Չնայած տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական բարդ, լարված իրավիճակին, հանրապետությունում գործող պետական գեղարվեստական կոլեկտիվները շարունակում են իրենց առաքելությունը՝ արվեստասեր հասարակությանը ներկայանալով մշակութային, թարմ ծրագրերով: Հատկանշական է առանձնապես այն, որ ստեղծագործական հաշվետվությամբ նրանք հանդես են գալիս ոչ միայն Արցախում եւ Հայաստանում, այլեւ շրջագայություններ են կատարում արտերկրում, արժանանում խստապահանջ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Ընդամենը մեկ ամիս առաջ եվրոպական մի շարք երկրներ կատարած ուղեւորությունից վերադարձավ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի կոլեկտիվը, որի ելույթներին, ի դեպ, անդրադարձել են Բելգիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջատար լրատվամիջոցները: Եվ ահա օրերս Բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ տարիներ առաջ ծրագրված նախագիծը կյանքի կոչելու հնարավորություն ստացավ նաեւ Արցախի պետական կամերային նվագախումբը: Ինչպես զրույցի ժամանակ տեղեկացրեց նվագախմբի գլխավոր դիրիժոր, ժողովրդական արտիստ Գեւորգ Մուրադյանը, կոլեկտիվը դեռ մինչեւ 2020 թ. սեպտեմբերը պիտի հյուրախաղերով մեկներ Եվրոպա, սակայն պատերազմը ձախողեց բոլոր ծրագրերը:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը գոհ է շրջագայությունից: «Մեր ելույթները լայն արձագանք գտան հատկապես Ֆրանսիայում եւ Բելգիայում, որտեղ արվեստասերները մեծ հետաքրքրություն դրսեւորեցին համերգային ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների, նվագախմբի կատարումների նկատմամբ՝ արձագանքելով երկարատեւ ծափողջույններով եւ հիացական արտահայտություններով,- ասում է Գ. Մուրադյանը:- Գաղտնիքը այն է, որ հյուրախաղերին լրջորեն էինք նախապատրաստվել, բազմակողմանիորեն: Պատահական չէ, որ կարողացանք եվրոպական բեմում հաջող քննություն բռնել եւ ցուցադրել մեր՝ հայկական արվեստը»:
Ըստ գլխավոր դիրիժորի, համերգային ցանկում ներառված են եղել ինչպես հայ դասականների, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ (Բաբաջանյան, Միրզոյան, Հեքիմյան, Մանսուրյան եւ այլք): Համերգի «առաջին մասում» հնչեցվել են հայկական շարականներ, «որոնք ուղեկցվել են բուռն ծափերով»: Դահլիճի ուշադրությունից աննկատ չի մնացել եւ նվագախմբի տնօրեն, երիտասարդ կոմպոզիտոր եւ դաշնակահար Սիմոն Սարգսյանի՝ արցախյան ազատամարտերում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված «Հավերժ մեր սրտերում» ստեղծագործությունը, որը «հանդիսատեսն ունկնդրել է ոտքի վրա»… «Համերգից հատկապես տպավորված են եղել Լիոնի, Մարսելի, Բրյուսելի արվեստասերները, որոնց հոգեհարազատ են հայ մշակույթն ու արվեստը»,- ասում է Ս. Սարգսյանը եւ երախտիքի խոսքեր ուղղում նրանց, ՀԲԸՄ-ի ղեկավարությանը՝ կոլեկտիվի հյուրախաղերը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ուշագրավ է եւ այն, որ նշված քաղաքներում արցախցի հյուրերն արժանացել են պաշտոնական ընդունելության եւ պարգեւատրման:
«Լիոնում մարդկանց ջերմ արձագանքներից ոգեւորված՝ «հանպատրաստից» ելույթ ենք ունեցել նաեւ հայկական եկեղեցու բակում,- անկեղծանում է մաեստրո Գեւորգ Մուրադյանը:- Երբ նվագախմբի անդամներից Լիլիթ Պետրոսյանը հորդաբուխ սկսեց հայկական շարականների փունջը, հարյուրավոր երաժշտասերներ հավաքվեցին մեր շուրջը: Նրանց նորանոր անցորդներ էին միանում եւ բացականչում «բռավո»…»:
Կամերայինի գեղարվեստական ղեկավարը ոգեւորության հետ մեկտեղ չթաքցրեց իր մտահոգությունը: Նա անհանգստացած է, որ վերջին շրջանում տղամարդկանց քանակը կոլեկտիվում նվազել է, ինչը գլխավորապես պատճառաբանվում է երաժիշտների անհամեմատ ցածր վարձատրությամբ: Մինչդեռ տարիներ առաջ նման խնդիր չկար:
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ