«Այսօր տաջիկ կառավարությունը հայտարարում է, որ ինքը տիրում է իր պապենական հողերին… Իր պապենական հողերն Ասիական տափաստաններում են: Այսօրվա նրանց երկրի մի մասը պատկանում է հայ ազգին, մյուս մասն էլ ուրիշ ազգերի, այդ մասին փաստող հազարավոր տարիների կոթողներ կան: Ես՝ անհատ Յանիկյանս, պատերազմ հայտարարելով տաջիկ կառավարությանը՝ պահանջում եմ մեր հողերը: Աշխատելով ազատվել իրական տիրոջից՝ այդ վայրենիները, որոնց մարդկությունը տաջիկ կառավարություն է կոչում, անխղճորեն ջարդեցին իմ երկու միլիոն հարազատներին, բռնաբարեցին մանուկներին: Ես վրեժի համար չէ, որ ոչնչացրի երկու չարիքները: Ի՞նչ վրեժ. ես դրանով վառեցի ջահը, որ լուսավորի աշխարհը, որ խավարն անհետանա, որ մարդկությունն իմանա իրողությունն ու ստիպի ոճրագործ գազանին վերադարձնել մեզանից գողացածը: Ես՝ անհատս, պատերազմ եմ հայտարարում ոչ միայն տաջիկին, այլեւ նրա պաշտպաններին: Եթե մարդկությունը չի կորցրել իր խիղճը, եւ եթե արդարությունը մի իմաստ ունի մեր կյանքում՝ վերադարձրեք մեզանից գողացածը:
Ես վերջացրի, ձե՛րդ գերազանցություն դատավոր…»:
Գուրգեն ՅԱՆԻԿՅԱՆ. «Բանտարկյալի ձայնը» գրքից
Կարծում եմ՝ վերջին նախադասությունից ընթերցողն ընկալեց, որ խոսքի այս պատառիկն ԱՍԱԼԱ-ի հոգեհոր՝ Գուրգեն Յանիկյանի դատավարության ընթացքում ունեցած ելույթից է, հայկական Նեմեսիսի, ով 1973-ի հունվարի 27-ին՝ 78 տարեկանում 13 փամփուշտ արձակեց Սանտա Բարբարայում Թուրքիայի հյուպատոսի ու փոխհյուպատոսի վրա: Այդ գործողությունից երկու տարի անց ծնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը եւ սկսեց իր գործունեությունն ամբողջ աշխարհում: Այն ընդամենը հինգ տարվա ընթացքում կատարեց ավելի քան 320 գործողություն, գնդակահարվեց 42 թուրք դիվանագետ: Այդ կերպ Հայկական հարցը հանվեց գերեզմանից եւ վերադարձվեց միջազգային ասպարեզ…
Եվ ահա ընթերցողի սեղանին է ազգապաշտ-վրիժառու մտավորականի բանտային հուշագրությունների՝ վերոնշյալ խորագրով գիրքը, որը կազմել, խմբագրել, ծանոթագրել եւ հրատարակել է գրող, գրականագետ Կարո Վարդանյանը՝ նույն ինքը՝ հեղինակը «Հատուցման տասներեք ղողանջ» եւ «Պայթյուններ Թուրքիայում, եւ ոչ միայն…» սքանչելի գրքերի:
«Բանտարկյալի ձայնը». ինչպես նախաբան խոսքում նշում է Կարո Վարդանյանը, հուշագիրն այն ավարտել է 1979-ին, երբ արդեն 84 տարեկան էր եւ կամեցել է հրատարակել նույն տարում, սակայն եղել են խանգարող հանգամանքներ. «Արգելափակված լինելով բանտում՝ նա նույնիսկ իր ուղերձները, հոդվածներն ու նամակները չէր կարողանում հրատարակել, քանի որ ազգային կուսակցություններն ու առանձին անհատներ հայկական մամուլի էջերը փակել էին նրա առաջ: Իսկ հուշագրությունն առաջին հերթին աչքի է ընկնում աղմկահարույց բացահայտումներով ու սուր գնահատականներով, ուստի դրա հրապարակումը փոթորիկ էր առաջացնելու սփյուռքում եւ մասնավորապես ամերիկահայ համայնքի կյանքում մեծ ազդեցություն ունեցող կուսակցական շրջանակներում, որոնք շարունակական մեքենայություններով ու դավադրություններով քայքայեցին ծերունի հերոսի ջղերը եւ նրան մեն-մենակ թողեցին ամերիկյան արդարադատության եւ թուրքական կառավարության միջամտությունների առաջ»,- գրում է Յանիկյանի գործունեությանը քաջածանոթ եւ նրան նվիրված «Հատուցման տասներեք ղողանջի» հեղինակ ու այս գրքի խմբագիր-գրողը:
Նա նաեւ ծանուցում է, որ բանտարկության դատապարտված հերոսն այցելուներ շատ է ունեցել, սակայն վստահել է հատուկենտ մարդկանց: Նրանցից մեկը «Նոր կյանք» թերթի խմբագիր Հրանտ Սիմոնյանն է, որին ի պահ է տվել իր գրվածքներն ու նամակները, նաեւ հուշերի մի տարբերակ, որը հիմնականում համընկնում է հրապարակված գրքին: 20 տարի անց Հ. Սիմոնյանն իր ձեռքի տակ եղած տարբերակը հանձնում է Լոս Անջելեսում հրատարակվող «Լույս» թերթի խմբագիր Ստեփան Քիրեմիջյանին, ով հատվածաբար տպագրում է հուշագրությունը եւ 2001-ին գիրք լույս ընծայում՝ «Իր եւ ուրիշների մասին» խորագրով: «Քերեմիջյանի կազմած գրքում,- գրում է Կ. Վարդանյանը,- բացակայում են հուշագրությանը կից 28 էջեր, որոնցում եւս առկա են ցնցող բացահայտումներ…»: Ապա տեղեկացնում է, թե որտեղից է իր մոտ հայտնվել գրքում ներկայացվող տարբերակը՝ Լիբանանի «Սփիւռք» պարբերականի արխիվից, «որը կարելի է համարել ՀԱՀԳԲ արխիվի մի մասը՝ այն պարզ պատճառով, որ 1986-ից այդ պարբերականի խմբագրի պարտականություններն ստանձնած անվանի արձակագիր Գեւորգ Աճեմյանը ՀԱՀԳԲ-ի համահիմնադիրներից էր»: Եվ ով, ականատես լինելով Յանիկյանի պաշտպանության նպատակով ձեւավորված, բայց մեքենայություններով ու դավադրություններով նշանավորված հանձնախմբի մասին, գրել է. «Մինչեւ ե՞րբ պիտի շարունակենք սրբազան գործերի պահին պառակտված մնալ… Ամերիկյան դատարանի առջեւ պարտվողը Յանիկյանը չի լինելու, այլ մեր ժողովուրդը, մեր նահատակները…»:
Ասենք, որ մեծարժեք այս գրքի անդրանիկ շնորհանդեսը տեղի է ունեցել Վանաձորում, հերթականը մայրաքաղաքի «Փարիզ» հյուրանոցի հանդիպասրահում էր: Մեծանուն հայորդու՝ Գուրգեն Յանիկյանի մասին խոսք ասացին եւ գրքին անդրադարձան «Հայաստանի ժողովրդական շարժում» ՀԿ համակարգող Վազգեն Պետրոսյանը, պատմաբան Էդիկ Մինասյանը, գրականագետ Հովիկ Գրիգորյանը, բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրանց բնութագրմամբ՝ Յանիկյանը ճշմարտության ազատամարտիկ է ու հայրենիքի փրկության գաղափարախոս, խիզախության ու անձնազոհության բացառիկ խորհրդանիշ, ով այսօր էլ վտանգված մեր հայրենիքի տագնապների մասին «ճչում է մեր խուլ ականջներին, բայց մենք լռում ենք…»:
Ասվածն ամփոփենք գիրքը կազմած-խմբագրած երախտավոր գրականագետ-գրողի՝ Կարո Վարդանյանի առինքնող խոսքով. «Գուրգեն Յանիկյանը Ամերիկա չգնաց միլիոններ կուտակելու: Նա Ամերիկա մտավ արդեն վաստակած միլիոններով եւ եղավ միակ միլիոնատեր հայը, ով իր կարողության մինչեւ վերջին ցենտը նպատակաուղղեց հայոց պահանջատիրությանը: Եվ երբ սպառված էր ամեն ինչ, մնաց միայն տասներկու… փամփուշտ: Յանիկյանն այդ փամփուշտներն արձակեց ոչ միայն թուրք դիվանագետների վրա, այլեւ բոլոր այն ուղղություններով, որտեղ կար հայի նահանջ, հայի թմբիր, հայի ուրացում ու դավաճանություն: Այդ փամփուշտները դեռ սլանում են՝ իրենց ճանապարհին տարածելով հայ անհատի հայտարարած պատերազմի դասերը…»:
Շնորհավորենք այս առինքնող գրքի ծնունդը՝ չմոռանալով սեղմել այն լուսաշխարհ բերած երախտավորի՝ Կարո Վարդանյանի մշտաբանուկ ձեռքը…
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ