Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հանրապետությունում բնակարանային խնդիրն ավելի սուր բնույթ է ստացել: Բնակարանի կարիք ունեցող պաշտպանության բանակի զինծառայողների, զոհված եւ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին ու մյուս շահառուներին միացել են նաեւ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետեւանքով մշտական բնակավայրերից տեղահանված հազարավոր նոր ընտանիքներ, որոնք ժամանակավոր ապահովվել են կացարաններով՝ մինչեւ սեփական տանիք կունենան: Նրանց մի մասը հաշվառվելով ԱՀ բնակարանային հարցերով կոմիտեի հերթացուցակում՝ տուն կունենա մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջկենտրոններում կառուցվող բազմահարկ շենքերում, իսկ մյուսները բնակարանի բանալիներ կստանան գյուղական բնակավայրերում, որտեղ նրանց կտրամադրվեն տիրազուրկ ճանաչված հիմնանորոգված տները:
Գործընթացը մեկնարկել է 2021 թ. եւ թափ է առել ընթացիկ տարում: Չնայած կարիքավորների թիվը չափազանց մեծ է, սակայն մարդիկ չեն վհատվում, համոզված են, որ իրենց հերթն էլ մի օր կգա, եւ անպայման օրինավոր պահանջը կիրականացվի: Դրանում վստահեցնում է բնակարանային հարցերով կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը, ով համակարգում է շահառուների հերթագրման եւ բնակարանների տրամադրման հետ կապված աշխատանքները: Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում Արցախում բնակարանով ապահովվել է շուրջ 1000 ընտանիք: 377-ը ստացել է նորակառույց բնակարան բազմահարկ շենքերից, իսկ մյուսներին տրամադրվել են տիրազուրկ ճանաչված տների բանալիներ: «Մինչեւ տարեվերջ եւս 600 ընտանիքներ կբավարարվեն հարմարավետ բնակարաններով,- ասում է կոմիտեի նախագահը:- Ընդ որում՝ շահառուների մեծ մասը նախընտրում է բնակություն հաստատել շրջաններում: Այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ հաշվի է առնվել գյուղական բնակավայրերում հաստատվելու նրանց խնդրանքը»:
Հատկանշական է, որ առաջնահերթ բավարարվում են առավել սուր կարիք ունեցող ընտանիքների պահանջները: Ըստ որում՝ ծրագիրն իրագործվում, եւ բնակարանները շահառուներին են տրամադրվում «բալային կարգով»: Իսկ ինչպես տեղեկացնում են հանձնաժողովի անդամները, բալայինի ամենաբարձր շեմը 25 միավորն է: Ասել է թե՝ այդ շահառուներն օժտված են մի շարք արտոնություններով: Նրանք, բնականաբար, «Արցախի հերոսներն» են, շքանշանակիր զինծառայողները, ինչպես նաեւ՝ հաշմանդամ դարձած ազատամարտիկները, տեղահանված բազմազավակ ընտանիքները: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նոր բնակարանների բանալիների հետ մեկտեղ նրանց տրամադրվում են կահույքի ձեռք բերման վկայագրեր՝ շահառուներին հնարավորություն ընձեռելով ազատ ընտրություն կատարել:
Ըստ պարոն Մանգասարյանի՝ գալիք տարում նախատեսվում է միայն Ստեփանակերտ քաղաքում շահագործել 1300 նորակառույց բնակարան: 2023-ին շրջաններում բնակարաններով (տներով) կբավարարվեն շուրջ 1500 ընտանիքներ: Ծրագրից կօգտվեն եւս 1000 ընտանիքներ: Անդրադառնալով շինաշխատանքների որակին՝ նա ավելորդ չհամարեց ընդգծել, որ մասնագետների կողմից վերահսկվում է կառուցման ողջ գործընթացը, եւ շենքերը շահագործման են հանձնվում բացառապես սեյմսակայուն ճանաչվելու դեպքում: Հենց այդ չափանիշների պահպանումն էլ հիմք է դժգոհությունները բացառելու համար:
Իսկ ինչպե՞ս է բնակարանամուտ նշած անձանց, ընտանիքների տրամադրությունը: Նրանց գոհացնո՞ւմ են, արդյոք, բնակարանային (կենցաղային) պայմանները: Պահեստազորի սպա Արարատ Բալասանյանի ընտանիքը, որ վերջերս է 5 սենյականոց բնակարան ստացել, հուզմունքը չի թաքցնում: Երկար է սպասել իր հերթին: Ու երբ տանտիրոջը տեղեկացրել են տան բանալիներն ու վկայագիրը ստանալու մասին, անակնկալ է եղել: Պետական միջոցներով արագ կահավորվել է բնակարանը, եւ բազմազավակ ընտանիքն իսկույն տեղափոխվել է նորակառույց շենք՝ հարեւանների հետ միասին կիսելու ուրախությունը: Պահեստազորի սպայի երկու որդիները նույնպես զինվորականներ են ու մասնակցել են արցախյան երկրորդ եւ երրորդ պատերազմներին: Հայրը՝ Արարատ Բալասանյանը, ասում է՝ ժամանակը կգա, տղաներն էլ առանձին բնակարաններ կստանան (երկուսն էլ հերթագրված են). «Միայն խաղաղություն հաստատվի Արցախ աշխարհում, ու երեխաներն այլեւս պայթյուն չլսեն, պատերազմի երես չտեսնեն»:
Աննա Ավանեսյանը Շուշիից է մազապուրծ Ստեփանակերտ հասել երեխաներով: 5 զավակների մայր է: Անչափ գոհ է հրաշալի բնակարան ստանալու համար: Սակայն իր խոսքով՝ «սիրտը հանգիստ չի», դեռ մտավախություններ ունի. «Արցախի կարգավիճակը անորոշ է մնում, իսկ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել հայերի վերաբերյալ, վիրավորել մարդկանց արժանապատվությունը»:
Մարդիկ ապրում, արարում են տագնապի մթնոլորտում՝ չկորցնելով հարազատ Արցախում կայունություն եւ խաղաղություն հաստատելու հույսն ու հավատը: Որքան էլ որ դաժան լինի ճակատագիրը, նրանք պատրաստ են մաքառել ու տեր կանգնել մայր հողին, որ որդիների արյամբ է շաղախված, եւ այն լքելը դավաճանություն կհամարվի…