հարազատ օջախ վերադարձի արարողությունը տեղի ունեցավ Նաիրյան երկրի անմեռ բանաստեղծի տուն-թանգարանում: Մինչ ներկաները կծանոթանային նորահայտ դիմանկարին, հանդիսավարը խոնարհ հարգանքով խոսք ասաց Հրաչյա Պողոսյան մեծ ու անշահախնդիր բարերարի մասին, ով իր միջոցներով տասնյակ ու տասնյակ խաչքարեր ու այլ հուշակոթողներ է հառնեցրել հայրենիքում, աշխարհի տարբեր երկրներում ու քաղաքներում:
Չարենցյան բանաստեղծությունների հնչեցումից հետո Հրաչյա Պողոսյանն իջեցրեց դիմանկարը ծածկող շղարշը, եւ տուն-թանգարանը լցվեց ցնծության ծափողջույններով: Նա շնորհակալության խոսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել բանաստեղծի տուն-թանգարանի ստեղծմանը, այն հարստացրել մասունքներով, ովքեր չարենցյան ոգին են սերմանել սերունդների մեջ ու խնկարկել նրա գրական հունձքն ու հիշատակը: Երախտագիտությամբ հիշեց նաեւ իր ուսուցիչներին՝ իր հոգին էլ Չարենցով հարստացնելու համար:
Ինչպես տեղեկացրեց Հրաչյա Պողոսյանը՝ Հրաչյա Ռուխկյանի վրձնած դիմանկարն ինքը ձեռք է բերե լՀայաստանում, հայ մեկ այլ բարերարից: «Գիտեք,- ասաց նա,- կան արժեքներ, որոնք գերադասելի է, որ լինեն ոչ թե անձնական հավաքածուներում, այլ դառնան ընդհանուրինը: Այս համոզմունքով է պայմանավորված իմ նվիրաբերումը մայրաքաղաքի այս ուխտատեղիին՝ մեծ բանաստեղծի տուն-թանգարանին: Այստեղ դիմանկարը նոր կյանք է ստանալու: Դրա համար ես ուրախ եմ անչափ…»:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը՝ թանգարանի կոլեկտիվի անունից շնորհակալական հուշանվեր փոխանցելով բարերարին: Հրաչյա Ռուխկյան մեծանուն գեղանկարչի ժառանգությանն անդրադարձավ նրա թոռնուհին՝ Անահիտ Ռուխկյանը: Ելույթ ունեցավ նաեւ Չարենցի թոռնուհին՝ թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը:
Անտարակուսելի է, որ բանաստեղծի՝ շատերին անծանոթ սքանչելի այս դիմանկարը այցելուների նոր հոսք է ապահովելու բանաստեղծի թանգարան-օջախ…