Սեւանա լճի ջուրը խորհրդային իշխանությունները 1930-ականներից սկսած սկսեցին գործածել, ինչպես այն ժամանակ էին ասում, ինդուստրիալացման համար։ 1933 թ. արդեն սկսվեց լճի ջրի մակարդակի իջեցման ծրագիրը։ Այդ ժամանակ ջրի ծավալը 58.5 մլրդ խմ էր։ Տարիներ շարունակ լճի մակարդակն իջավ այնքան, որ այսօր արդեն ծավալի ցուցանիշը 40 մլրդ խմ-ից էլ պակաս է (2021 թ. հուլիսի դրությամբ՝ 38.4 մլրդ խմ):
Եթե 30-ականներից սկսած Սեւանի անկման մասին հակիրճ ասենք, ապա Սեւանի կղզին դարձավ թերակղզի։ Հետո ՀԽՍՀ իշխանությունները տեսան լճի աղետալի վիճակն ու, հետեւանքները հասկանալով, որոշեցին Արփա-Սեւան թունելի շինարարությունն սկսել։ Դրա համար հարկ էր Մոսկվային համոզել. մեծ գումարներ էին անհրաժեշտ։ Համոզեցին, սկսեցին, ավարտեցին։ Եվ միայն դրանից հետո հաջողվեց կայունացնել լճի մակարդակը, եւ այն էլ ընդամենը 1.897 մ նիշում։ Հետո 1990-ականներ, էներգետիկ ճգնաժամի տարիներ, եւ… Սեւանի մակարդակը կրկին սկսեց իջնել։
Կրկին կայունացավ 2000-ականներին, նույնիսկ բարձրանալ սկսեց։ Իհարկե, չհասավ այն նիշին, որն անհրաժեշտ է Սեւանի բնական հավասարակշռության վերականգնումն արձանագրելու համար։ Հիմա նորից իջնում է Սեւանի մակարդակը, նաեւ որովհետեւ հետանկախական տարիներին մեզ այդպես էլ չհաջողվեց լուծել ոռոգման խնդիրները (Սեւանա լճի մակարդակը օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով եւ կազմել 1900.60 մ (21. 08. 22 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5 սմ-ով), լճի ափամերձ տարածքների շինությունների խնդիրները (սրան «ՀՀ»-ն անդրադարձել է) եւն։
Եթե Սեւանի ներկայիս վիճակի մասին հակիրճ, ապա՝ լճի էկոհամակարգի պահպանման համար անհրաժեշտ նշաձողը՝ Սեւանա լճի մակարդակը բարձրացնել մինչեւ 1903.5 մ նիշը, այլեւս բավարար չէ լճի էկոհամակարգի կայունացման համար: Լճի մակարդակը պետք է բարձրացվի մինչեւ 1909 մ նիշը, որպեսզի լճի էկոհամակարգը կայունանա:
Սեւանա լճի մակարդակի ամենամյա իմ դիտարկումները նույն կետից (Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի պոմպակայանի հատված) տարբեր պատկերներ են արձանագրել։ Մինչ 2000-ականների բարձրացումը լճում երեւում էր պոմպակայանի խողովակը։ Բարձրացումից հետո այդ խողովակը ջրի տակն անցավ։ Հետո սկսեցի ըստ ծառաշարքերի նշումներն անել։ Այն, ինչն այդ տարիներին լճի մակարդակի բարձրացման հետեւանքով անհանգստացնում էր շատերին՝ ճահիճների առկայությունը, ինձ չէր հուզում։ Որովհետեւ դրանք ավազային ճահիճներ էին, եւ լճի մակարդակի հետագա բարձրացումից հետո, այսպես ասենք, մաքրվելու, զտվելու էին։ Բայց՝ բարձրացման պարագայում։ Ու գերխնդիրը դա էր։ Հետո… հետոն այն վիճակն է, որն ունենք այսօր՝ լճից ջրառ, մակարդակի իջեցում, ափամերձ շինությունների առկայություն, մաքրման կայանների խնդիր, լճի «ծաղկում»։ Եվ՝ մեր վերաբերմունքը լճի հանդեպ՝ անփույթ, անսրտացավ, հակահիգիենիկ, հանցավոր։
Լուսանկարներն արվել են օգոստոսի 1-15-ը՝ տարբեր օրերի՝ Ծովինարի, ինչպես գյուղացիներն են ասում, «աղվեսնոցի» ու «քերվըզի (քարվազ) քիթ» հատվածներում։ Ի տարբերություն Նորաշենից Սեւան հատվածի, որտեղ դիտարկում էի արել հուլիսի 16-17-ը, եւ որտեղ ջրիմուռներ էին ու գարշահոտ էր փչում, եւ ի տարբերություն Գավառի հատվածի, որտեղ լճի կապույտն էր կորել, Ծովինարի նշյալ մասերում ոչ գարշահոտ կար, ոչ էլ ջուրն էր կեղտոտ։ Ափ էին նետված ջրիմուռներ, ծառարմատներ ու փայտի կտորտանքներ, բայց ափից 8-10 մ այն կողմ ջուրն այնքան մաքուր էր, որ ոտքերդ ու հատակը երեւում էին։ Բայցեւ ափ էին նետված մեր դիմագիծն ու մեր վերաբերմունքը լճի հանդեպ՝ պոլիէթիլենային շշեր, տոպրակներ, բաժակներ, մի խոսքով՝ քեֆ-ուրախության հետեւանքը։ Ու, բնականաբար, մաքուր էին այն հատվածները, որտեղ ավազ չկար «քեֆչիների» բազմելու համար։
Սեւանի այսօրվա վիճակը մեր բոլորի վերաբերմունքի հետեւանքն է լճի հանդեպ։ Բոլորի՝ շարքային քաղաքացուց սկսած (հարգանքս «շարքային» եզրույթում չտեղավորվածներին) մինչեւ լճի խնդիրների հետ կապված որոշումներ կայացնող ուղղակի եւ առնչվող մարմինների։ Մեր վերաբերմունքի հետեւանքն է այն լճի հանդեպ, որ խմելու ջրի շտեմարան է, որ լուծում է նաեւ մեր՝ ձկով ապահովման եւ ոռոգման հարցերը։ Լիճ, որ կլիմագոյացնող նշանակություն ունի նաեւ, որ միջազգային կարեւորության տարածք է նաեւ, որ, ի վերջո, մեր կյանքի աղբյուրն է։ Լիճ, որ մեզ միայն տալիս է։ Եթե չգիտակցենք, որ մե՛ր տալու հերթն է, անդառնալի կորուստ կունենանք՝ աղետալի հետեւանքներով հանդերձ։ Նախ ինքներս պետք է արժանի լինենք Սեւանին, որն ազգային արժեք է եւ ռազմավարական պաշար։