Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով մեկնել է Նյու Յորք: Դա հույս է առաջացրել, որ միջուկային գործարքի վերականգնմանը միտված բանակցությունները, որոնք վերջին շրջանում փակուղի էին մտել՝ կապված Իսլամական Հանրապետության պահանջած քաղաքական երաշխիքների հետ, հետագա ընթացք կստանան: Այդուհանդերձ, ԱՄՆ Կոնգրեսի սպասվող միջանկյալ ընտրությունները որոշակի անորոշություն են ստեղծում, քանի որ Սպիտակ տան համար կարող են բարդացնել բանակցային մանեւրները:
Նյու Յորք մեկնելուց առաջ ամերիկյան CBS ալիքը հարցազրույց է հրապարակել Իրանի նախագահի հետ: Վերջինս հայտարարել է, որ անհրաժեշտ է կայուն համաձայնագիր ստորագրել Թեհրանի ու միջուկային գործարքի մյուս մասնակիցների միջեւ, եւ ցանկալի է, որ այն աjնպիսի բովանդակություն ունենա, որ Միացյալ Նահանգները հնարավորություն չունենա հերթական անգամ միակողմանի կերպով դուրս գալ պայմանագրից, ինչպես դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք: «Եթե խոսքը լավ գործարքի մասին է եւ արդար գործարքի, ապա մենք լրջորեն տրամադրված կլինեինք՝ հասնելու պայմանավորվածության: Անհրաժեշտ է, որ այն կայուն լինի, նաեւ երաշխիքներ են պետք: Եթե երաշխիք լիներ, ամերիկացիները չէին կարողանա դուրս գալ գործարքից»,- ասել է Ռայիսին:
Իրանի նախագահը միաժամանակ կասկած է հայտնել, որ նպատակահարմար է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: «Չեմ կարծում, որ նրա հետ հանդիպումը կամ զրույցն օգուտ կտա»,- շեշտել է նա: Թեհրանը երկրի առաջնորդի նյույորքյան այցը, ամենայն հավանականությամբ, կփորձի օգտագործել, որպեսզի շարունակի դիվանագիտական գործընթացը, նվազագույնը՝ հաստատի իր պատրաստակամությունը՝ շարժվելու դեպի վերջնական պայմանագրի ստորագրում:
Էբրահիմ Ռայիսին հայտարարել է նաեւ, որ ՄԱԿ-ը չպետք է դառնա գերտերությունների կազմակերպությունը՝ ավելացնելով, որ պատժամիջոցները, ահաբեկչությունը, պատերազմն ու արյունահեղությունը միակողմանիության հետեւանք են։ Մամուլի ասուլիսում նա նշել է, որ այցի ընթացքում ներկայացնելու է Իրանի Իսլամական Հանրապետության տեսակետներն ու դիրքորոշումները:
Ռայիսին ընդգծել է, որ գերտերությունների վարած պատժամիջոցային քաղաքականությունը վնասում է համաշխարհային խաղաղությանը: Ըստ նրա՝ Գլխավոր ասամբլեայի նիստում պետք է քննարկվեն նման գլոբալ հարցեր:
Խոսելով միջուկային էներգիայի օգտագործման մասին՝ Ռայիսին ընդգծել է, որ դա կիրառվում է առողջապահական նկատառումներով, ինչպես նաեւ գյուղատնտեսության մեջ, նավթի ու գազի ոլորտներում: Նա միեւնույն ժամանակ հայտարարել է, որ Արեւմուտքի պնդումները, թե Թեհրանն ատոմային ռումբ է ստեղծում, անհիմն են, եւ Իրանը մեկ անգամ չէ հայտարարել, որ դա չի մտնում իր պաշտպանական քաղաքականության մեջ:
Անդրադառնալով Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մասին հարցին՝ Ռայիսին ասել է, որ ԱՄՆ-ի կառավարության եւ անձամբ Թրամփի կողմից այդ հրամանի արձակումը վախկոտ քայլ էր եւ անմարդկային հանցագործություն: Նա ավելացրել է նաեւ, որ Պաղեստինի հիմնական բնակիչները պաղեստինցիներն են, ովքեր այժմ տեղահանված են իրենց հայրենիքից, իսկ ՄԱԿ-ն աջակցում է սիոնիստական ռեժիմին: Ըստ նրա՝ այն երկրները, որոնք փորձում են կարգավորել հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ, օկուպանտ ռեժիմի հանցագործությունների մեղսակիցներն են:
Իրանցիները, ի դեպ, արդեն անհանգստացած են Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությունից: Դա նշանակում է՝ Ռայիսին «սիոնիստական օկուպանտ ռեժիմի հանցագործություններին մեղսակցության» մեջ մեղադրում է նաեւ Բաքվին: Ինչպես կարծում է իրանական կողմը, Թել Ավիվն Ադրբեջանի տարածքն օգտագործում է Իրանի հյուսիսային շրջաններում հետախուզություն կատարելու նպատակով, իսկ հեռանկարում կարող է օգտագործել այն դիվերսիոն խնդիրներ լուծելու համար: Իրանցիներին անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ Թուրքիային հաջողվել է ներխուժել Հարավային Կովկաս եւ ռազմաբազա ստեղծել այնտեղ:
Իրանական միջուկային ծրագրի դիվանագիտական մոտեցման հակառակորդները, այդ թվում՝ Իսրայելում, շեշտը դնում են այն հանգամանքի վրա, որ Վաշինգտոնի բանակցային ռազմավարության մեջ շատ բան կարող են փոխել Կոնգրեսի՝ առաջիկա նոյեմբերին պլանավորված միջանկյալ ընտրությունները: Լուրջ հիմքեր կան՝ ասելու, որ դիվանագիտական ճամբարը կկորցնի նախաձեռնությունը, իսկ հանրապետականները պարզապես կթուլացնեն Սպիտակ տան ունակությունը՝ մանեւրելու ու փոխզիջումներ կատարելու Թեհրանի հետ բանակցություններում: Հասկանալի է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրապետականները կփորձեն փոխզիջումային ցանկացած քաղաքականություն ներկայացնել որպես դեմոկրատների թուլություն, իսկ այնտեղ իսկապես շատ լուրջ պայքար է սպասվում: Ահա թե ինչու է իրանական կողմը վստահ, որ այս պահին բանակցությունները քիչ հավանական են, բայց կարեւոր է հավաստել Թեհրանի պատրաստակամությունը՝ մասնակցելու դրանց:
Իսլամական Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկվել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, քաղաքական հարցերով նախագահական գրասենյակի ղեկավար Մոհամմադ Ջամշիդին, ինչպես նաեւ միջուկային երկխոսության մեջ գլխավոր բանակցողը՝ Ալի Բաղերին:
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Էթյենը, իր հերթին, հայտարարել է, որ միջուկային համակարգի վերականգնման հարցում Իրանի վերջին դիրքորոշումը գործընթացը հետ է շրջել՝ ավելացնելով, որ Իրանը «պետք է համագործակցի» Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի կողմից չհայտարարագրված միջուկային նյութերի հետաքննության մեջ: Այս մասին հայտնել է «Al-Monitor»-ը: Էթյենը, ով զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական գլխավոր խորհրդականի պաշտոնը մինչեւ 2019 թ. դեսպան նշանակվելը, ասել է, որ Ֆրանսիան «ջանք չի խնայում»՝ օգնելու վերականգնել միջուկային համաձայնագիրը: Պատասխանելով Իրանի դերի մասին այնպիսի երկրներում, ինչպիսիք են Եմենը, Լիբանանը եւ Իրաքը, Էթյենը նշել է, որ կարեւոր է, որ Իրանի հետ հարաբերություններում միջուկային խնդրի հետ մեկտեղ դիտարկվի նաեւ «տարածաշրջանային անվտանգության ասպեկտը»:
Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերականգնման գործընթացում ԱՄՆ-ի խոչընդոտները շատ են, այդ թվում՝ Իսրայելը, որին ձեռնտու չէ Իրան-ԱՄՆ համագործակցությունը, նույնիսկ՝ պարզապես հաշտեցումը: Իսկ տարածաշրջանային դուրսպրծուկներին զսպելու լավագույն ելքը, ի հեճուկս առկա խոչընդոտների, Վաշինգտոնի ու Թեհրանի հաշտեցումն է եւ վերջինիս վրայից պատժամիջոցների հանումը: