«Երբ դպրոցում սովորում էի ջութակի դասարանում, իմ դասատուն ասում էր՝ երգիր, այսինքն՝ այնպես նվագիր ջութակի վրա, որ ասես երգում ես: Երբ հետագայում սկսեցի երգել, ուսուցչուհիս ասում էր՝ երգիր այնպես, ինչպես որ ջութակ կնվագես…
Սկզբում երգեցողությանը վերաբերվեցի որպես հոբբիի, որպես մի գեղեցիկ լրացման իմ կյանքում: Երգում էի ընկերական հավաքույթների ժամանակ, եւ երբ ընկերներս հորդորում էին երգել ավելի մեծ լսարանի առջեւ, ելույթներ ունենալ՝ երբեք չէի պատկերացնում, որ երգչուհի կդառնամ:
Շատ կարեւոր է ժամանակին Աստծո մեկնած ձեռքը վերցնելը…»:
Հասմիկ ՊԱՊՅԱՆ
Եթե շնորհն աստվածային է, ապա դրա լույսը պիտի ճառագի վաղ թե ուշ: Հասմիկ Պապյան օպերային անզուգական երգչուհու տաղանդի լույսը շռայլորեն սնուցանվելու էր Երեւանի մայր երաժշտանոցում՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, ապա օպերային երգեցողության բաժնում: Նրա դեբյուտը մայրաքաղաքի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում լուսառատ հորիզոններ էր նշագծելու՝ բեմական բոլոր շնորհներով փայլող հայուհին հրավիրվելու էր Բոննի եւ Դյուսելդորֆի օպերային թատրոններ որպես մեներգչուհի: Եվ այդ ժամանակներից սկսած ցոլալու էր նրա աստղը աշխարհի բազմաթիվ թատրոններում, այդ թվում աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում եւ համերգային սրահներում՝ Մետրոպոլիտեն օպերան եւ Կարնեգի հոլը Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյի օպերան, Վաշինգտոնի Ազգային օպերան, Միլանի Լա Սկալան, Փարիզի Բաստիլ օպերան, Բարսելոնի Լիսեու մեծ եւ Մադրիդի թագավորական թատրոնները, Լոնդոնի Վիգմոր Հոլլը, Վիեննայի պետական օպերան եւ Վիեննայի Մուսիկվերենը, Ամստերդամի Նիդեռլանդական եւ Ցյուրիխի օպերաները, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը, Մյունհենի, Շտուտգարտի, Համբուրգի, Դրեզդենի, Բեռլինի պետական օպերաները: Երգչուհին հանդես է եկել ամենատարբեր դերերգերով՝ Դոննա Աննա՝ Մոցարտի «Դոն Ջիովաննի», Նորմա՝ Բելլինիի «Նորմա», Մաթիլդա՝ Ռոսսինիի «Վիլհելմ Տելլ», Ռաքել՝ Հալեւիի «Ջհուդուհի», Միկաելա՝ Բիզեի «Կարմեն», Միմի՝ Պուչինիի «Բոհեմ», Մագդա՝ «Ծիծեռնակ», Տոսկա՝ «Տոսկա», Մադամ Բատերֆլայ՝ «Չիո-Չիո-Սան», Մարգարիտ, Ելենա՝ Բոյտոյի «Մեֆիստոֆել», Լիզա՝ Չայկովսկու «Պիկովայա դամա», Սենտա՝ Վագների «Թռչող հոլանդացին», Վերդիի տասներկու դերերը՝ Վիոլետա՝ «Տրավիատա», Դեզդեմոնա՝ «Օթելլո», Աիդա՝ «Աիդա», Լեոնորա՝ «Տրուբադուր», Ելիզավետա՝ «Դոն Կառլոս», Ելենա՝ «Սիցիլիական ժամերգություն», Ամելիա՝ «Սիմոն Բոկանեգրա», Լեդի Մակբեթ՝ «Լեդի Մակբեթ», Էբիգեյլ՝ «Նաբուկկո», Օդաբելլա՝ «Աթիլլա»… Խաղացանկային պատկառելի հունձք, որին 2009 թվականից ավելացել է Եղիսաբեթ Ա թագուհու դերը Դոնիցետտիի «Ռոբերտո Դեւերոյում»:
Հասմիկ Պապյանը մասնակցել է բազմաթիվ աշխարհահռչակ օպերային փառատոների, ելույթներ ունեցել եվրոպական երկրների մեծ մասում, Իսրայելում, Լիբանանում, Ճապոնիայում, Կանադայում՝ Տորոնտո, Մոնրեալ, Միացյալ Նահանգներում՝ Վաշինգտոն, Սան Ֆրանցիսկո, Դեթրոյթ, Բալթիմոր: Կատարումներ է ունեցել բազմաթիվ նշանավոր դիրիժորների հետ՝ Ռիկարդո Մուտի, Վալերի Գերգիեւ, Ժորժ Պրետրե, Միշել Պրասսո, Մարսելո Վիոտտի, Մաուրիցիո Արենա, Մյունգ Վհուն Չունգ,Գենադի Ռոժդեստվենսկի, Պլասիդո Դոմինգո, Լեոնարդ Սլատկին, Ջեյմս Մորիս, այլ դեմքեր: Հայաստանից դուրս իր ապրած տարիները «գործուղում» համարող մեծահամբավ արվեստագետը մենահամերգների ժամանակ առանձնակի ջերմությամբ է ներկայացրել Կոմիտասի, Տիգրան Չուխաճյանի, Արմեն Տիգրանյանի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի, Բարսեղ Կանաչյանի, հայ հայտնի այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: 2006-ին թողարկել է թվային ձայնասկավառակ Կոմիտասի 36 երգերով, դրանց թվում՝ գերմանական պոեզիայով գրված 9 երգերը, որոնք կատարվել են առաջին անգամ:
Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստուհու ծննդյան օրն է, ծնունդ, որ օրհնյալ է ու ազգաշահ: Իր երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ աշխարհահռչակ սոպրանոյին բեմական նոր նվաճումներ մաղթենք ու երգարվեստի երկնակամարում երբեւէ հոգնություն չունեցող ճախրանքի ծարավ թեւեր…