Քարագլուխը վերականգնվող գյուղ էր եւ ուներ շատ քիչ բնակչություն, բարեկարգվում էր, ինչպես նաեւ եկեղեցին կառուցվել էր բարերար Մաքսիմ Աթայանցի հովանավորությամբ։ Ժամանակին բարերարի պապը եղել է գյուղի հոգեւոր հովիվը։ Անցնելով Ձորագյուղ-Մազրան՝ վերջին տան մոտով թեքվում ենք աջ եւ բարձրանում վեր։
Դիմացը Քարագլուխն է։ Երեւում են 3 նորակառույց բնակելի տներ՝ կարմիր կտուրներով, մեկ եկեղեցի գյուղի մեջ եւ մյուսը սարի գլխին՝ գյուղից քիչ հեռու։ Գյուղի մեջ գտնվող Սուրբ Աստվածածինը (N 39, 27, 51.4 եւ E 46.57, 25.8 Alt 1127) 18-րդ դարի կառույց է, հիմնանորոգվել է 2014-16 թթ., բացմանը եւ Պարգեւ սրբազանի կողմից վերաօծմանը մասնակցել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Իսկ N 39, 27, 45.8 եւ E 46.57, 41.9 Alt 1108 կոորդինատներում նորակառույց Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (ճարտ.՝ Մ. Աթայանց) հիմքը դրվել է 2012-ին, ավարտին հասցվել 2 տարի անց։ Մաքսիմ Աթայանցը Սբ Աստվածածնի օծման օրը շնորհակալություն է հայտնել հայրենի երկրի համար մարտնչողներին, ազատագրողներին եւ այստեղ ապրողներին։ Նշել է՝ որ Արցախյան գոյամարտից առաջ գյուղը եղել է մարդաշատ, սակայն պատերազմը, բռնագաղթը դատարկել են հայոց երբեմնի շեն ու մարդաշատ բնակավայրը։ Այս եւ շրջակա գյուղերի պաշտպանության մարտերում իրենց կյանքն են դրել Հադրութի մի խումբ կամավորականներ՝ անհավասար մարտի բռնվելով թշնամու դեմ։ 1991 թ. աշնանը տեղավորվել էին Քարագլուխ գյուղում եւ ջանում էին պաշտպանել այն:
Հադրութի շրջանային «Դիզակ» թերթում գրված է. «…Նրանց շարքում էին Հակոբ Պողոսյանը, Գեորգի Մովսիսյանը, Էրիկ Պողոսյանը եւ Վլադիմիր Սահակյանը: Բացի Գեորգիից, ով ծնունդով Քարագլուխ գյուղից էր, մյուս 3-ը Հադրութի ներքին գործերի շրջանային բաժնի աշխատողներ էին: Գեորգին լավ գիտեր գյուղի տեղանքը, ինչի շնորհիվ երկար ժամանակ տղաները, հերթապահելով եւ կորուստներ պատճառելով թշնամուն, շարունակում էին կռվել եւ չթողնել, որ թշնամին մտնի գյուղ: Բայց ուժերի անհավասարության պայմաններում թշնամին կարողանում է շրջապատել այն տունը, որտեղ գտնվում էին տղաները եւ հրետակոծել: Երկու հոգու մեծ դժվարությամբ, այրվածքներով հաջողվում է փրկվել, իսկ վերոհիշյալ 4 հոգու ճակատագիրն առայսօր մնում է անհայտ: Կա երկու վարկած. այն, որ նրանք հրետակոծության ժամանակ այրվել են, եւ այն, որ նրանց գերի են վերցրել: Բայց փաստը մնում է փաստ, որ 1991 թ. դեկտեմբերի 23-ը ճակատագրական էր նրանց համար…»։
Հասնում ենք դարավոր ընկուզենիներով պատված Մույքիդարա (այժմ՝ Ջրաբերդ) գյուղը, որը նույնպես այժմ անմարդաբնակ է: Գյուղի արեւմտյան կողմում բավականին թեք սարալանջն է՝ գլխին ժայռեր: Այստեղ է միջնադարյան ամրոցը: Սակայն չհասցրեցինք բարձրանալ: Ավտոճանապարհը փակ էր, իսկ ոտքով մինչեւ բարձրանայինք, կմթներ: Վերադառնում ենք՝ ամրոց բարձրանալը թողնելով մեկ այլ օրվա: Իրիկնամուտին Ցորաբերդի մոտակայքից իր գեղեցկությամբ երեւում է Արցախի հարավային Հադրութ քաղաքը: Անպայման պետք է լուսանկարել եւ այդ համայնապատկերը, լուսանկարվել: Հադրութում անցնում ենք Սբ Հարություն (1621 թ.) (N 39, 31, 09.4 եւ E 47, 01, 24.9 Alt 751) եկեղեցու մոտով: Կանգուն ու հիմնանորոգված էր սրբատունը: Արդեն մթնշաղին բարձրացանք Կարմրակուճ գյուղ, որը Հադրութ-Ստեփանակերտ ճանապարհի աջակողմյան ձորակում է: Հադրութ շրջկենտրոնից 3 կմ հեռավորության վրա է, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 69 կմ։ Համայնքը լեռնային է, ունի 636.81 հա տարածք, որից 306.78 հա գյուղատնտեսական նշանակության, 296.05 հա անտառային հողեր են։ Արեւելյան կողմում անտառապատ ժայռերով հարուստ սարեր են, որտեղ, ըստ տեղացիների, նաեւ սրբավայրեր կան: Գյուղում արդեն նորոգ վիճակում կանգուն էր Սբ Ամենափրկիչ միանավ բազիլիկ եկեղեցին (19-րդ դար): Ըստ համացանցային տեղեկանքի՝ Կարմրակուճ համայնքի բնակչության թիվը 145 մարդ էր, կար 52 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ եւ հողագործությամբ։ Գյուղի վարչական տարածքում կան նաեւ այլ պատմամշակութային հուշարձաններ՝ գերեզմանոց (19-րդ դար), աղբյուր (19-րդ դար), խաչքար, գյուղատեղի (10-12-րդ դարեր), բերդ «Վնեսա» (10-12-րդ դարեր)։
Վերադառնում ենք Բերձոր՝ անցնելով Հադրութի շրջանի մի շարք այլ բնակավայրերի մոտով, որոնց թվում է Դիզակի մելիքանիստ Տողը՝ իր մելիքական ապարանքով։ Տողը շրջկենտրոնից 20 կմ հյուսիս-արեւմուտք էˋ Տողասարի արեւելյան լանջին, 900 մ բարձրության վրա։ Տարածքըˋ 1567 հա։ Բնակչությունըˋ 700 (2005 թ.)։ Տողը հիշատակվում է 7-րդ դարից։ 16-րդ դարում եղել է Դիզակի մելիքության կենտրոնը, 17-րդ դարումˋ բերդաքաղաք։ 10-րդ դարում ունեցել է 10 հազար բնակիչ։ Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցին (13-րդ դ.) գյուղի կենտրոնում է եւ բավականին լավ էր պահպանվել: Եկեղեցին շրջապատված է քարե պարսպով: Պարսպի հարավ-արեւելյան անկյունում գտնվող աշտարակից հիանալի տեսարան է բացվում գյուղի եւ շրջապատի սարերի ու դաշտերի վրա: Եկեղեցու ներսում, բակում եւ շրջակայքում պահպանվել էին բազմաթիվ տապանաքարեր: Եկեղեցին նոր էր հիմնանորոգվել։ Սուրբ Ստեփանոս եկեղեցին գյուղի հարավարեւմտյան մասում է, ընդարձակ գերեզմանոցի մոտ: Ժամանակակից եկեղեցու տեղում գոյություն է ունեցել ավելի հին կառույց, ենթադրաբար դա եղել է հեթանոսական տաճար: Եկեղեցու պատերի մեջ տեղադրված են բազմապիսի զարդաքանդակներով 51 խաչքարեր: