Էներգետիկ աշխարհաքաղաքական դաշտը շատ հարցեր է լուծում, այս դաշտում խնդիրներ են կարգավորվում կամ ավելի խճճվում, այս դաշտի որոշումներից կախված՝ երկրներ են զարգանում կամ զարգացած երկրներ կանգնում մարտահրավերների առաջ։ Եվ վերջապես այս դաշտը գալիս է քաղաքական ու դիվանագիտական ասպարեզներում շատ խաղաքարտերի տեղերը պարզելու։ Ու, ի վերջո, նաեւ շատ քաղաքական հարցեր պայմանավորվում են տվյալ երկրի կամ երկրների էներգետիկ համակարգի կառուցվածքային (ոչ միայն) տրամաբանությունից ելնելով։ Վերցնենք Ռուսաստան-Եվրոպա օրինակը, Հայաստան-Ռուսաստանինը, Հայաստան-տարածաշրջանինը եւն։
Էներգետիկ աշխարհաքաղաքականության նրբությունները հասկանալով՝ հանգիստ կարող ենք հասկանալ այն հարցերի պատասխանները, որ երբեմն առաջին հայացքից հռետորական են թվում եւ իրավացիորեն վերագրվում աշխարհի անբարո լինելու հանգամանքին։ Հուզական տիրույթից դուրս այդ «անբարո ու քար աշխարհի» պահվածքը բացատրվում է զուտ շահով։ Ով ով՝ մենք էներգետիկ, ենթակառուցվածքային աշխարհաքաղաքական խաղերի հետեւանքները զգացել ենք 1915 թ., 1988-ից սկսած, 44-օրյա պատերազմի օրերին։ Մենք այսօր էլ կանգնած ենք էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության տարածաշրջանային մարտահրավերների առաջ…
Ծերադառնանք Եվրոպայի թեմային։ Դեռ օգոստոսին «Reuters»-ը, Գերմանիայի ֆինանսների նախարարության ամենամսյա հաշվետվությանը հղում անելով, գրել էր, թե այս երկրի տնտեսության հեռանկարը «մռայլ է» էներգիայի գների պատճառով եւ անորոշության բարձր մակարդակով պայմանավորված (ֆիննախը տնտեսության աճի կանխատեսումները կթարմացնի հոկտեմբերի 12-ին)։ Ֆինլանդիան էներգետիկ ճգնաժամով պայմանավորված՝ «ռազմական տնտեսությանն» անցման մտադրություն ունի։ Էստոնիայի վարչապետը կոչ է անում պատրաստվել էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, եթե Ռուսաստանը հանկարծ որոշի Բալթյան երկրները հանել ընդհանուր էներգահամակարգից։ ԱՄՆ-ն էլ խոստանում է, թե շարունակելու է Եվրոպա գազի մատակարարումներն ավելացնելու ուղիներ փնտրել (այնպես չէ, որ դրանք չկան, պարզապես նոր ենթակառուցվածքներ, ծախսեր ու ժամանակ են ենթադրում, ինչը հատկապես հետհամավարակային շրջանում ավելի է դժվարացնում երկրների բեռը)։ Մինչ ուղիները փնտրվում են, Ռուսաստանը էներգետիկ շուկայում հետքայլ չի անում եւ հայտարարում է, թե առնվազն 100 տարով ապահովված է գազի պաշարներով, որոշ հանքավայրեր կաշխատեն եւ գազ կարտադրեն մինչեւ 2120 թվական («Գազպրոմի» ղեկավար Ա. Միլլերն է այս մասին հայտարարել Նավթի եւ գազի արդյունաբերության աշխատողների օրվան նվիրված կոնֆերանսի ժամանակ)։
Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ երկրները համատեղ պատժամիջոցների վեց փաթեթ են ընդունել ընդդեմ Ռուսաստանի՝ ներառյալ ածխի եւ նավթի էմբարգոները: Իրականությունն այն է, որ պատժամիջոցների սահմանումը երկկողմանի էֆեկտ ունեցավ՝ գործելով նաեւ հենց բուն պատժամիջոցները սահմանողների դեմ։ Հետեւանքը եղավ այն, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում սննդամթերքի ու վառելիքի գնաճ եղավ։ «Deutsche Bank»-ի մասնագետներն արդեն հայտնում են Եվրոպայում սպասվելիք խոր ռեցեսիայի մասին, որ, ամենայն հավանականությամբ, նաեւ երկարատեւ կլինի։ Անորոշությունն այնքան մեծ է, որ Մեծ Բրիտանիայում դպրոցներն իրենց նոր դասագրքեր թույլ տալ չեն կարող, քանի որ էլեկտրաէներգիան թանկ է։ Եվրոպական որոշ երկրներում արդեն վառելափայտի պակաս է նկատվում («Washington post»):
Եվրոպական տարբեր երկրներ մտածում են էլէներգիայի անջատումների գրաֆիկներ կիրառել՝ ձմռանը դիմակայելու համար։ Ֆրանսիայում ցանցից երբեմն անջատում են խոշոր արդյունաբերական ընկերությունների, որ լարումն իջեցնեն։ Էներգետիկ ճգնաժամն ավելի ու ավելի սրվելու միտումներ ունի։
Էներգետիկ ճգնաժամին դիմանալու համար ԵՄ որոշ երկրներ վերսկսում են հանածո վառելիքի արդյունահանումը։ Բայց ՄԱԿ-ը այս քաղաքականության վերաբերյալ մտահոգություն է հայտնել այն առումով, որ եթե սա երկար տեւի, կաղտոտի շրջակա միջավայրը, Եվրոպան պետք է կենտրոնանա մաքուր էներգիայի վրա։ Ավելի խոր մտահոգություններ ունի Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարը, որ կարծում է, թե եվրոպական երկրների՝ էներգետիկ անվտանգության համար պայքարը սպառնում է քանդել նույնիսկ ԵՄ միասնությունը (եթե մի երկիրը, սեփական կարիքները հոգալու համար, որոշի չհամագործակցել հարեւան երկրի հետ)։
Մի խոսքով՝ էներգետիկ անվտանգությունը մի խնդիր է, որի մասին մտածելը օրակարգային է նաեւ մեզ համար՝ զարգացած Եվրոպայի օրինակն աչքներիս առաջ ունենալով։ Էներգետիկ անվտանգության ապահովման համար թե մեզ ինչ է անհրաժեշտ, մեկ անգամ չէ, որ նշել ենք։ Բայց ճիշտ ուղղորդվելու համար անպայման պետք է հետեւենք եւ հասկանանք, ընդգծում եմ, մասնագիտորեն ու նաեւ քաղաքական առումով իրատեսորեն հասկանանք Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքային տրամաբանությունը, հնարավորությունները՝ արտահանման, տարանցման եւ զարգացման մասով, Ադրբեջան-Եվրոպա էներգետիկ խաղերը, դրա այս կամ այն կողմ տրանսֆորմացվելու հնարավորությունները եւ, իբրեւ դրա հետեւանք, Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխությունները։ Եվ այս ամենի համապատկերում՝ Թուրքիայի էներգետիկ ռազմավարական գծերը։ Եվ այս ամենի համապատկերում՝ մեր երկրի էներգետիկ անվտանգության մասին մտածել ոչ թե այսօրվա տնտեսական փաստացի, այլ՝ վաղվա՛ ցուցանիշներից ելնելով։ Այսինքն՝ այսօր պետք է պահպանենք եւ զարգացնենք այնպիսի էներգահամակարգ, որը կկարողանա սպասարկել մեր վաղվա զարգացած (այլ ելք չունենք) տնտեսությունն ու դիմակայել հնարավոր մարտահրավերներին։