«Ա՛խ, իմ յարը անցավ, գնաց, աղաչեցի, ետ չդառավ,
Ուր որ գնաց՝ հետեւեցի, մինչեւ լուսո աստղը ելավ,
Գնաց-գնաց ու ման եկավ, սիրտս էլ հանեց, հետը տարավ,
Ասավ՝ Շահեն, էդ քո սիրտը սրտիս դեղ ու դարման չարավ․
Նոր հասկացա, որ իմ յարը իմ արվեստից խռոված էր»։
Գուսան Շահեն
Իսկ ո՞րն էր գուսան Շահենի արվեստը, որից այդպես «խռոված» էր սիրելի էակը։ Գուսանական արվեստը տարածված էր դեռեւս հին եւ միջնադարյան Հայաստանում։ Գողթան երգիչների՝ գուսան-վիպասանների մասին հիշատակում է եւ Մովսես Խորենացին։ Նրանց արվեստի արդյունքն են Հայկազն Տիգրանի, Շամիրամի, Աժդահակի, Արտաշեսի եւ Սաթենիկի եւ այլոց մասին երգերը։ Գուսանները ստեղծագործող-կատարողներ են։ Ժամանակին գուսանը լայն հասկացություն էր։ Ըստ տեղեկության՝ գուսան են կոչվել երգիչները, նվագածուները, պարողները, պատմա-առասպելական զրույցներ եւ վիպական երգեր ավանդողները, ժողովրդական հրապարակային թատրոնի դերասանները՝ ձեռնածուները, աճպարարները, լարախաղացները, խեղկատակները։ Հայաստանում կին գուսաններին անվանում էին վարձակ։ Ուշ միջնադարում գուսանների տարբեր խմբեր վերածվեցին աշուղների կամ սազանդարների։
Գուսան Շահենը (Շահեն Եղիազարի Սարգսյան) սերում է աշուղական տոհմից. հայտնի են Սիաին, Ավագը, Պոտոն, Արթենի Ալեքը. նրանք էլ իրենց արվեստը փոխանցել են Շահենին։ Տոհմը օժտված էր ազատատենչ ոգով եւ հայրենին պաշտպանելու համար զենք վերցնելու վճռականությամբ։ Շահենի պապը՝ Սարգիսը, հայրը՝ Եղիազարը, մորաքույրը՝ հայդուկ Սալվին, կռվել են զորավար Անդրանիկի ջոկատում՝ Առաքելոց վանքը պաշտպանելիս։ Հայրը Առաջին համաշխարհայինի ժամանակ սպա էր։ Մեզ լավ ծանոթ Սոսե Մայրիկը՝ հայդուկապետ Աղբյուր Սերոբի կինը, նույնպես նրանց տոհմից էր՝ տալվորիկցի Ատլաս տատի քույրը։ Գուցե, հենց սա է պատճառը, որ, երգուտաղից բացի, Շահենը զբաղվել է նաեւ պատմագրությամբ։
Գուսան Շահենը ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Շիրակի մարզի Ղուրդուբուլաղ (1946-ին վերանվանվել է Կրասար) գյուղում։ Նա էլ, ինչպես որ տոհմակիցները, անմասն չմնաց զենք վերցնելու անհրաժեշտությունից. նրա ժամանակ էլ սկսվեց Մեծ հայրենականը, իսկ մինչ այդ գուսանը 1934-39 թթ. արդեն հայտնի էր ԽՍՀՄ ողջ տարածքում։ 1937-1941 թթ. մեներգել է Հայֆիլհարմոնիայի երգի եւ պարի անսամբլում, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հիմնադիրներից էր։ Պատերազմից հետո՝ 1945-ից, ղեկավարել է «Շահենի քնարը», «Երեւան», «Շիրակ» անսամբլները, ավելի ուշ՝ 1982 թվականին, Գյումրիում հիմնադրել է աշուղական դպրոց։ Ի թիվս այլ ձեռնարկումների, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ 1945-1946 թվականներին մասնակցել է Մոսկվայում կայացած ստուգատեսներին, 1973 թվականին՝ Ալմա Աթայի «Միջազգային տրիբունա» երգի տոնին, 1975 թվականին՝ Թբիլիսիում կազմակերպված «Անդրկովկասյան գարուն» փառատոնին եւ այլն։ Գուսան Շահենը 500-ից ավելի քնարական երգերի հեղինակ է, ինչպես նաեւ «Էլինար» պոեմի, «Հերիքնազ» երաժշտական պատկերի, «Սառա» սիրավեպ-երգաշարի, «Սասնա Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտը» դյուցազներգության եւ այլն։ Որքան էլ աշուղական արվեստը անհատ ստեղծագործողի մտքի արգասիք է, այն սերտորեն կապված է ժողովրդական քնարի, մտածողության, մեղեդայնության հետ, իսկ Շահենի ստեղծագործությանը հատուկ են հատկապես ծննդավայրի՝ Շիրակի ժողովրդական երգարվեստի ավանդույթները։ Աշուղական արվեստին բնորոշ է նաեւ բանաստեղծության մեջ հեղինակին հիշատակելու հանգամանքը։ Ընդհանուր գծեր ունենալով հանդերձ՝ աշուղական արվեստը խիստ անհատական է՝ հուզականությամբ, շոշափված թեմաները մատուցելու առանձնահատկությամբ, իսկ թեմաները բազմազան են, ինչպես պոեզիայում։ Եթե Ջիվանին աչքի է ընկնում խրատաբանությամբ ու փիլիսոփայությամբ, պատմողականությամբ, ապա Շահենն առավել սիրերգային է. օգտագործում է ասերգային, լայնաշունչ երգային եւ պարային տարրերի զուգորդումը։ Նրա արվեստը եւս զուրկ չէ փիլիսոփայությունից ու կյանքը գնահատելու արեւելյան մոտեցումից՝ կյանքի անցողիկության ափսոսանքից.
Եվ ի՞նչ ես դու, կյա՜նք, կարոտով երազ,
Ապտակդ՝ ուժգին, բարիքդ՝ մուրազ,
Մտքերդ՝ խորը, մարդիկ՝ քեզ անհաս,
Քեզնից կարոտով, անցա-գնացի:
«Անցա-գնացի» երգը Շահենը նվիրել է Պարույր Սեւակի հիշատակին. հոգին տակնուվրա անող, նրբին նկարագրով տողեր, պատկերներ, որ թվում է՝ կյանքը ափիցդ թռչում է, որպես խատուտիկի սերմերը՝ զովի հպումից.
Որպես մի ծաղիկ՝ հողից դուրս ելա,
Կյանքին ժպտացի, անցա-գնացի,
Աշխարհը՝ որպես մի քնքուշ երազ՝
Աչքովս տեսա, անցա-գնացի:
Որպես սիրերգակ՝ ասպետական սիրո նվիրյալ է գուսան Շահենը. լինել ավելին, քան հնարավոր է, ակնկալել նվազագույնը.
Էլի կհսկեմ գիշեր ու ցերեկ,
Մենակ թե, յար ջան, շուտ-շուտ այգին եկ,
Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ,
Սիրուցդ հարբած, մեռնեմ քո դռան:
Համեմատությունների ու պատկերների վարպետ, վսեմ զգացմունքների հպատակ, պոեզիայի ու մեղեդու ներդաշն հյուսվածքի զուլալ աղբյուր… Այսպիսին է գուսան Շահենի աշուղական բարձր արվեստը՝ արդիական եւ ուսանելի բոլոր ժամանակների համար…
Գուսան Շահենն էլ, ինչպես ինքն էր ասում Պարույր Սեւակի հիշատակին, բարեւը տվեց այս աշխարհին ու անցավ-գնաց որպես մի ծաղիկ՝ թողնելով բառի ու մեղեդու հմայքը ապրողաց…