Սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու նպատակով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին միջազգային կառույցներն ու արեւմտյան երկրներն այլեւս չէին կարող չեզոք արձագանքել: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահին հորդորել է դադարեցնել Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները: Փրայսը նաեւ շեշտել է, թե ԱՄՆ-ն ունի փաստեր, որ Ադրբեջանն է հրետակոծում ՀՀ տարածքը եւ բնակավայրերը: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նեդ Փրայսը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում օգտագործել իր ազդեցությունը՝ թույլ չտալու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրավիճակի սրումը։
Այս հայտարարություններին զուգահեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
ՀԱՊԿ-ն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ վերլուծելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին առաջարկել մեկնել հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց պատրաստելու համար: Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարի` Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Բաքու, իսկ ռուսաստանցի համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը՝ Հայաստան։
Անտեսելով միջնորդական նման ծավալի գործողությունները՝ ադրբեջանական զինուժը երեկ առավոտյան կրկին ՀՀ ինքնիշխան տարածքում կիրառել է ԱԹՍ-ներ եւ հարվածներ հասցրել ականանետներից ու տարբեր տրամաչափի հրաձգային զենքից: Պաշտոնական Բաքուն, փաստորեն, արհամարհում է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ոտնձգություններ չկատարելու բոլոր հորդորները: Վերջինիս նման վարքը խրախուսում է իր ավագ եղբայրը՝ Թուրքիան, որի բարձրաստիճան ներկայացուցիչները, ի հակադրություն միջազգային տարբեր ուղղություններից եկող հորդորների, տարբեր հայտարարություններով Անկարայի զորակցությունն են հայտնել Ադրբեջանի հերթական ագրեսիային: Այդ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը շեշտել է, որ Թուրքիան մշտապես կանգնած է «եղբայրական Ադրբեջանի» կողքին եւ սեպտեմբերի 13-ից հետո էլ շարունակելու է սատարել Ադրբեջանին։
Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի ուժեղ ազդեցության տակ է, եւ իր քայլերը հիմնականում թելադրվում են Անկարայից, ինչը հայ-ադրբեջանական սահմանի ապակայունացումների պատճառ է դառնում: Թերեւս, այս փաստը նկատի ուներ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը, ով երեկ «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է. «Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն իր սկզբնական փուլում է, մեր խնդիրն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմաններն աշխատանքի առավելագույն արդյունավետությունն ապահովելու, սահմանային գոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելու համար՝ առանց դրսի միջամտության, որպեսզի խուսափենք երկու կողմերի համար նման զգայուն սահմանային հարցերի քաղաքականացումից եւ սրացումներից»։
Այլ կերպ ասած՝ ակնարկվում է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիան նաեւ աշխարհաքաղաքական հիմքեր ունի: Սա ծայրահեղ վտանգավոր է մասնավորապես հայկական պետությունների եւ տարածաշրջանի ու աշխարհի համար ընդհանրապես: Հետեւաբար՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է առավելագույնս զերծ պահել արտաքին միջամտություններից: