«Բերդաքաղաք Շուշիի մշակութային ժառանգության յուրացման եւ ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը». այս թեման էր արծարծվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում բանախոսների կողմից կազմակերպված մամուլի ասուլիում, որ նախաձեռնել էին Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը եւ բուհի Կովկասագիտության կենտրոնը:
Խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետեւանքով թշնամու կողմից ոչնչացվող եւ յուրացվող մշակութային ժառանգությանը, ցավով արձանագրեց, որ հարազատ օջախներից բռնի տեղահանված մարդիկ չեն հասցրել անգամ իրենց հետ վերցնել ընտանեկան արխիվները, լուսանկարները. «Նրանք իրենց հետ տարել են միայն բանավոր հիշողություններ՝ այդ ամենի վերաբերյալ: Ասել է թե՝ նոր բնակավայրերում նրանք «նոր կյանք են սկսել՝ առանց առարկայական հիշողության, ինչը, բնականաբար, հոգեկան լուրջ ցնցումներ է առաջ բերել՝ առողջության համար ամենավտանգավոր դրսեւորումներով»:
Բանախոսն իր խոսքում պատմամշակութային հուշարձանների, թանգարանային նմուշների կորուստն աղետալի որակեց: Ս. Շահվերդյանը փաստեց, որ Շուշիում է մնացել թանգարանային եւ արվեստի գործերի 13 հավաքածու: Այդ շարքում նա մասնավորապես առանձնացրեց Շուշիի պատմական, կերպարվեստի, Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանները, բերդաքաղաքի պատկերասրահը, միջազգային պուրակը, արվեստի կենտրոնի ցուցասրահը, արցախյան գորգերի եւ դրամագիտության թանգարանները, «Նարեկացի» արվեստի միության ու մի շարք ցուցասրահներ, որտեղ մեծաքանակ գիտական եւ պատմական, ազգային արժեքներ էին պահպանվում: Ս. Շահվերդյանն ափսոսանք հայտնեց, որ հնարավոր չի եղել կործանումից փրկել գիտական նշանակություն ունեցող հավաքածուներ, արվեստի բացառիկ նմուշներ: «Այսօր մեր գործունեության նպատակն է վերստեղծել, վերականգնել այդ հավաքածուների ցանկերը, հստակեցնել դրանց գրանցամատյաններն ու ամբողջ փաստաթղթերը»: Չնայած ԿԳՄՍ նախարարության համապատասխան մասնագետների աջակցությամբ պետական խորհուրդը մեծ դժվարությամբ կարողացել է վերականգնել բերդաքաղաքի որոշ թանգարանային հավաքածուների ցանկերը՝ լուսանկարների, տեսահոլովակների եւ ֆիլմերի շնորհիվ, այնուամենայնիվ, դեռ շատ են անելիքները: Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահը համոզմունք հայտնեց, որ «այդ ցանկերը կարող են հիմք ծառայել ապագա պահանջատիրական գործունեության համար»: Կառույցի պատասխանատուի հավաստմամբ՝ առաջիկայում նախատեսված է նաեւ Հադրութի շրջանի պատմամշակութային կոթողների տվյալների հավաքագրման գործընթաց իրականացնել:
Պատմական գիտությունների թեկնածու Մելանյա Բալայանի կարծիքով՝ երբ Ադրբեջանը հրթիռակոծեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ Մայր տաճարը, դրանով հարված հասցվեց ոչ միայն եկեղեցուն, այլ նաեւ հայ ինքնությանը: Խոր մտահոգություն հայտնելով այդ առնչությամբ՝ նա արձանագրեց. «Այսօր մեր մշակութային կոթողները մնացել են քաղաքակրթություն կործանող պետության հսկողության տակ, որոնք ավերվում, ոչնչացվում են, պղծվում: Վերացվում է հայկական հետքը, ինչը հեռահար նպատակներ է հետապնդում: Ինքնությունը խեղաթյուրելու գործում մեր ոչ բարով հարեւանները վարպետացած են»:
«Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը, ներկայացնելով իր դիտարկումները հարեւան երկրի իշխանությունների հովանավորությամբ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հանցավոր գործողությունների վերաբերյալ, նշեց, թե «հավատարիմ իր ցեղասպան ձեռագրին՝ Ադրբեջանը բռնազավթած հայկական պատմական տարածքներում տարբեր տարիներին ավերել եւ յուրացրել է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը՝ նպատակ հետապնդելով այդ բնակավայրերում լիովին վերացնել հայկական հետքը:
«Արցախի Հանրապետության դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի ընթացքում եւ այդուհետ ամենօրյա պարբերականությամբ թիրախավորվում են հասարակական նշանակության կառույցներն ու կրթամշակութային հաստատությունները, պատմական հուշարձանները,- ասաց նա:- Ուղիղ երկու տարի առաջ ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորեցին եւ մեկ օրվա ընթացքում երկու անգամ խոցեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը: Նման ճակատագրի արժանացան «Կանաչ ժամը», պատմական մշակութային այլ հուշարձաններ: Դա Ադրբեջանի ձեռագիրն է»: Կովկասագիտության կենտրոնի ղեկավարը կարծում է. «Պատերազմական գործողությունների ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ոչ միայն մշակութային ցեղասպանություն է, այլ նաեւ` ռազմական հանցագործություն, որն ամրագրված է միջազգային մի շարք կոնվենցիաներում եւ բանաձեւերում»:
Հ. Ավանեսովի համոզմամբ՝ իրականացրածը Թուրքիայի եւ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության անպատժելիության հետեւանք է: Չնայած հիշյալ հանցագործությունների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային այլ կազմակերպություններին հղած պաշտոնական նամակներին առայսօր ոչ մի արձագանք չկա, եւ «Արցախի օկուպացված տարածքներում այսօր էլ յուրացվում ու ոչնչացվում է հայկական հարուստ մշակութային ժառանգությունը, որը համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է կազմում»: