«Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները»: Հովհաննես Թումանյանի հանճարեղ «Անկեղծ չենք» հոդվածը հիշատակվել ու մեջբերվել է բազմիցս։ Այն շարունակվելու է մեջբերվել, որովհետեւ աշխարհը խաղերի մեջ է ընկղմված ու շարունակելու է սուզվել կլանող հորձանուտը՝ կամա թե ակամա։
Քաղաքական խաղեր, քաղաքացիական խաղեր, դիվանագիտական խաղեր, ֆինանսական ու տնտեսական խաղեր, աշխարհաքաղաքական խաղեր, համակարգչային խաղեր… Վերջինս ոչ միայն ներառված է նշված բոլորի մեջ, այլեւ հաճախ շարժիչ ուժ է դրանց համար, երբեմն նաեւ սպառնում է այդ բոլորին։
Հին ժամանակներում, անգամ մինչեւ վերջերս մեր մտապատկերում առաջին տեղում մարզական խաղերն էին, մեր մաքուր եւ անկեղծ ոգեւորության աղբյուրը, մեր տրամադրության եւ զգացմունքների մեջ դրական հույզեր ներարկողը, ինչու չէ, երբեմն նաեւ շարժիչ ուժը, մեր ինքնության գիտակցման ու հպարտության բարձրակետը՝ Վարազդատ թագավոր, Հրանտ Շահինյան, Ալբերտ Ազարյան, Յուրի Վարդանյան…
Ցավոք, այսօր մարզական խաղերը դարձել են վերը թվարկյալների ածանցյալն ու լիակատար կախվածության մեջ են դրանցից, դարձել են դրանց տնօրինյալը եւ սպասարկուն։ Բավական է ընդամենը հիշել դոպինգ-սկանդալների ցանկը, մարզական կազմակերպությունների ղեկավարների ընտրությունների, մարզիկներին ու թիմերին որակազրկելու, խոշոր մարզական մրցաշարերի անցկացման վայրերի հետ կապված սկանդալները եւ այլն։
Պատահակա՞ն է, որ հանրությունը թե՛ Հայաստանում եւ թե՛ արտերկրում, անկախ ազգությունից, յուրաքանչյուր գործողության, հայտարարության, ակցիայի մեջ առաջին հերթին խաղ է տեսնում՝ քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, մի խոսքով՝ վերը թվարկած խաղերի ողջ տեսականին՝ ողջ թշվառությամբ եւ պերճանքով։ Այդ խաղն իր բոլոր հետեւանքներով լինում է միաժամանակ եկամտաբեր եւ կործանարար, այդ պատճառով էլ մարդկությունն ավելի է ընկղմվում դրանց մեջ:
Մոլախաղեր ասվածն այլեւս վերաբերում է ոչ միայն օնլայն եւ իրական խաղատներին կամ խաղադրույքներին, այլեւ հենց վերը նշված «խաղատեսակներին»: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ, օրինակ, քննարկվում է որոշ մարզաձեւեր օլիմպիական խաղացանկից հանելու, որոշներն էլ՝ ավելացնելու հարցը, քննարկվում է, թե որ պատժամիջոցը երբ եւ ում հանդեպ կամ ինչպես կիրառել, քննարկվում է, թե այս կամ այն քաղաքական որոշումը ինչպես բառացիորեն ավելի շահավետ օգտագործել եւ այլն: Դոպինգ ասվածը, որ նախկինում բնորոշ էր համարվում միայն մարզական ոլորտին, ինքնաբերաբար տեղափոխվում է նաեւ այլ ասպարեզներ: Տարբերությունն այն է, որ եթե սպորտի պարագայում որակազրկում է սպառնում, ապա մյուս՝ ֆինանսական, դիվանագիտական կամ որեւէ այլ ոլորտում դա նույնիսկ նոր շահաբաժիններ է բերում: Հայտնի խոսքը ձեւափոխելով՝ հանգիստ կարելի է արձանագրել՝ կան հավերժական/մշտական խաղեր, կան հավերժական/մշտական շահեր…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ