Փաստ է, որ 44-օրյա պատերազմին ընդամենը հետեւել է հրադադարը, բայց այն չի ավարտվել: Ռազմական գործողությունները պարբերաբար շարունակվում են ինչպես հայ-ադրբեջանական սահմանին եւ Արցախ-Ադրբեջան շփման գծում, այնպես էլ մյուս բոլոր ճակատներում, մասնավորապես՝ նման իրավիճակ է տնտեսության եւ տեղեկատվական ոլորտներում:
Տնտեսության ոլորտում պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ուղղված է ոչ միայն տարածաշրջանային ծրագրերից Հայաստանը դուրս թողնելու քաղաքականություն տանելու փորձերին, այլեւ սահմանային բախումներով հայկական տնտեսական համակարգի համար ռիսկի գործոնի մեծացմանը, որը կարեւորագույն նշանակություն ունի այս առաջնային ոլորտի համար:
Այս ամենին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է տեղեկատվական պատերազմը՝ այդ ուղղությամբ ներգրավելով մեծ ֆինանսական ռեսուրսներ: Միջազգային հարթակներում լոբբիստական բնույթի հոդվածների եւ ելույթների պատվիրումից բացի, Բաքուն հայկական պետությունների դեմ օգտագործում է հաքերների մեծ խմբավորում:
Վերոնշյալի համատեքստում՝ սեպտեմբերի 13-ի գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր էին կոտրել։ Նման կայքերի թվում են եղել ինչպես պետական մարմինների, այնպես էլ տարբեր առեւտրային, հասարակական կազմակերպությունների, անհատների անձնական կայքեր։ Հատկանշական է, որ կոտրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ Արցախի պետական կառույցների կայքերը: Ադրբեջանցիներն այդ գործողությունների միջոցով իրենց կեղծ քարոզչությունն են տարածել կոտրված կայքէջերում: Հակերային հարձակման էին ենթարկվել նաեւ Հայաստանում տնտեսական գործունեություն իրականացնող արտասահմանյան ընկերությունների, մասնավորապես՝ ՌԴ-ն ներկայացնողների կայքերը:
Այս ամենը փաստում է, որ Ադրբեջանը նույն ինտենսիվությամբ շարունակում է պատերազմական գործողությունները, որը ներկայում առավել ակտիվ է տեղեկատվական ոլորտում: Վերջինս, տեխնոլոգիաների մեր դարաշրջանում, առաջնային նշանակություն ունի պետությունների անվտանգային համակարգում: Ռազմի դաշտից հետո, թերեւս, այն այսօր իր կարեւորությամբ երկրորդն է:
Վերջին հակերային հարձակումն ահազանգ է պատասխանատու մարմինների համար՝ խնդրին ավելի լուրջ եւ հետեւողական մոտեցում ցույց տալու համար: Հայաստանը «ռազմաճակատի» այս հատվածում միանշանակ ռեսուրսի պակասի խնդիր չունի: Այստեղ արդյունքի հասնելու համար պետք է աշխատանքները համակարգվեն: Առաջին հերթին պետք է բացահայտվեն Ադրբեջանի կողմից նման հակերային հարձակումները հաջողելու պատճառները՝ ուժեղացնելով համակարգային անվտանգության գործիքները:
Ադրբեջանը նման գործողություններով պարբերաբար հիշեցնում է, որ չի ցանկանում պատերազմն ավարտել, հետեւաբար՝ հայկական կողմը պետք է պատրաստ լինի նման հարձակումներին, քանի որ միայն ցավոտ պատասխաններով եւ հակընդդեմ հարձակումներով է հնարավոր Բաքվին բերել կառուցողական դաշտ: