ՌԴ հեռավոր արեւելքում՝ Վլադիվոստոկում էին ՀՀ-ն ներկայացնող երկու բարձր պատվիրակություն՝ քաղաքական եւ ռազմական: Այստեղ սեպտեմբերի 1-7-ը ՌԴ Արեւելյան ռազմական օկրուգի յոթ զորավարժարանում անցկացվեցին «Արեւելք-2022» ռազմավարական զորավարժությունները։ Վարժանքներին մասնակցում էր ավելի քան 50 հազար մարդ, 5 հազար միավոր սպառազինություն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների զինծառայողների ներկայացուցիչները լիարժեքորեն ներգրավված էին զորավարժություններին: Դրանց ժամանակ համատեղ գործողություններ են մշակվել ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի անդամ երկրների եւ այլ պետությունների հետ:
Վլադիմիր Պուտինը Պրիմորիեի Սերգեեւսկի զորավարժարանում դիտել էր «Վոստոկ-2022» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլը։ Վերջինս այնտեղ էր ժամանել «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին ներկա գտնվելու համար, որին մասնակցեց նաեւ ՀՀ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Ուկրաինական հակամարտության ֆոնին սպասելի էր, որ ՌԴ-ի նախաձեռնած միջոցառումների հիմքում անվտանգային հարցերն էին լինելու, եւ այդ առումով բազմազգ զորավարժությունները հիմնական ցուցիչն էին:
Համաժողովի միջոցառումներն ավանդաբար անցկացվում են պանելային նիստերի, կլոր սեղանների, հեռուստաբանավեճերի, գործարար նախաճաշերի եւ գործարար երկխոսությունների ձեւաչափերով, որոնք վերաբերում են աշխարհի տարբեր երկրների հետ Ռուսաստանի հարաբերություններին: Ֆորումի գործարար ծրագիրը ներառում է բիզնես երկխոսություններ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար երկրների, ինչպես նաեւ Հարավարեւելյան Ասիայի արագ զարգացող երկրների առանցքային ինտեգրացիոն խմբի հետ:
Ելույթ ունենալով համաժողովի լիագումար նիստում՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե Հայաստանն ինչ առնչություն ունի արեւելյան երկրների համագործակցության ձեւաչափում: Նա հայտնեց, որ ՀՀ-ն Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ ճանապարհների խաչմերուկում է, ինչի շրջանակներում հիշատակեց մեր երկրում Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ծրագիրը: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաեւ արեւելքից արեւմուտք եւ հակառակ ուղղությամբ Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացման հեռանկարի մասին՝ շեշտելով, որ խնդիրն այն է, թե ինչ իրավական կարգավորումներ են գործելու Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներով բացվող ճանապարհների համար եւ ընդգծեց դրանց՝ տվյալ երկրների իրավական կարգավորումների ներքո գործելու առաջնահերթությունը:
«Այդ ծրագիրը տրամաբանորեն անվանում ենք «Հայկական խաչմերուկի» ծրագիր»,-հայտարարեց ՀՀ վարչապետը եւ պարզաբանեց, որ այն Արեւելյան եւ Միջին Ասիաներից դեպի արեւմուտք, ինչպես նաեւ Եվրասիա աշխարհամասի հյուսիսային պետությունները հարավայիններին միացնող հաղորդակցության ուղիների կենտրոնում է:
Համաժողովի հիմնական համատեքստի՝ անվտանգային հարցերի շրջանակներում ՀՀ վարչապետն ասաց, որ ներկա աշխարհաքաղաքական տեղաշարժերի պայմաններում երկրների առջեւ խնդիր է դրված, թե ինչպես կարգավորել սպառնալիքները եւ տեսնել ու օգտագործել հնարավորությունները, որոնք իրենց հետ բերում են ճգնաժամերը:
Անվտանգության հարցերում տարածաշրջանային մարտահրավերներին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այն ժամանակ, երբ ՀՀ-ի ռազմավարական գործընկերոջ ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի ուղղությամբ, կա մտահոգություն, որ այն կարող է բերել մեր տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման»: Նա հույս հայտնեց, որ ՌԴ-ի ու մյուս գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանան կառավարել եւ տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության տակ, ինչը շատ կարեւոր է նաեւ գլոբալ անվտանգության համար:
«Կան ուժեր, որոնք կարծում են, թե Ռուսաստանը, որը համարվում է տարածաշրջանի անվտանգության առանցքային գործոն, շատ է զբաղված ուկրաինական խնդրով, եւ այն կարելի է օգտագործել որպես հարմար պահ՝ իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ հավելեց, որ այդ ուժերը նաեւ Մոսկվայում ջանում են Հայաստանի կառավարությունը ներկայացնել որպես արեւմտամետ, իսկ Եվրոպայում՝ որպես ռուսամետ, ինչով էլ հիմնավորել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման փորձերը:
Անդրադառնալով տնտեսական անվտանգության խնդիրներին՝ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ մեր երկրում արձանագրվել է զգալի տնտեսական աճ, եւ Հայաստանը նպատակադրվել է այս տարվա ավարտին այն հասցնել 7 տոկոսի՝ շեշտելով, որ ԵԱՏՄ-ն այս կոնկրետ իրավիճակում իրեն արդարացրել է, որովհետեւ այդ արդյունքներին Հայաստանը հասնում է նաեւ այն ազատության շնորհիվ, ինչն ապահովում է այդ միությունը:
Լիարժեք ներկայանալով արեւելյան պետությունների համաժողովին եւ այն ուղեկցող զորավարժություններին՝ Հայաստանը փաստեց իր պատրաստակամությունը՝ լիարժեքորեն ընդգրկվել նաեւ համագործակցության այդ ձեւաչափում՝ ակնարկելով Եվրասիա աշխարհամասի արեւմտյան երկրների հետ կապող կամրջի վերածվելու իր ցանկության եւ առարկայական հնարավորությունների՝ աշխարհագրական դիրքի մասին: