2005 թ. Իրանի Մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդը հաստատել է որոշում, որտեղ ընդհանուր գծերով շեշտվել է պարկեշտության մշակույթի տարածման անհրաժեշտությունը, որի հիման վրա օրինապահ ուժերում ձեւավորվել է «առաջնորդության պարեկություն» (ԱՊ)։ Այն կյանքի է կոչվել 2006 թ., սկզբնական շրջանում ԱՊ-ի պարտականությունները սահմանափակվում էին միայն իսլամական զգեստավորմանը (Հիջաբ) պատշաճ կերպով չհետեւող կանանց բացատրելով ու հիշեցումով, սակայն ամիսներ անց արդեն «վատ հիջաբովներին» նաեւ ձերբակալում էին։ Հասան Ռոհանիի օրոք ԱՊ-ի գործունեությունը բավական մեղմացել էր։
Հասարակության մեջ կա մի խավ, որը չի ընդունում «հիջաբի» պարտադիր լինելը, նույնիսկ նշում է, որ Ղուրանը դա չի պարտադրում, եւ ըմբոստանում է։ Կան նաեւ «հիջաբին» խստագույնս հետեւող հավատացյալներ, ոմանք էլ հակված են «Մաշրեղ» բլոգի տեսակետին, որը վերջին իրադարձությունների առիթով շեշտել է. «Հիջաբն ու անվտանգությունն իրանցիների մշտական ու պատմական պահանջներն են, ովքեր հարվածում են դրանց՝ կամ իրանցի չեն, կամ էլ օտարին են վաճառել իրենց ինքնությունը»։ Ընթացիկ տարում «հիջաբի» վերաբերյալ ավելի խիստ որոշումներ են ընդունվել, ակտիվացել է նաեւ ԱՊ-ն՝ հասարակական վայրերում ձերբակալում է վատ զգեստավորվածներին, երբեմն ուժ գործադրելով՝ տանում մեկօրյա դասընթացների, ինչը լուրջ դժգոհությունների պատճառ է դարձել։ Եվ, ահա, սեպտեմբերի 13-ին Քրդստան նահանգի Սաղեզ քաղաքից եղբոր հետ Թեհրան է գալիս 22-ամյա Մահսա Ամինին, որին ԱՊ-ն ձերբակալում է ու դասընթացների տանում, սակայն գլխին ստացած հարվածից նա կոմայի մեջ է ընկնում ու, գիտակցության չգալով՝ մահանում է։ Հանգամանք, ինչի բերումով բողոքի ցույցերի հզոր ալիք բարձրացավ ողջ երկրի մակարդակով՝ «Կին, կյանք, ազատություն» գլխավոր կարգախոսով, ընդդեմ պարտադիր «հիջաբի», սակայն օրակարգ մտան նաեւ ավելի արմատական կարգախոսներ՝ վարչակարգի ու երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեիի դեմ։ Դրանք լուրջ արձագանք են գտել աշխարհում, մասնավորապես արեւմտյան երկրներում, որոնք Թեհրանին մեղադրում են մարդու իրավունքները ոտնահարելու, ցուցարարների դեմ բիրտ ուժ կիրառելու մեջ։ Ցույցերը շարունակվում են առ այսօր, թեեւ համեմատաբար թուլացել են։
Տարբեր երկրներում Իրանի 8 միլիոնանոց սփյուռքը, ի պաշտպանություն ցուցարարների, ցույցեր է կազմակերպում, իսկ պարսկերենով հեռարձակվող մի քանի տասնյակ հեռուստառադիոալիքներ ու կայքեր, իրենց ծրագրերը փոփոխելով, կենտրոնացել են Իրանում տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ տեղեկատվությունների ու մեկնաբանությունների վրա՝ հաճախ տեղի ունեցողն անվանելով հեղափոխություն։ Իսկ «պղտոր ջրում ձուկ որսալու» վարպետ Թուրքիայում, որտեղ առկա է խոսքի ազատության սահմանափակում, ոչ միայն ԶԼՄ-ներում ազատորեն քննադատում են Թեհրանին, այլեւ բողոքի ցույցեր են տեղի ունենում ընդդեմ Իրանի իսլամական վարչակարգի, ի նշան քրդուհի Մահսայի մահվան՝ տարբեր քաղաքներում, տարբեր քաղաքական ուժեր ու ակտիվիստներ բողոքի ցույցեր են կազմակերպում։ Իսկ պաշտոնական Անկարան լռում է, ինչը պետք է բացատրել «լռությունը համաձայնության նշան է» համատեքստով, քանի որ Անկարայի համաթյուրքական ձգտումների՝ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին խիստ դեմ եւ հստակ դիրքորոշում ունի Իրանը, որը պատրաստ է գործնական քայլերի դիմել։ Իսկ Էրդողանը ջանք չի խնայում այն իրականացնելու ուղղությամբ, ուստի Իրանում զարգացումների շարունակումը բխում է վերջինիս շահերից։ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, Վանում, Հաքարիում, Դիարբեքիրում եւ այլուր քաղաքական, քաղաքացիական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ բողոքի ցույցերով դատապարտել Իրանի կանանց ազատությունները սահմանափակող քաղաքականությունը, իրանցի ցուցարարների գլխավոր կարգախոսով։ Ավելին, թուրք հայտնի երգչուհի Մելեք Մոսսոն համերգի ժամանակ «վարսերը կտրել» է՝ ի պաշտպանություն Իրանի կանանց՝ հայտարարելով, թե ինքը երգում է նաեւ նրանց փոխարեն։ Նրա օրինակին հետեւել են նաեւ ավելի քան 2 տասնյակ թուրք արվեստագետներ՝ նկարիչներ, դերասաններ ու երգիչներ, բայց նրանք եթե նույն ոգով քննադատեին Էրդողանին, հիմա արդեն ազատության մեջ չէին լինի։
Հատկանշական է քրդամետ Ժողովուրդների ժողովրդավար (HDP) կուսակցության ակնհայտ ակտիվությունը, ինչը գուցեեւ պայմանավորված է Մահսայի քրդուհի լինելով։ Սա այն դեպքում, երբ Իրանում ազգությունների հանդեպ խտրականութուն չկա, որոշ սահմանափակումներ ունեն կրոնական փոքրամասնությունները։ Եթե Մահսան լիներ Շիրազից, Թավրիզից, Թեհրանից, կարճ ասած՝ այդ երկրի ցանկացած անկյունից, հակազդեցությունը նույնը կլիներ՝ 100 քաղաքներում կդատապարտվեր նրա մահը։ Հիշյալ կուսակցության նախկին քարտուղար, անազատության մեջ գտնվող Սելահաթին Դեմիրթաշը, խստիվ դատապարտելով Մահսայի մահը, ի նշան բողոքի՝ գլուխը սափրել է, կուսակցության համանախագահ Փերվի Բուլդանը եւս տարբեր առիթներով դատապարտել է տեղի ունեցածը։ Նման դիրքորոշումը, թերեւս, տարօրինակ է, երբ նրանք քաջատեղյակ են, որ Մահսայի դեպքը բնավ էլ պայմանավորված չէ նրա ծագումով, մինչդեռ ոչ ոք նրանցից ավելի լավ չգիտի, թե Անկարան ինչ անասելի ճնշումների է ենթարկում քրդերին։ Այս առնչությամբ հատկանշական է անազատության մեջ գտնվող Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի (DTK) համանախագահ Լեյլա Գյուվենի քրդական, նաեւ այլ ԶԼՄ-ներում հրապարակված՝ «Իշխանավորները ի՞նչ են ուզում մեր մեռածների դիերից» բավական ծավալուն հոդվածը, որում շեշտվում է, թե ի սկզբանե, երբ ձեւավորվել է մարդկային հասարակությունը, պատերազմներում ու այլ դեպքերում մահացածներին վերաբերվել են բարոյական կանոններով, ապա՝ միջազգային օրենքներով։ Մինչդեռ անցյալ 50 տարվա ընթացքում քրդերի դիակների հանդեպ տեղի է ունեցել անասելի վայրագություն։ Սա այն դեպքում, երբ Թուրքիայի բնակչության 90 տոկոսը մահմեդական է, իսկ իսլամի օրենքներով պետք է հարգալից լինել մահացածի հանդեպ, ընդգծել է Գյուվենը։ «Այս երկրի վերաբերմունքը քրդերի դիակների հետ միշտ էլ վայրագ է եղել» ենթավերնագրի ներքո նա ներկայացրել է նաեւ անցյալ դարի 90-ականներից դեպքեր, որոնք ցուցադրվել են հեռուստատեսությամբ, որտեղ զինվորներն անդամահատել են քուրդ երիտասարդների դիերը եւ նկարվել գլուխների հետ։ Գյուվենը նշում է, որ 2000-ականներից սկսած մինչեւ այժմ էլ դիերը չեն հանձնում ընտանիքներին ու թաղում են անհայտների գերեզմանոցում։
Նա անդրադառնում է հասցեական բազմաթիվ դեպքերի, երբ սպանվածին հողին են հանձնել ծնողները, սակայն այս դեպքում էլ, հարձակվելով գերեզմանների վրա, ոսկորները տարածել են շրջապատում, ծնողները դրանք հավաքել եւ վերաթաղել են։ Նա զարհուրելի բազմաթիվ դեպքեր է նկարագրում, օրինակ, մեկ տարի ծնողներին չեն հանձնել որդու դին՝ անհաղորդ մնալով ծնողների խնդրանքին։ Սակայն, ի վերջո, դատախազությունը կանչում է նրանց, հանձնում ոսկորներով մի պարկ, երբեմն էլ ոսկորներն ուղարկում են փոսային ծանրոցով եւ այլն։ Հեղինակը «Իշխանություններն ու ընդդիմությունը միայն մեկ ընդհանուր կետ ունեն, դա քրդերի հանդեպ վայրագությունն է» ենթավերնագրով հատվածում շեշտում է, թե նրանք դաժան են մահացած ու կենդանի, ահել ու ջահել քրդերի հանդեպ։ Ապա կարեւորում ձախակողմյան դիրքորոշմամբ թուրք ռեժիսոր, սցենարիստ, քաղաքական գործիչ Սերի Սյուրեյա Ույնդրի խոսքերը. «Դուք չպետք է թողնեիք, որ հայերին ծեծ տային»։ Նա շեշտում է, որ քրդերի հանդեպ անարդարությունը պետական ծրագիր է, անկախ օրվա իշխանություններից, այժմ էլ քրդերն անհավատ, ահաբեկիչ, անջատողական, հայ, զրադաշտական եւ այլն են՝ հավելելով, որ թուրքերի նպատակը քրդերի ինքնությունը, լեզուն ու մշակույթը վերացնելն է։