«Վ. Պետրոսյանը խորաթափանց, շահագրգռված հայացքով է նայում շուրջը փոթորկված կյանքին: Նայում եւ որոնում է այն խիստ կարեւոր հարցի պատասխանը, թե ինչպես ապրել եւ շենացնել կյանքը, որպեսզի «առօրեական տենդի» մեջ կարողանա չկորցնել ինչ-որ թանկ, սուրբ ու կարեւոր բան»:
Էդուարդաս Մեժելայտիս
1932 թ. օգոստոսի 9-ին Աշտարակում ծնվել է գրող-հրապարակախոս, խմբագիր Վարդգես Համազասպի Պետրոսյանը: Երազի նման աչքիս առաջ եկան իմ բարեկամ, երջանկահիշատակ մանկավարժ, Մղարթի դպրոցի այդ տարիների տնօրեն Լեւոն Հարությունյանի նախաձեռնությամբ 1980-ականների մի աշնանային օր դպրոցի աշակերտների եւ գյուղի հասարակության հետ գրողի հանդիպման հետաքրքիր մանրամասներ։
…Շրջանի կուսակցական ղեկավարների անհանգիստ դեմքեր, տոնական տեսք ստացած դպրոց, դիմավորում՝ աղ ու հացով, կճուճում մերված մածունով, դահլիճում ծավալված հոգեհույզ զրույց եւ վերջում իհարկե հյուրասիրություն, որ շատ ուրիշ դեպքերի նման ամենակարեւորը չէր։
Ամենակարեւորը գրողի ուսուցանող մտքերն էին, դպրոցականների իմացությունն ու արձագանքները։ Մի ամբողջ օր, հետո էլի ժամեր ու օրեր ապրում էի Վարդգես Պետրոսյանի կողմից մեզ ժառանգած հոգեւոր աշխարհում։ Մեկ «Հայկական էսքիզները» ձեռքիս փնտրում էի «Դեղատուն Անին», մեկ տեղափոխվում ու հասնում 1964 թ.՝ «Քաղաքի կիսաբաց լուսամուտներ», որ իր խորությամբ ու նկարագրով երբեք էլ չես շփոթի այսօր եթեր հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ։ Հիշեցի նաեւ նույն տարվա իմ երկրորդ հանդիպումը Վարդգես Պետրոսյանի հետ։ Ալավերդու պնղձաքիմիական կոմբինատի մշակույթի պալատում գրողը հանդիպում էր մետալուրգների եւ շրջանի ակտիվի հետ։
-Ինչո՞ւ է ամբողջ ցուցադրական ագիտացիան ռուսերեն,- գրողի տագնապ հարցադրումը դարձավ բանավեճ։ Արդյունքում հաղթեց հայապահպանության պետրոսյանական ոգին։ Շատ բան հետո արագ փոխվեց։
Իսկ ինչքան բան մեզանում փոխեց Վարդգես Պետրոսյանը, երբ ղեկավարում էր Հայաստանի գրողների միությունը կամ որպես խմբագիր անցնում «Պիոներ կանչ»-«Գարուն»-«Երկիր Նաիրի» հարցապնդումներով, հաղթանակներով, նաեւ տագնապներով լի ճանապարհը։ Նրա ստացած ՀԽՍՀ պետական մրցանակը (1979) մեզ շարունակում է հուշել «Հավասարում բազմաթիվ անհայտներով» (1977) ժողովածուի էջերում նրա լուծած երբեմն անլուծելի համարվող խնդիրների մասին։ 1994 թ. նա զոհ դարձավ չարագործի գնդակին, անավարտ թողնելով 1963 թ. սկսած «Անավարտ դիմանկարներ» շարքը։
Լինեմ անկեղծ, Վարդգես Պետրոսյանի գրական հունձքը ներկայացնելու ոչ նպատակ ունեմ, ոչ էլ մասնագիտական հնարավորություններ։ Պարզապես ուզում եմ սրտի ցավով արձանագրել, որ հոբելյանները մեզանում աննկատ են մնում, որ ամենեւին էլ չի կարող արդարացվել մեր խառնաշփոթ առօրյայով կամ կորստի տագնապով։ Ունենք այն, ինչ ունենք։ Հայերս կարծես պատմությունից դասեր առնելու անհրաժեշտության մասին էլ ենք մոռացել։ Իսկ Վարդգես Պետրոսյանը մեզ զգուշացնում էր. «O, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ: Պատմություն կոչվող դպրոցի դու միամիտ աշակետ: Որքան ենք մենք ձախողումների պատճառը դրսում որոնել, երբ պատճառը հաճախ միայն մենք ենք եղել, միայն մենք, մեր բաժան-բաժանությունը, անխելք հերոսությունը, խելոք-եսամոլությունը… Եվ հաճախ ինչպես ենք ատել ինքներս մեզ: Հավաքական ժողովուրդը սիրել ենք, փոխադարձաբար ատել միմյանց: Ամեն հայ պիտի մի ուրիշ հայ ունենա, որին թշնամի պիտի լինի մինչեւ իր կյանքի վերջը»։
Թող այս փոքրիկ հրապարակումը մի լուսավոր կայծ դառնա մեր բացթողումների ուղղման ճանապարհին եւ փորձի թարմացնել Վարդգես Պետրոսյանի անմոռաց դափնեպսակի ուրվագծերը։
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ