Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է, եւ այն պետք է դիտարկվի հայ-ադրբեջանական խնդիրների համալիր լուծման համատեքստում: Բաքուն առաջարկում է երկու պետության միջեւ դեմարկացիան իրականացնել փոխադարձ սահմանները ճանաչելով: Հայաստանն արդարացիորեն հայտարարում է, որ այդ խնդիրը կարող է լուծվել միայն Արցախի կարգավիճակի հարցի քննարկման հետ համալիր գործընթացների շրջանակներում:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի ներկայիս պահվածքը խնդրի լուծումը տանում է փակուղի, եւ երկու երկրի հարաբերությունները կարգավորելու, տարածաշրջանային ենթակառուցվածքները բացելու մասին հայտարարությունները դատարկ խոսքերից այն կողմ չեն անցնելու: Այդ մասին են վկայում այս երկրի վերջին հայտարարությունները, որոնցով հերթական անգամ կրկնում են նախկինում հնչեցրած ապակառուցողական թեզերը։
Այս անգամ էլ Ադրբեջանը, գերիների եւ սահմանների հարցերով ԵԱՀԿ միջնորդությանն արձագանքելով, հայտնեց, որ այդ կառույցը կարող է միայն օգնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների կատարմանը: Սակայն բոլորին է հայտնի, որ այդ փաստաթղթում առկա են միայն հրադադարի հաստատման եւ խաղաղապահների տեղակայման մասին դրույթներ, այնտեղ չկա որեւէ խոսք արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման մասին, որը երկարաժամկետ եւ հիմնարար լուծումների միակ երաշխիքն է:
ՀՀ ԱԳՆ-ն մշտապես ասել է, որ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց, եւ միայն խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման։ Արդյունավետ գործընթաց ապահովելու համար պետք է հաշվի առնվեն Արցախի ժողովրդի իրավունքները։ Հայկական կողմը հաստատապես մնում է այն դիրքորոշման, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի տեղի բնակչության ինքնորոշված տարածքների սահմաններում։ Դրա համար առաջնային է ԵԱՀԿ Մինսկի խմբի բուն առաքելությանը վերադառնալը, որտեղ դրված են հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքները։ Այսօր Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին ողջ աշխարհը կարծում է, որ շեշտը պետք է դրվի Արցախի հիմնահարցի վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորման վրա։
ՀՀ սուվերեն սահմանները խախտելով, այլ սադրիչ գործողություններ իրականացնելով՝ Բաքուն ոչ միայն հեռանում է հիմնահարցի հիմնարար կարգավորումից, այլեւ առաջին հերթին արգելափակում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը: Վերջինիս վարքը տրամագծորեն հակասում է իր եւ «ավագ եղբոր»՝ Թուրքիայի՝ տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտ ու համագործակցության միջավայր ձեւավորելու հայտարարություններին։ Անդրկովկասում ստեղծելով նման լարված իրավիճակ՝ Ադրբեջանը հարցականի տակ է դնում նաեւ ենթակառուցվածքների բացման հեռանկարը, ինչին այդքան ձգտում է Թուրքիայի հետ միասին։
Հետեւողականորեն մերժելով միջազգային կառույցների միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանը հարցականի տակ է դնում խնդրի կարգավորումը։ Մյուս կողմից էլ այս իրավիճակի լարումը տարածաշրջանում մեծ խաղացողներին օրինաչափորեն ստիպում է ներգրավվել երկու երկրի միջեւ ընթացող գործընթացներին։ Արդյունքում Ադրբեջանն Անդրկովկասը դարձնում է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ։