Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առանձնազրույցում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների եւ ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համաձայնագի «Ճանապարհային քարտեզի» շրջանակներում ակտիվ փոխգործակցությունը, ինչը կնպաստի ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության, ինչպես նաեւ հանրային կառավարման, այդ թվում` արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանը:
Շառլ Միշելը ողջունել է վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերը: Այս առումով Եվրոպական խորհրդի նախագահը կարեւորել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Նա շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու եւ ընդլայնելու գործակցությունը ՀՀ կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը եւ տեղեկատվություն ներկայացրել այդ ուղղությամբ իրականացվող դիվանագիտական ու բանակցային գործողությունների, ինչպես նաեւ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված իր կողմից մայիսի 27-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ գործողություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը, հայ ռազմագերիների վերադարձի ապահովման ուղղությամբ քայլերի իրականացումը եւ ողջունել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:
Զրուցակիցները առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում: