ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն արվեստի կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ֆինանսավորման նոր մոդելի մշակման եւ ներդրման հարցերը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Ընդգծելով, որ բուհերի ֆինանսավորման ներկա մոդելը զարգացման հնարավորություն չի ընձեռում, նախարարի տեղակալն անդրադարձել է գործող մոդելը փոփոխելու անհրաժեշտությանը։
«Եթե բուհի բյուջեի 65-70 տոկոսը կազմում է աշխատավարձի ֆոնդը, մնացածն էլ պահպանման ծախսն է, այդ բուհը չի կարող զարգացում ունենալ: Պետությունը կարեւորում է ֆինանսավորման համակարգի փոփոխությունը` որպես նպատակ ունենալով որակյալ մասնագետների թողարկումը»,- նշել է Կարեն Թռչունյանը՝ ավելացնելով, որ ֆինանսավորման բանաձեւի շուրջ ընթացող քննարկումների նպատակը բուհերի մոտեցումներին եւ առաջարկներին ծանոթանալն է:
Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել արվեստի ոլորտի կրթական ծրագրերի իրականացման եւ ֆինանսավորման առանձնահատկություններին: Այդ համատեքստում բուհերի պատասխանատուները ներկայացրել են իրենց մոտեցումները: Անդրադարձ է եղել ֆինանսավորման բանաձեւի գլխավոր բաղադրիչներից մեկի՝ ուսանողների եւ դասախոսների թվի հարաբերակցության գործակցին։
Առաջարկություններից մեկի համաձայն` կրթական որոշ ծրագրերի, օրինակ՝ երաժշտական արվեստի ֆինանսավորումը, պետությունը պետք է ամբողջությամբ իր վրա վերցնի, քանի որ արվեստի ոլորտը չի կարող զարգանալ առանց պետական լիարժեք հոգածության:
Բարձրացվել է նաեւ բարձրագույն մասնագիտական կրթության ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանության հարցը. դրա մեջ զարգացման բաղադրիչը պե՞տք է ներառել, թե՞ ոչ, որքանո՞վ է զարգացման բաղադրիչը հաշվի առնվում պետության կողմից բուհերին տրվող պետական պատվերի ժամանակ, եւ ընդհանրապես, ինչպե՞ս է հաշվարկվում այս կամ այն մասնագիտական վարձավճարի չափը։ Նշված եւ այլ հարցերի ուսումնասիրության եւ վերլուծության գործում ԿԳՄՍ նախարարությունը, ըստ Կարեն Թռչունյանի, ակնկալում է բարձրագույն ուսումնական հաստատությունների շահագրգիռ աջակցությունը։
Անդրադառնալով ուսումնական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ներդրման հարցին՝ նախարարի տեղակալը նշել է, որ հետազոտական բաղադրիչը նպաստում է առաջնային դիտվող կոմպետենցիաների ձեւավորմանը, որն էլ իր հերթին կարող է նպաստել արդի կրթության որակական կարեւոր ցուցիչներից մեկի՝ քննական մտածողության զարգացմանը։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը նշել է, որ ֆինանսավորման բանաձեւի շուրջ քննարկումները տարբեր ձեւաչափերով լինելու են շարունակական։