Գաղտնիք չէ, որ ներկայում Երեւանի քաղաքային տրանսպորտի աշխատանքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Առավոտյան եւ երեկոյան վիճակն ավելի է ծանրանում: Բնական հարց է առաջանում՝ ի՞նչ անել: Նախ՝ մի փոքրիկ պատմական շրջագայություն կատարենք:
Երեւանի տրամվայը սկսել է գործել 1906 թ. սեպտեմբերի 29-ին քաղաքային ձիաքարշ երկաթգծի տեսքով։ 1933 թ. հունվարի 12-ին սկսվել է լայնակոս էլեկտրաքարշական տրամվայի գործարկումը։ Տրամվայի վագոնների թիվն ամեն հինգ տարին մեկ միջին հաշվով ավելացել է 25 տոկոսով: 1933 թ. այն կազմում էր 16, ապա 1945-ին՝ արդեն 77 վագոն, իսկ 1965 թ.՝ շարժակազմի 222 միավոր։ 2004 թ. հունվարի 21-ին տրամվայի համակարգը Երեւանում փակվել է։ Ուղիների մեծ մասը վերացվել է, տրամվայները վերածվել են մետաղաջարդոնների, տրամվայի դեպոն օգտագործում են տարբեր մասնավոր ձեռնարկություններ, իսկ ենթակայանը սպասարկում է Երեւանի տրոլեյբուսը։
1949 թ. Երեւանում սկսեց երթեւեկել առաջին տրոլեյբուսը։ Դեռ խորհրդային տարիներին տրամվայի տոմսն արժեր 3, տրոլեյբուսինը ՝ 4, իսկ ավտոբուսինը ՝ 5 կոպեկ: Ավտոբուսը որեւէ առավելություն չունի տրոլեյբուսի նկատմամբ: Ավելին, վերջինս էկոլոգիապես մաքուր է, հանգիստ եւ Երեւանի պատմական ժառանգության մի մասն է:
Ամբողջ աշխարհում մարդիկ մտածում են ինչպես խուսափել դիզելային տրանսպորտից եւ անցնել էլեկտրականության: Ապագայում դա հնարավոր է: Դեռ վաղ է խոսել էլեկտրական ավտոբուսներ ձեռք բերելու մասին՝ բարձր գնի պատճառով: Վերջին երկու տարվա ընթացքում դրանք գրեթե կիսով չափ էժանացել են եւ ժամանակի ընթացքում պետք է մոտենան ժամանակակից ավտոբուսների ու տրոլեյբուսների գներին: Ռուսաստանի որոշ քաղաքներ արդեն սկսում են էլեկտրական ավտոբուսներ գնել: Երբ այս շուկայում հայտնվի մրցակցություն եւ էլեկտրական ավտոբուսների գինը նվազի, ապա դրանք կարելի է համարել քաղաքային տրանսպորտի լիարժեք տեսակ:
Առաջին անգամ 1900-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրվեց մետաղական անիվների վրա գտնվող էլեկտրական ավտոբուսի շարժական մոդելը: Առաջին էլեկտրական ավտոբուսը հայտնվել է Մեծ Բրիտանիայում 1906 թ.: Բարձր հզորությամբ վերալիցքավորվող մարտկոցը օգտագործվում է որպես պահեստ եւ միեւնույն ժամանակ էլեկտրաէներգիայի աղբյուր «դասական» տարբերակով էլեկտրական ավտոբուսի շահագործման համար, որը թափքի տակ գտնվող խորշերում է, հետեւի խցիկում եւ այլն:
2018-ին էլեկտրական ավտոբուսների համաշխարհային քանակը կազմել է մոտ 425000 մեքենա: Դրանցից մոտավորապես 421000-ը միայն Չինաստանում են: Եվրոպայում կար մոտ 2250 միավոր: Աշխարհում գրանցվեց էլեկտրական ավտոբուսների թվի մինչեւ 32 տոկոս աճ: 2017-ին Շենժեն քաղաքում (Չինաստան) տեղակայված էին աշխարհի ամենամեծ քաղաքային էլեկտրական ավտոբուսները՝ 16359 տրանսպորտային միջոց, որտեղ ներքին այրման շարժիչներով բոլոր ավտոբուսները փոխարինվեցին էլեկտրականների: Ըստ կանխատեսումների, մինչեւ 2025 թ. Չինաստանում քաղաքային էլեկտրական ավտոբուսների քանակը կարող է գերազանցել 600000 միավորը, Եվրոպայում՝ 12000-ը, ԱՄՆ-ում՝ 4700-ը, Հնդկաստանում՝ 3700-ը:
2018 թ. սեպտեմբերի 1-ին Մոսկվայում ուղեւորային ցամաքային տրանսպորտի քաղաքային երթուղիներում գործարկվեցին էլեկտրական ավտոբուսներ: 2021-ից Մոսկվայի կառավարությունը նախատեսում է հրաժարվել ներքին այրման շարժիչներով ավտոբուսների գնումներից եւ միայն էլեկտրական ավտոբուսներ գնել: 2020 թ. դեկտեմբերի 26-ի դրությամբ քաղաքի 42 երթուղիներում գործում է ավելի քան 550 էլեկտրական ավտոբուս: Տրանսպորտի այս տեսակի հենց անունից երեւում է, որ էլեկտրական ավտոբուսը աշխատում է էլեկտրականությամբ: Այսինքն, այն բացասաբար չի ազդում քաղաքի էկոլոգիական իրավիճակի վրա:
Չնայած այն հանգամանքին, որ այսօր Մոսկվա են մատակարարվում միայն էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, քաղաքը որոշում է կայացրել հրաժարվել դիզելային վառելիքով աշխատող հասարակական տրանսպորտից: Բացի այդ, էլեկտրական ավտոբուսները ավելի ժամանակակից կլինեն, քան ավտոբուսները: Կլիմայի կառավարման համակարգերի եւ անվճար Wi-Fi-ի հետ միասին նրանք հագեցած կլինեն շարժական սարքերի լիցքավորման համար USB միակցիչներով:
Էլեկտրական ավտոբուսը լիցքավորվում է վերջին կանգառներում տեղակայված ուլտրա-արագ լիցքավորման կայաններում պանտոգրաֆի միջոցով: Մարտկոցի լիցքավորումը տեւում է 6-15 րոպե: Եղանակային պայմանները չեն ազդում այս գործընթացի վրա: Ի տարբերություն իր «ամենամոտ ազգականի», էլեկտրական ավտոբուսն ավելի մանեւրելի է ու շարժուն: Դա կախված չէ շփման ցանցից, ինչը նշանակում է, որ շարժումը չի դադարի մեքենաների վթարների, ոչ պատշաճ կայանման եւ մալուխի վթարի պատճառով:
Այսօր էլեկտրական ավտոբուսները ակտիվորեն օգտագործվում են այն երկրներում, որտեղ էկոլոգիական եւ շրջակա միջավայրի վիճակին մեծ ուշադրություն են դարձնում: Դրանք օգտագործվում են Դանիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, ինչպես նաեւ Չինաստանում եւ Բելառուսում: Երեւանի քաղաքային երթուղիներում էլեկտրական ավտոբուսի ներդրման նախագիծ մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային փորձը եւ ջանալ խուսափել առաջացող սխալներից:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու