Ծովատեղ հինավուրց բնակավայրում Արցախի հնագետներն ու պատմաբանները ձեռնամուխ են եղել Մելիք Փաշայանցի տոհմին վերագրվող դամբարանի պեղումներին եւ ուսումնասիրություններին: Ըստ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմական միջավայրի պետական պահպանության ծառայության տնօրեն Արմինե Հայրապետյանի՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո նման աշխատանքներ առաջին անգամ են կազմակերպվում հանրապետության տարածքում:
«Երբ ուսումնասիրման նպատակով հերթական անգամ այցելեցինք գյուղի հին գերեզմանոց եւ փորձում էինք բնակիչներից «հավելյալ տեղեկություններ» ստանալ Կարմիր եկեղեցու մասին, նրանք ուշագրավ պատմություններ եւ ավանդազրույցներ պատմեցին հին պատմավայրի եւ մասնավորապես՝ եկեղեցու վերաբերյալ,- ասում է Արմինե Հայրապետյանը:- Նրանց հավաստմամբ՝ «եկեղեցին կառուցվել է Մելիք Փաշայանցի դամբարանի վրա»: Ընդ որում՝ ծովատեղցիների պնդմամբ, Աստծո տան «հարավային պատի կողմից բացված խոշոր անցքը տանում է դեպի նկուղ», որտեղ առկա են վաղ շրջանի բազմաթիվ խաչքարեր, խեցիներ եւ կենցաղային հին իրեր»:
Ուշագրավ է, որ Ծովատեղի Կարմիր եկեղեցու եւ Մելիք Փաշայանցի հին դամբարանին իր «Արցախ» աշխատությունում անդրադարձել է եւ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը, ով, ի դեպ, ընդգծում է, թե Մելիք Փաշայանցի Մելիքական կենտրոնը ժամանակին Վարանդայի ամենախոշոր Մելիքական կենտրոնն է եղել: Մ. Բարխուդարյանցը գրքում նաեւ հիշատակում է եկեղեցու խորանում գտնվող խաչքարերի եւ տապանաքարերի մասին՝ շեշտելով հուշարժան եկեղեցու հյուսիսային հատվածի խաչքարերից մեկի ներքեւի մասում՝ հոգեւորականի հագուստով մարդու պատկերի ինքնատիպությունը: Արշավախմբի մասնակիցների համոզմամբ՝ խոսքը տվյալ դեպքում վերաբերում է Սահակ եպիսկոպոսին, ում մասին աշխատության մեջ ընդգծում է Մ. Բարխուդարյանցը:
Հնագետներն առայժմ դամբարանի «մուտքին» չեն հասել, բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե որոնողական աշխատանքները կարող է «ընդմիջվեն»: Այս օրերին արշավախումբը Արցախի պետական համալսարանի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Վարդգես Սաֆարյանի գլխավորությամբ շարունակում է պեղումները, եւ նորանոր անակնկալներ են ի հայտ գալիս… Ուսումնասիրություններից ենթադրվում է, որ Ծովատեղի բազիլիկ եկեղեցին կառուցվել է 1621 թ.: Որոշ գիտնականներ ավելի վաղ շրջանի են վերագրում այն: Եկեղեցու խորանում արշավախմբի անդամները պեղումների ընթացքում հանդիպել են եւ խաչքարերի բեկորների: Իսկ դա նշանակում է, որ որոշ բախտախնդիրներ, ինչ որ ժամանակաընթացքում, հավանաբար, թանկարժեք իրեր գտնելու մոլուցքով «ներս են խուժել» եկեղեցի եւ իրենց սեւ գործն արել այնտեղ: Հիշյալ հետքերը հենց այդ մասին են վկայում: Այդ առնչությամբ իր մտահոգությունները չի թաքցնում Վ. Սաֆարյանը: Կարծիք հայտնելով խորանում գտնվող խաչքարերի վերաբերյալ՝ նա այն համոզմունքն ունի, որ այդ հնությունները հնագիտական արժեքներ են: Դրանք 16-17-րդ, իսկ որոշները 13-րդ դարի բացառիկ կերտվածքներ են եւ ուսումնասիրության կարիք ունեն:
Ինչպես պատմական միջավայրի պետական պահպանության կենտրոնի պատասխանատուներն են հավաստիացնում, Մելիք Փաշայանցի տոհմական դամբարանի հայտնաբերման ուղղությամբ որոնումներն արշավախումբը մտադիր է շարունակել: Եկեղեցու տարածքում հնագետներն այս օրերին մեծ ակտիվությամբ են աշխատում: Ինչ վերաբերում է Կարմիր եկեղեցում հայտնաբերված հնություններին, ապա դրանք խնամքով հաշվառվում, գրանցամատյան են մտցվում: Հատկանշական է, որ յուրաքանչյուր հուշարձանի, անգամ փոքր բեկորների վրա հայկական արձանագրություններ են արված: Ճարտարապետ Մանվել Սարգսյանը վստահ է, որ եկեղեցին կառուցվել է դամբարանի վրա, եւ որոնումների արդյունքները կարդարացնեն արշավախմբի անդամների ակնկալիքները: Բազիլիկ եկեղեցին, որ, իր հերթին, աչքի է ընկնում հետաքրքիր ավանդույթներով, նրա համոզմամբ՝ որպես կացարան է ծառայել հոգեւորականների համար: Արշավախմբի անդամների համար դեռ շատ գտածոներ լրացուցիչ վերծանման կարիք ունեն: Իսկ դա հնարավոր կլինի միայն պեղումները շարունակելու եւ որոնողական աշխատանքներն ավարտին հասցնելու դեպքում: