«Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ։ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին եւ նշվել, որ տեղի ունեցածի եւ դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ ՊՆ-ի կողմից հաստատված տվյալներով՝ երեկ կեսօրվա դրությամբ հայկական կողմն ուներ 49 զոհ:
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքը սպասելի էր՝ հաշվի առնելով, որ սեպտեմբերի 2-ից սկսած ապատեղեկատվության տարածմամբ ակնհայտ տեղեկատվական հենք էր նախապատրաստում հարձակման համար։ Ներկայումս էլ Ադրբեջանը փորձում է լայնածավալ սադրանքի պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններից պարզ է դառնում, որ ռազմական ագրեսիայի հիմնական նպատակները շարունակում են մնալ «խաղաղության պայմանագրի» շուտափույթ ստորագրման պարտադրանքը՝ ներառելով Արցախի վերջնական բռնակցումը, ինչպես նաեւ Հայաստանի սուվերեն տարածքի հաշվին «անվտանգային գոտու» ստեղծումը։ Նկատենք, որ նման գործելաոճ է կիրառում Թուրքիան Սիրիայի տարածքում, որն էլ փոխառել է Ադրբեջանը, այսինքն՝ «անվտանգության գոտու» անվան տակ նվաճողական գործողությունների իրականացումը։
Հասկանալու համար, թե ինչու է Ադրբեջանը ռազմական ագրեսիայի դիմել հենց այս օրերին, պետք է այն դիտարկել Ռուսաստան-Ուկրաինա, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստան-Արեւմուտք, Ռուսաստան-ՆԱՏՕ առճակատման համատեքստում։ Վերջին օրերին ռուսական բանակը դժվարություններ ունի ռազմական առումով, ստիպված է եղել հեռանալ Խարկովի շրջանի մի շարք բնակավայրերից, արդյունքում Ադրբեջանն օգտագործում է ընձեռված հնարավորությունը՝ սեփական օրակարգը կյանքի կոչելու համար։ Ռուսաստանի ակտիվ ներգրավումը մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին էլ ավելի ծանր իրավիճակ կստեղծի այդ երկրի համար՝ փաստացի բացելով «երկրորդ ճակատը»։ Ադրբեջանական կողմի համար հաջորդ նպաստավոր հանգամանքն այն է, որ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն առաջարկում է գազ եւ նավթ վաճառել։ Բնականաբար, Ադրբեջանն այդ գործիքը եւս կիրառում է քաղաքական նպատակներով, արդյունքում մենք լսում ենք քաղաքական «անդեմ» հայտարարություններ առանց որեւէ գործնական քայլի։
Ադրբեջանի վարած քաղաքականությունը պետք է դիտարկել նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Դեռեւս անցած դարասկզբից Թուրքիայի համար (անկախ այդ պետական միավորի կայսերական կամ հանրապետական բնույթից) Սյունիքի նվաճումը գերնպատակներից մեկն է եղել։ Վերջին շրջանում, մասնավորապես՝ էրդողանյան ժամանակաշրջանում ակտիվորեն առաջ է տարվում «Մեծ Թուրանի» ստեղծումը, որում Հայաստանը, հատկապես Սյունիքի շրջանը սեպ է այդ ծրագրի կենսագործման համար։ «Հայկական սեպի» ապամոնտաժումը Թուրքիայի նպատակներից է, որը գոյաբանական վտանգ է ներկայացնում առաջին հերթին մեզ համար, սակայն անմիջականորեն առնչվում է նաեւ Իրանին եւ Ռուսաստանի Դաշնությանը։ Այստեղ Ռուսաստանի «դաշնության» կարգավիճակի հիշատակումը պատահական չէ, քանի որ թյուրքական տարրի ակտիվացումը քաղաքական եւ տարածքային խնդիրներ է ստեղծելու վերոնշյալ պետությունների համար եւս։ Բազմիցս «ՀՀ» օրաթերթն անդրադարձել է այդ խնդրին, այդ թվում՝ արցախյան երկրորդ պատերազմի օրերին, երբ ակնհայտ էր Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը ռազմական գործողություններին ու անվերապահ աջակցությունը Ադրբեջանին։ Այս իրողություններն ուրվագծում են բնական դաշնակիցների շրջանակը, այլ հարց է, թե որքանով դրանք կընկալվեն, եւ անհրաժեշտ հետեւություններ կարվեն։ Եթե հանկարծ իրավիճակի ճիշտ գնահատում չարվի, ապա «թյուրքական նախագծի» կյանքի կոչումը երկարաժամկետ կտրվածքով կձեւափոխի աշխարհաքաղաքական քարտեզը։
Երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստից հետո, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման պատճառով Հայաստանը դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ին։ «Ռոյթերս» գործակալության տեղեկացմամբ՝ «Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բարձրացնելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների թեման»։ Այդ մասին հայտնել են նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից՝ հավելելով, որ Մակրոնը շարունակել է երկու կողմերին կոչ անել հավատարիմ մնալ հրադադարին։ Իրավիճակին արձագանքել են Իրանի ԱԳՆ-ից՝ հայտարարելով, որ Իրանը պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Թեհրանը զսպվածության եւ հարցերը խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի համաձայն լուծելու կոչ է անում։ «Մենք հերթական անգամ հայտարարում ենք Իրանի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների փոփոխման անընդունելիության մասին»,- հայտարարել է Իրանի ԱԳ ներկայացուցիչը։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն նույնպես խստիվ դատապարտել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները եւ ուժի կիրառումը։ «Այս գործողությունները հայատյացության եւ ցեղասպան քաղաքականության վառ դրսեւորում են, միջազգային իրավունքի եւ նորմերի կոպտագույն խախտում։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ եւ անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։