Արեւային ջրատաքացուցիչների տեղադրմանն Արցախում ձեռնամուխ են եղել դեռ մինչեւ 2020 թ. 44-օրյա պատերազմը: Արեւային էլեկտրաէներգիան լայնորեն սկսել է կիրառվել Շուշիի եւ Ասկերանի շրջանների մի շարք բնակավայրերում, ինչպես նաեւ մայրաքաղաք Ստեփանակերտի որոշ բժշկական հաստատություններում ու ձեռնարկություններում: Ծրագիրը հատկապես հաջողությամբ ներդրվել էր Քարին տակ համայնքում եւ բերդաքաղաքում: Սակայն Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով կատարված հսկայական աշխատանքները հողին հավասարեցվեցին, եւ համակարգին մեծ վնաս հասցվեց:
Արեւային էներգիայի ստացմանը, ժամանակակից նոր վահանակների տեղադրմանը միտված ծրագրերը հանրապետությունում նոր թափ ստացան վերջին մեկ տարում, երբ մասնավորապես հակառակորդի կողմից խափանվեց Հայաստանից Արցախ ձգվող գազատարը: Էներգետիկ ճգնաժամը երկրում զգացնել տվեց հատկապես մարտ ամսին, երբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով բնակչությունը գրեթե անելանելի վիճակում էր հայտնվել: Հենց այդ դժվարին ժամանակներում էր, որ Հայ օգնության միությունն իր հերթական աջակցությունն առաջարկեց ԱՀ կառավարությանը՝ ձեռնարկելով արեւային ջրատաքացման սարքերի տեղադրման ծրագրի իրագործման ակտիվ գործընթացը:
Ինչպես ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՕՄ-ի Արցախի միավորման ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը, կառույցի Կենտրոնական վարչության պատվիրակության՝ Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Արցախի կառավարության հետ՝ համահավասար ներդրում կատարել ծրագրի հաջող իրականացման համար: Եվ արդեն օրեր անց այդ ուղղությամբ մեկնարկել են աշխատանքները:
Լ. Մարտիրոսյանի հավաստմամբ. «Ծրագրի նպատակն է՝ ապահովել արցախահայության կյանքի բնականոն ընթացքը հայրենի հողի վրա, նվազագույն պայմաններ ստեղծել էներգետիկ խնդիրները լուծելու եւ էլեկտրաէներգիայի խափանումներից խուսափելու համար»: Ըստ արցախյան գրասենյակի ղեկավարի՝ ծրագրի իրագործման նպատակով միայն Կանադայի շրջանային վարչությունը 100 000 ԱՄՆ դոլար նվիրատվություն է կատարել: Լ. Մարտիրոսյանի խոսքով՝ սկզբնական փուլում ծրագրի շահառու են զոհված, հաշմանդամություն ունեցող անձանց եւ բազմազավակ ընտանիքները, որոնց ընտրության հարցում կառույցի պատասխանատուները համագործակցել են ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության հետ: Աշխատանքային հանձնախմբի հետ համապատասխան աշխատանքներ են իրականացվել համայնքներում՝ նրանց ղեկավարների հետ տեղում քննարկումներ են տեղի ունեցել, ուսումնասիրվել են բազմանդամ եւ շահառու ընտանիքների սոցիալական խնդիրները: Ջրատաքացուցիչների տեղադրման հարցում առաջնահերթությունը տրվել է արցախյան պատերազմներում զոհվածների եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին: Զրույցի ժամանակ ՀՕՄ-ի ներկայացուցիչը եւս մի ուշագրավ հավելում արեց: Նրա հավաստմամբ՝ «գազաֆիկացված համայնքներում Արցախի կառավարությունը սուբսիդավորելու է անհրաժեշտ գումարի 50 տոկոսը, իսկ գազաֆիկացված համայնքներում ՀՕՄ-ը հանձն է առել հոգալ ջրատաքացուցիչների տեղադրման ամբողջ ծախսը: Նա ավելորդ չհամարեց նշել, որ իրավական հարցերը լուծում են ստացել եւ համապատասխան պայմանագրեր են կնքվել ԱՀ կառավարության, ՀՕՄ-ի Արցախի միավորման մատակարար «Շտիգեն» ընկերության եւ ծրագրի շահառուների միջեւ:
Ըստ Լիլիթ Մարտիրոսյանի՝ ծրագրի առաջին փուլի շահառու են դարձել 100-ից ավելի ընտանիքներ: Ընդ որում՝ աշխատանքների մեկնարկը տրվել է Մարտունու շրջանի Ննգի, Կաղարծի եւ Պառավաթումբ չգազաֆիկացված համայնքներից: «Շտիգեն» ընկերության Արցախի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հավաստիացնում է, որ Կաղարծի եւ Պառավաթումբ համայնքներում արդեն ավարտել են ջրատաքացուցիչների տեղադրումը: Այժմ այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում Ննգիում: Նրա խոսքով՝ մինչեւ տարեվերջ նախատեսված է ավարտին հասցնել 100 արեւային սարքերի տեղադրումը: