«Ծանոթ չեմ շատ հայերի, բայց նրանք, որոնց հետ առիթ եմ ունեցել ծանոթանալու, հիանալի մարդիկ են՝ նման իմ ժողովրդի բարի մարդկանց: Նրանցից մեկը Բաբկեն Սիմոնյանն է: Միշտ ուրախ եմ նրան հանդիպելիս: Նա ինձ հիշեցնում է իր ժողովրդի ճակատագիրը, որը նման է սերբականին, հիշեցնում է իր երկրի գեղեցկությունը, որն առիթ եմ ունեցել տեսնելու, հիշեցնում է իրեն հարազատ Արարատը, ինչպես մեր Շարը, որն օտարներն աստիճանաբար խլում են մեզնից: Եղեք երջանիկ, հավատարիմ մնացեք ձեր ժողովրդին…»:
Դեսանկա ՄԱՔՍԻՄՈՎԻՉ
Սերբ անվանի բանաստեղծուհի
Սակավաթիվ բանաստեղծներ կան, ովքեր նույնչափ սիրված ու ճանաչված կարող են լինել որեւէ այլ երկրի ու ժողովրդի համար, ինչպես մայր հայրենիքում: Այդպիսին լինելու պայմանը մեկն է՝ սրտում ունենալ երկու հայրենիք, հավասարապես կիսել երկուսի ցավն ու ուրախությունը, խինդն ու տառապանքը: Մեզանում այդ բախտը վիճակվել է բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանին, որի ծննդյան 70-ամյա հոբելյանը՝ մասնակցությամբ Հայաստանում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի, արժանվույնս նշվեց մայրաքաղաքի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:
Բանաստեղծի վաստակի, անցած գրական ճանապարհի մասին խոսք ասաց թանգարանի տնօրեն, գրականագետ Վահագն Սարգսյանը՝ հոբելյարին բնութագրելով որպես հայրենաբաղձության, կորսված էրգրի կարոտով ու վերադարձի հույսը անթեղած մտավորական, ով անժխտելի ներդրում ունի նաեւ հայ եւ սերբ ժողովուրդների բարեկամության սերտացման, թարգմանաբար նրանց գրականության փոխադարձ հարստացման գործում: Գրականագետի ելույթից հետո պատահական չէր հանդիսավար Գայանե Սամվելյանի շուրթերով հնչեցրած մեծ հայուհու՝ Սիլվա Կապուտիկյանի գնահատանքի խոսքը. «Իսկական հայրենասերը նա է, ով իր կյանքով ու գործով ավելացնում է հայրենի ժողովրդի բարեկամների թիվը: Բաբկեն Սիմոնյանն այդպիսի հայրենասեր է: Նրա այդպիսին լինելուն օգնում է իր ջերմ, բանաստեղծական սիրտը, բարձր գաղափարներին նվիրվելու նրա հատկությունը: Այդ իմաստով Հայաստանի եւ Սերբիայի բախտը բերել է, որ Սիմոնյանի պես նվիրյալ ունեն, որն իր սրտագին աշխատանքով նորոգում է սերբ եւ հայ ժողովուրդների դարավոր հոգեհարազատությունը…»:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը փոքր-ինչ ավելի հանգամանորեն անդրադարձավ հոբելյարի հատկապես հայրենասիրական, քնարական ստեղծագործություններին: Առանձնակի հիացմունքով վերհիշեց բանաստեղծի «Ես գիտեմ՝ ով եմ ես» հիրավի հայրենաշունչ ու խտապատկեր ստեղծագործությունը՝ այն համարելով դասագրքային եւ դպրոցական ձեռնարկներում ներառելու արժանի:
Ելույթները մեկընդմեջ զուգորդվում էին տեսանյութերով, բանաստեղծությունների մատուցումով, Բաբկեն Սիմոնյանի տեքստերով գրված-ձայնագրված երգերի հնչեցումով ու կենդանի կատարումներով: Գնահատանքի ու մեծարման խոսքերը շատ էին: Հիշատակենք դրանցից եւս մեկը. «Սիրելի Բաբկեն, երբ կարդում եմ քո պոեզիան,- գրել է սերբ անվանի բանաստեղծ Լյուբոմիր Չորիլիչը,- զգում եմ, որ նույն ցավն ես ապրում, ինչպես մեր Շանտիչը կամ սերբական Հոմերոսը՝ Վիշնիչը: Դու էլ պարուրված ես երկրային եւ երկնային ցավերով: Կյանքի ու հայրենիքի հանդեպ ընդհանուր ցավ ու սեր կա մեր միջեւ, որն արտահայտված է սերբ շատ բանաստեղծների մոտ: Իմ խորին համոզմամբ, քո պոեզիան վաղուց է դարձել սերբական գրականության անբաժան մասը: Դու քո արժանի տեղն ունես ոչ միայն հայ, այլեւ սերբական գրականության մեջ…»:
Միջոցառումը հագեցած էր նաեւ բանաստեղծական փնջերի ասմունքով: Ուշագրավ էր հատկապես ասմունքի վարպետ, երջանկահիշատակ Վլադիմիր Աբաջյանի՝ տեսանկարահանված պատառիկը՝ բանաստեղծի մի քանի գործերի կատարումով:
Հոբելյանական երեկոյին ծավալուն ելույթով հանդես եկավ ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազորվ դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը: Ողջունելով ներկաներին՝ նա ասաց. «2019-ին, երբ գալիս էի Երեւան, Բաբկենի մասին գովեստի բազմաթիվ խոսքեր էի լսել սերբական լրատվամիջոցներից եւ Սերբիայի արտաքին գործոց նախարարությունից: Դեկտեմբերին, Երեւան այցելելուց հետո, երբ մենք ծանոթացանք, Բաբկենը մի տեսակ դարձավ դեսպանության անբաժան մասը եւ մեծ չափով օգնեց ինձ Հայաստանում դեսպանություն բացելու գործում»:
Այնուհետեւ դեսպանն անդրադարձավ բանաստեղծի նվիրական գործունեությանը սերբական գրականության հայացման գործում. «Բաբկենը թարգմանել է սերբ անվանի գրողներ Վուկ Կարաջիչի, Պետար Պետրովիչ Նեգոշի, Նոբելյան մրցանակակիր Իվո Անդրիչի, Բրանիսլավ Նուշիչի, Դեսանկա Մաքսիմովիչի ստեղծագործությունները: Ես նշեցի նրանցից մի քանիսի անունները միայն… Նրա ուշադրությունից զերծ չեն եղել սերբ ժողովրդի պատմությունն ու տառապանքները, հատկապես Սերբիայի հարավային մարզում՝ Կոսովոյում եւ Մետոխիայում, որը սերբական քրիստոնեության բնօրրանն է… Մեր երկու երկրների մերձեցմանը մատուցած ծառայությունների համար Սերբիան Բաբկենին բազմիցս պարգեւատրել է: Նա Սերբիայի Հանրապետության ոսկե մեդալի եւ բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր է: 2006-ին նշանակվել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս, իսկ 2019-ին ստացել է Սերբիայի Հանրապետության քաղաքացիություն: Սերբիան դարձել է նրա երկրորդ հայրենիքը…
…Եվ վերջում երկու մեջբերում անեմ, որոնք լավագույնս կարող են բնութագրել Բաբկենին: Մեկն ասել է հռոմեացի բանաստեղծ Հորացիոսը՝ նկատի ունենալով իր ստեղծագործությունները. «Ես կանգնեցրի բրոնզից ավելի հարատեւ հուշարձան»: Այդպես էլ Բաբկենը հավերժին է պահ տալիս իր ստեղծագործությունները: Երկրորդը լսել եմ Սերբիայի արտաքին գործոց նախարարության իմ գործընկերոջից, ով կեսկատակ ասել է. «Եթե չլիներ Բաբկենը, նրան պետք էր հորինել…»:
Դեսպանը շնորհավորեց եւ շնորհակալություն հայտնեց բանաստեղծին՝ մաղթելով նրան նոր ձեռքբերումներ:
Միջոցառման ավարտից առաջ գեղեցիկ անակնկալ մատուցեց Սերբիայից ժամանած «Սմեդերեւյան բանաստեղծական աշուն» պոեզիայի միջազգային փառատոնի տնօրեն, նաեւ սքանչելի երգիչ Միլյան Գուբերինիչը՝ ձեռքին ունենալով Բաբկեն Սիմոնյանի՝ Սերբիայում նոր հրատարակված երկլեզվյա՝ «Աղոթք» խորագրով ժողովածուն: Փառատոնի եւ սերբ ժողովրդի անունից շնորհավորելով վաստակաշատ սերբագետին, նա ասաց. «Համոզված եմ, որ Դուք մեզ հետ կլինեք այնքան ժամանակ, որքան կպահանջվի գրել պոեզիայի եւս 13 գիրք եւ 900 ուղեգրություն, էսսե, կատարել թարգմանություններ, քանի որ Դուք այժմ Ձեր ուժերի բարձունքում եք, իսկ բարձունքից մինչեւ վերջ պահանջվում է նույնքան, որքան մինչեւ գագաթնագետ…»:
Երկժայա միջոցառումը, որը գեղեցկացավ նաեւ սերբական երգերով, ամփոփեց բանաստեղծը՝ ասմունքելով Չարենցի անմահ «Ես իմ անուշ Հայաստանի»-ին՝ սերբերեն իր թարգմանությամբ: Նա շնորհակալություն հայտնեց պատվարժան դեսպանին, նորընծա «Աղոթք» գրքի սերբ հրատարակիչներին, թանգարանի տնօրինությանը, ներկաներին: