Յուրաքանչյուր պետության զինված ուժերի թիվ մեկ խնդիրը տվյալ երկրի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Օրերս Վարդենիսում Հայաստանում օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքների վերականգնման հրաման ունի:
Այն դեպքում, երբ ադրբեջանական զինուժը խախտել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները եւ արդեն երկրորդ տարին մեր հողի վրա է, բնական է, որ երկրի անվտանգության եւ տարածքային ամբողջականության պահպանման միակ գործառույթն ունեցող կառույցը պետք է ունենա նման հրաման եւ իր առաջ դրված թիվ մեկ խնդիր: Այստեղից հետեւում է, որ ՀՀ ԶՈՒ-ն պետք է հակազդի ադրբեջանական զինուժի՝ ՀՀ տարածք հետագա ներթափանցման փորձերին եւ լուծի երկրի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը:
Այն դեպքում, երբ միջազգային հանրության՝ Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու ուղղությամբ գործադրված միջոցներն արդյունք չեն տալիս, Հայաստանը պարտադրված է հզորացնել իր անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները: Մասնավորապես՝ դրա շրջանակներում է Հնդկաստանից 240 մլն դոլարի զենքի գնման գործընթացը, որն ունի բացառապես ադրբեջանական ագրեսիային հակազդելու նպատակ: Ադրբեջանական մամուլը հերթական հիստերիան է տարածում, թե այդ զենքն իրենց սահմանամերձ գյուղերը ռմբակոծելու համար են, այն դեպքում, երբ մինչ օրս Ադրբեջանն է ագրեսիայի հեղինակը, եւ Արցախի հարակից տարածքներն օկուպացնելուց հետո արդեն երկու տարի այդ գյուղերում քաղաքացիական բնակչությունը դեռ չի բնակվում:
Ռազմական անվտանգային բաղադրիչից բացի, ՀՀ-ն շարունակում է դիվանագիտական գործիքն օգտագործել Ադրբեջանին զսպելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարեց Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին: Դրանից օրեր անց՝ սեպտեմբերի 30-ին, Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների հետախուզական գործունեության 18-րդ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Ներկայում քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելու Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ պայմանավորվածությունների իրականացման, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրման»։
Այս ամենը խոսում է այն մասին, որ եւ՛ Հյուսիսում, եւ՛ Արեւմուտքում գիտակցում են, որ Թուրքիայի հրահրմամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը հղի է տարածաշրջանը լայն առումով ապակայունացնելու հեռանկարով՝ ՀՀ-ի՝ իր սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականության եւ աշխարհաքաղաքական քարտեզը փոխելու փորձերի դեպքում՝ Իրանի՝ ռազմական գործողությունների դիմելու բարձր հավանականության իրողությունների ներքո: Ուկրաինական ճգնաժամի պայմաններում, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից, ոչ մեկին ձեռնտու չէ տարածաշրջանի ապակայունացումը, քանի որ վերջիններս փորձում են օգտվել աշխարհում ստեղծված անկայուն վիճակից:
Այս պայմաններում իր անվտանգային համակարգի բոլոր բաղադրիչների գործադրման Հայաստանի քայլերին դրական արդյունքներ ապահովելու համար կան միջազգային կոնսենսուսի բարենպաստ պայմաններ: