Համաշխարհային հանրության արձագանքից զատ միջազգային թիվ մեկ կառույցը՝ ՄԱԿ-ը, պետք է հստակ որոշումներ ընդունի ադրբեջանական վերջին ագրեսիայի հարցով: Այսօր նվազագույնը, ինչ պետք է անի Միավորված ազգերի կազմակերպությունը, ՀՀ բռնազավթված տարածքներից Ադրբեջանի անհապաղ եւ անվերապահ դուրս գալու վերաբերյալ բանաձեւ ընդունելն է:
Հնարավոր պատճառաբանությունը, թե դրա համար անհրաժեշտ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում դեռ տեղի չի ունեցել, հիմնավոր չէ, քանի որ ՄԱԿ-ը 1991 թ. դե-յուրե արդեն ճանաչել է ՀՀ-ն եւ Ադրբեջանը՝ համապատասխան սահմաններով: Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ ինքնիշխան՝ կազմակերպության կողմից ճանաչված սահմաններից ներս են, հետեւաբար զուտ իր կանոնադրական առաքելության շրջանակներում ՄԱԿ-ը պետք է ընդունի նման բանաձեւ:
Ավելի համընդգրկուն համատեքստում միջազգային կառույցները եւ հանրությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն եւ ճնշումներ գործադրեն, որպեսզի Ադրբեջանին ստիպեն հարգել միջազգային եւ մասնավորապես՝ մարդու իրավունքների համընդհանուր նորմերը, որոնք, ի դեպ, այս պետությունը հետեւողականորեն ոտնահարում է իր անկախության հռչակումից ի վեր, իսկ վերջին երկու տարիներին այդ գործելաոճը դարձել է առաջնայինը նրա գործողություններում: Բաքուն անտեսում է բոլոր միջազգային գրված եւ չգրված նորմերը, ոտնահարում քաղաքակրթության հազարամյակների առաջընթացի արդյունքում ձեւավորված հումանիտար եւ բարոյական արժեքները:
Ադրբեջանի այս վարքագծին գնահատական տալը միջազգային այդ կառույցների առաքելությունն է, քանի որ վերոնշյալ համամարդկային արժեքների պահպանության համար են ստեղծված, իսկ նման կարեւորագույն առաքելության ձախողումն աղետաբեր կլինի երկրագնդի բոլոր ժողովուրդների համար:
Այսօր բանը հասել է նրան, որ խոշոր պետություններից մեկի՝ Թուրքիայի ղեկավարը հայտարարում է իր երկրի աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակմանը: «Ագրեսիան» միջազգային իրավունքում ամենածանր հանցագործություններից մեկն է: Նման հայտարարությամբ էրդողանը բացահայտ հարվածեց ժողովրդավարության եւ իրավունքի համաշխարհային ճարտարապետության հենասյուներից մեկին: Եթե արձանագրենք, որ Ադրբեջանն իր գործողություններում բացառապես առաջնորդվում է Թուրքիայի հրահանգներով, ապա աշխարհի խոշոր պետություններից մեկի ղեկավարի նման քայլն անպատասխան թողնելը լրջագույն սպառնալիք է քաղաքակրթության եւ նոր աշխարհակարգի համար:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ հրադադարին հնարավոր է եղել հասնել միջազգային ճնշումների արդյունքում: Դրան նպաստել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարությունը եւ ՀԱՊԿ-ի գործողությունները, սակայն էական է արձանագրել, որ այդ ճնշումների արդյունքը վերաբերում է երեւույթի հետագա աղետաբեր հետեւանքների կանխմանը, բայց առաջնայինն ագրեսիայի պատճառների վերացումն է, իսկ Ադրբեջանի նման վարքի պատճառն առաջին հերթին 44-օրյա ագրեսիային միջազգային կառույցների՝ ըստ էության գնահատական չտալն էր:
Հետեւաբար՝ Ադրբեջանի հետագա նման ագրեսիաները կանխելու համար ՄԱԿ-ը, իր մանդատի ներքո, պետք է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման վերաբերյալ բանաձեւ ընդունի: