«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահ» խորագրի հյուրն է ժողովրդական արտիստ, ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Հարցին, թե ինչն իրեն բերեց հայ երգարվեստի կախարդական աշխարհ եւ որ հասակից, սիրված երգիչն արձագանքեց. «Մանկուց, օրորոցից… Ես երեխա ժամանակ քնում էի տատիկիս ծոցում: Տանեցիներն առավոտյան վաղ էին արթնանում, որպեսզի հասցնեն անասուններին ուղարկել արոտ, կարգի գցեն տնային առօրյա գործերը: Բայց մինչեւ վերկենալը, անկողնում նստած, աղոթք էինք անում եւ «Հայր մեր»-ից հետո երգում «Առավոտ լուսո»-ն: Ամեն առավոտ լսելով դրանք՝ որոշ չափով անգիր էի անում, փորձում ձայնակցել իրենց, արտասանել «Հայր մերը»: Նույնն էլ աշուղական արվեստի առումով. տատիկս հրաշալի տիրապետում էր աշուղական արվեստին, աշուղական հեքիաթներ էր պատմում մեզ՝ մեջընդմեջ երգելով: Էդ տարիքից էլ մեջս սեր արթնացավ այդ սքանչելի արվեստի հանդեպ»:
Երգիչն այնուհետեւ վերհիշեց Թբիլիսիում անցկացրած դպրոցական տարիները՝ գիտակցական կյանք, երբ ամեն օր ժամը հինգ անց կեսին հայկական ռադիոն ժողովրդական ու գուսանական երգերով ուրախություն էր պարգեւում վրաց մայրաքաղաքի հայ ունկնդրին, եւ ինքը շտապում էր վայելելու Արաքսյա Գյուլզադյանի, Օֆելյա Համբարձումյանի, Վաղարշակ Սահակյանի, Շողիկ Մկրտչյանի անզուգական կատարումները. «Եվ ես համակ ուշադրությամբ ունկնդրում էի նրանց կատարումները, սակայն մտքիս ծայրով անգամ չէր անցնում, որ մի օր կարող եմ այդ մեծերին անձամբ տեսնել, ճանաչել ու շփվել նրանց հետ…»:
Բայց գալու էին այդ ժամանակները, եւ Թովմաս Պողոսյան տաղանդավոր երգիչը մեծարանքի ու երախտագիտության խոսքերով էր վերհիշելու նրանց, ովքեր կարեւոր դերակատարում են ունեցել երգչի իր կայացման գործում. «Վաղարշակ Սահակյանը, իմ կարծիքով, հայ աշուղական արվեստի ամենամեծ մեկնաբանն է, ամենասքանչելի երգիչը, որի հետ բախտ ունեցա մեկ տարի աշխատելու՝ 1971-1972 թվականներին: Ոչ միայն նա է իմ կյանքում մեծ դեր ունեցել, այլ նաեւ Արզաս Ոսկանյանը, պրոֆեսոր Մարգարիտ Բրուտյանը, ծնողներս, տատիկս, պապիկս եւ էլի շատ թանկ ու հարազատ մարդիկ: Թող ներեն, ում անունները չհիշատակեցի…»:
Թովմաս Պողոսյանը վերհիշեց նաեւ այն օրերը, երբ Արզաս Ոսկանյանի, Մարգարիտ Բրուտյանի առաջարկով եւ հորդորներով ինքն ընդունվում է մայր երաժշտանոց, որտեղ նոր էր բացվել հայ երգեցողության դասարանը. «Ինձ համար ուսանող դառնալու առաջարկն անակնկալ էր, որովհետեւ արդեն ամուսնացած էի, ունեի երկու երեխա, արդեն սովորել էի Էջմիածնի ճեմարանում, ստացել էի բանասերի բարձրագույն կրթություն… Մարգարիտ Բրուտյանն ինձ ասաց. «Տղաս, չշտապես պատասխանել, մեկ շաբաթ քեզ ժամանակ՝ կմտածես, կգաս, կպատասխանես»: Մեկ շաբաթ հետո հանդիպեցինք, եւ ես ասացի՝ այո: դա 1980-ին էր, եւ ես դարձա Արզաս Ոսկանյանի առաջին տղա ուսանողը: Ինձանից առաջ ընդունել էին Մարգարիտ Շահինյանին, երկրորդ ուսանողն այդ դասարանում ես էի»:
Նշենք, որ Թովմաս Պողոսյանը բանասիրականում ուսանելու տարիներին երգել է Վանաձորի «Հորովել» ազգագրական երգի-պարի պետական անսամբլում, իսկ կոնսերվատորիա ընդունվելու տարում, Էմմա Ծատուրյանի առաջարկով, անդամագրվել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլին:
«Հյուրասրահի» պատվարժան հյուրին տարբեր հարցեր ուղղվեցին, դրանցից մեկը վերաբերում էր հանճարեղ Ջիվանուն. «Բնորոշեմ մեկ բառով՝ մարգարե: Ջիվանին հայ ժողովրդի մարգարեն է, մարգարե, ով ապրեց իր ժողովրդի տառապանքներով, իր ժողովրդի վերելքներով ու վայրէջքներով, իր ժողովրդի պատմությամբ եւ մեզ ցույց տվեց ճիշտ ապրելու, մեր ապագան ճիշտ կերտելու ճանապարհը: Տեսեք, ես նրան մարգարե անվանեցի եւ հիմա միայն մեկ բան ավելացնեմ. 1905 թվականի ապրիլի 24-ին գրել եւ գուշակել է մեր մեծ եղեռնը՝ դրանից տասը տարի առաջ: Եթե մարգարե չէ, ապա ո՞վ է…Իսկ մարգարեն այն մարդն է, ում բերանով խոսում է Աստված…»:
Երգիչը խոսեց նաեւ իր դոկտորական աշխատանքի՝ «Ջիվանի. անհայտ երգեր» գրքի մասին, որում ամփոփված են 400-ից ավելի ստեղծագործություններ. «Այս գրքի վրա աշխատել եմ շուրջ քսան տարի,- ասաց նա եւ շարունակեց.- միայն գիրքը չէ, ու այդ երգերը չեն. այստեղ կազմել եմ Ջիվանու ողջ ժառանգության մատենագիտությունը, թե աշուղի որ երգը որ թվականին է գրվել, ինչ ձեռագիր աղբյուր կա, որ թվականին է հրատարակվել, որ գրքի որ էջում: Կարո՞ղ եք երեւակայել, թե որքան ժամանակ եւ ջանքեր է պահանջել այս աշխատանքը, որին նվիրեցի կյանքս, եւ որը դարձավ իմ դոկտորականի պաշտպանության առարկան»:
Ասենք, որ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ, որի ղեկավարն է Թովմաս Պողոսյանը, սկզբնավորվել է սքանչելի մի մատենաշար՝ «Գանձարան հայ աշուղական երգերի» խորագրով: Այդ առնչությամբ վաստակաշատ երախտավորն ասաց. «Առաջին հատորը Սայաթ-Նովան է, լույս է տեսել 2012-ին, մեծ բանաստեղծի 300-ամյակի առիթով: Այդպես տարեկան մեկ կամ երկու գիրք ենք հրատարակել: Այժմ տպարանում է մատենաշարի 12-րդ հատորը՝ «19-րդ դարի հայ աշուղներ»-ի երկրորդ գիրքը: Նույն խորագրով լինելու է նաեւ երրորդ գիրքը՝ ներկայացվելիքը շատ է: Հետո տպագրելու ենք 20-րդ դարի աշուղների գանձարանները: Մենք արդեն հրատարակել ենք Շերամ, Սազայի, Դվալի Մկրտիչ, Հավասի, Աշոտ, Շահեն եւ էլի աշուղների: Ասեմ, որ այս մատենաշարը հայ իրականության մեջ աննախադեպ երեւույթ է, հիրավի, գանձարան հայ աշուղական երգերի»:
Խոսելով իր ղեկավարած վաստակաշատ անսամբլի մասին՝ Թովմաս Պողոսյանը նշեց, որ այն երիտասարդ, լավ ու կայացած երգիչների խնդիր չունի, իսկ հներից ինքն է, աշուղ Րաֆֆին, երաժիշտ Վարդանը, քիչ ավելի հներից՝ Արտակը, Անանիան, ուրիշներ: Չմոռացավ նաեւ Ջիվանու անվան աշուղական դպրոցի մասին, որն ազգանվեր առաքելության է կոչված. «Հիմա ունենք տասնչորս դասարան՝ միջին թվով շուրջ 150 աշակերտով: Եվ այդպես՝ ամեն տարի: Այս տարի դպրոցի 25-ամյակն ենք նշելու: Այդ տարիների ընթացքում ունեցել ենք 2000-ից ավելի պատանիներ ու աղջիկներ, որոնցից ոմանք արդեն անուն հանած երգիչներ են՝ Սեւակ Ամրոյան, Արմեն Դավթյան, Հայկուհի Բաբախանյան, Հայկ Մխոյան, Ռազմիկ Բաղդասարյան ու էլի շնորհալի կատարողներ: Կարճ ասած՝ այսօրվա հայտնի երգիչների կեսից ավելին Ջիվանու դպրոցով անցածներ են…»:
Հյուրընկալված արվեստագետը չմոռացավ Ջիվանու օրերը հայահոծ Ջավախքում, որտեղ տասնյակ անգամներ հանդես է եկել իր ղեկավարած անսամբլով: Նաեւ Սայաթնովյան վարդատոնին անդրադարձավ, որին մասնակցել են մշտապես, բացի վերջին երկու տարիներից, երբ մարդկությանը պատուհասած համավարակը արգելափակեց ամեն ինչ. Վերջին անգամ Վրաստանում եղանք այս տարի, նաեւ Ջիվանու ծննդավայր Կարծախ գյուղում՝ անմահ աշուղի հիշատակի օրը: Ասեմ, որ Ջավախքի, Թբիլիսիի հայությունն աներեւակայելի ջերմությամբ է ընդունում մեր յուրաքանչյուր այց: Կարծախին մոտենալիս, երբ անսամբլով իջնում են կամրջի վրա, գյուղում ցնծություն է՝ մայր հայրենիքից այցելել է «Սայաթ-Նովա» անսամբլը: Ժողովուդը մոտենում-ծափահարում է, մինչեւ հասնում ենք մեյդանի հրապարակ: Էլ չեմ ասում՝ քաշում են, գրկում-համբուրում են մեզ: Այդ ամենին մասնակցել-տեսնել ու զգալ է պետք…»:
Վերջում հավելենք, որ Սայաթնովյան վարդատոնը, Թովմաս Պողոսյանի նախաձեռնությամբ, նշվում էր նաեւ այստեղ՝ մայրաքաղաք Երեւանում: Դրանք եւս սահմանափակվեցին նույն համավարակի, նաեւ վերջին պատերազմի պատճառով: Այսպես ամփոփվեց հանդիպումը ժողովրդական արտիստի հետ…