Ներկայում շատ է խոսվում էներգետիկ խնդիրների մասին: Էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորվում են էներգիայի խնայողության հարցերը: Հետևաբար, անհրաժեշտ է բնակչությանը տեղեկացնել կենցաղում էներգիայի խնայողության հնարավոր խնդիրների մասին:
Ներկայացնեմ մի շարք նկատառումներ, որոնք, անտարակույս, կօգնեն մեզ որոշ չափով մեղմացել էներգետիկ վիճակը: Սառնարանը պետք է տեղադրվի խոհանոցի ամենամութ և զով տեղում։ Էներգիա է խնայում նրա հետևի վանդակաճաղը սառեցնելու համար: Պետք չէ սառնարանը տեղադրել պատուհանին, ջեռուցման մարտկոցին և վառարանին մոտ:
Եթե խոհանոցը հագեցած է գազօջախով, ապա նախընտրելի է ջուրը տաքացնել վառարանի վրա, այլ ոչ թե էլեկտրական թեյնիկի։ Սա կօգնի խնայել էլեկտրաէներգիայի սպառումը: Եթե օգտագործում եք էլեկտրական թեյնիկ, ապա լցրեք դրա մեջ այնքան ջուր, որքան օգտագործում եք:
Կենցաղում էլեկտրական էներգիան հիմնականում օգտագործվում է լուսավորության, ռադիո-հեռուստատեսային հաղորդումներ լսելու և դիտելու, էլեկտրական տարբեր սարքերի (փոշեծծիչ, լվացքի մեքենա, սառնարան) բանեցման, սննդի պատրաստման համար: Լվացքի մեքենան կարող է արդյունավետ աշխատել միայն լրիվ բեռնվածությամբ շահագործվելու դեպքում: Փոշեծծիչները համեմատաբար քիչ էներգիա են պահանջում, երբ աշխատում են առանց գերբեռնման: Սառնարանի դռները երկար ժամանակ չպետք է բաց վիճակում մնան և հերմետիկ փակված լինեն:
Ջրի ծորակը փակ և սարքին վիճակում լինելու դեպքում ևս էներգիայի խնայողություն կունենանք: Լուսավորության համար պետք է էլեկտրական էներգիան օգտագործվի այն դեպքում, երբ ցերեկային բնական լույսը չի բավարարում: Բնակարանների ներքին լուսավորությունը կախված է կահավորումից, կահույքի դասավորությունից, գույնից և այլն: Կարևոր նշանակություն ունեն նաև ապակիների մաքրությունը, պատերի լուսավոր երանգները, վարագույրները: Այս պայմաններն ապահովելու դեպքում բնակարաններում և հասարակական այլ վայրերում էլեկտրական լուսավորության կարիք կզգացվի համեմատաբար ուշ ժամերին:
Կենցաղում լայն տարածում են գտել սովորական շիկացման լամպերը, սակայն դրանք «ԼԵԴ» խնայողական լամպերով փոխարինելու դեպքում կունենանք զգալի խնայողություն: Բարձրացեք մեկ հարկ ոտքով, հնարավորինս հազվադեպ օգտագործեք վերելակը: Սա կօգնի նաև առողջությանը։
Սննդի պատրաստման ժամանակ խոհանոցի ամանեղենի ճիշտ ընտրությունը կարևոր նախապայման է էներգիայի խնայողության համար: Խորհուրդ չի տրվում մեծ ամանների մեջ պատրաստել քիչ քանակի կերակուր: Ամանը, որի մեջ կերակուր է պատրաստվում, պետք է ունենա հարմար կափարիչ: Այդ ձեւով կարող ենք խնայել էներգիայի մինչև քսան տոկոսը: Անհրաժեշտ է օգտագործել հարթ հատակ ունեցող կաթսաներ: Խորդուբորդ հատակի դեպքում էներգիայի շուրջ 30 տոկոսը կորչում է անօգուտ: Առաջարկում եմ դիտարկել հնարավորությունը և ուսումնական հաստատություններում մտցնել նոր առարկա՝ «Էներգախնայողության հիմունքներ»:
Էլեկտրական էներգիայի խնայողության, կենցաղային տարբեր սարքերի օգտագործման ժամկետները երկարաձգելու համար ճիշտ կլիներ ժամանակին անջատել այն էլեկտրական սարքերը, որոնց աշխատանքն անհրաժեշտությամբ չի թելադրված: Օրինակ՝ եթե մեր հանրապետության յուրաքանչյուր բնակիչ թեկուզ մեկ ժամ անջատի անտեղի վառվող 100 վատտանոց էլեկտրական լամպը, ապա կխնայվի մոտ 80 հազար կՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էներգիա ստանալու համար անհրաժեշտ է ջերմային էլեկտրակայանում այրել մոտ 30 տոննա վառելիք, որը, հետևաբար, շրջակա միջավայր կնետի այրման հետևանքով առաջացած ծծմբի և ազոտի օքսիդներ, թունավոր այլ նյութեր:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր