Արցախ աշխարհի ծայրամասային, հնագույն բնակավայրերից է Հաթերք գյուղը՝ հպարտ թիկնած Մռովի լանջին, խորախորհուրդ հայացքը հառած Թարթառի կոհակներին…
Գյուղի մասին ակնարկվում է գիտական ամենատարբեր աղբյուրներում, հիշատակվում ինչպես հայ, այնպես էլ՝ օտարազգի պատմիչների, գրողների եւ հայ առաքելական եկեղեցու երեւելի ներկայացուցիչների կողմից, որոնց վկայությամբ հազարամյակների պատմություն ունի եւ, չնայած ասպատակություններին, ժողովրդի միասնության, հերոսական պայքարի շնորհիվ դարեր շարունակ մնացել է որպես անառիկ ամրոց, թշնամուն երբեք չի հաջողվել այն նվաճել: Բնակավայրի պատմությանը, հեռավոր անցյալին ու ներկային, նրա մարդկանց հարուստ ավանդույթներին եւ սովորություններին, հոգեւոր, մշակութային արժեքներին, հուշարձաններին իր «Հաթերքի պատմությունը՝ հնադարից մինչեւ մեր օրերը» ստվարածավալ աշխատության մեջ անդրադարձել է գյուղի նվիրյալ զավակ, երջանկահիշատակ Միքայել Աղաջանյանը:
Հատկանշական է, որ գրավոր աղբյուրներում գյուղի առավել հիշարժան վայրերից մեկի՝ Աստղաբլուրի մասին հիշատակվում է 5-րդ դարի կեսից, ինչի վառ վկայությունը Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի» գրքում՝ «Աստղաբլուրի լեգենդի» վերաբերյալ արված մեջբերումն է: Ըստ մի շարք պատմաբանների՝ Հաթերք անունը ծագել է Հաթեր ցեղի անունից: Թարթառ գետի հովտի խոշոր գավառը, նրա կենտրոնը կոչվել է Հաթերք: «Այն տարածվել է Թարթառ (Տարտու) գետի հովտում՝ ընդգրկելով ձախափնյակը, Եղիշե առաքյալի կամ Ջրվշտիկ վանքի մերձակայքից մինչեւ Դադիվանքի արեւմտյան կողմի ձորը»: Ուշագրավ է, որ հենց այստեղ՝ Հաթերքում է ծնունդ առել Մխիթար Գոշի հռչակավոր «Դատաստանագիրքը»…
Արցախյան պատերազմներում գյուղը մարդկային եւ նյութական կորուստներ է ունեցել: Ազատագրական մարտերի ժամանակ զոհվել է շուրջ 100 հաթերքցի: Այն ժամանակավորապես բռնագրավվել է թշնամու կողմից եւ հայկական պաշտպանական ուժերի կողմից 1993 թ. փետրվարի 20-ին ազատագրվել: Հիմնահատակ ավերածության են ենթարկվել մշակույթի տունն ու հիվանդանոցը, դպրոցն ու մանկապարտեզը, 240 բնակելի տներ, պղծվել են Մեծ հայրենականում զոհված 195 համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, համայնքի գերեզմանոցը, թալանվել է հանրային տնտեսությունը, ինչպես նաեւ՝ տարիների ընթացքում բնակչության ստեղծած ողջ ունեցվածքը: Տեղահանված ընտանիքները վերադառնալով գյուղ՝ պետության եւ բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ վերականգնել են ավերված տները, կառուցվել են մշակույթի եւ մանկապարտեզի նոր շենքեր, հիմնանորոգվել են դպրոցի շենքն ու հիվանդանոցը, վերականգնողական աշխատանքներից հետո իր գործունեությունն է վերսկսել Սարսանգի ՀԷԿ-ը: Համայնքում հաջող ընթացք է ստացել տիրազուրկ ճանաչված շուրջ 200 տների հիմնանորոգման ծրագիրը, որոնք կահավորվել եւ հատկացվել են արցախյան երրորդ պատերազմի հետեւանքով մշտական բնակավայրերից բռնի տեղահանված ընտանիքներին:
Հաթերքի բնակչության կյանքը էապես վերափոխվել է վերջին տասնամյակում, երբ համայնքում կառուցված (տեղակայված) 3 հեկերի («Թրղի-1», «Թրղի-2» եւ «Թրղի-3») շնորհիվ ստեղծվել են նոր աշխատատեղեր, եւ երկրում շեշտակիորեն ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Զբաղմունքի «հավելյալ» շրջանակ է հաթերքցիների (մասնավորապես՝ երիտասարդության) համար բացվել հատկապես անցյալ տարի, երբ կառավարության եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ գյուղում մեկնարկել է փողոցների եւ միջհամայնքային ճանապարհների բարեկարգման ու ասֆալտապատման ծրագիրը:
Ով որոշ ժամանակահատված չի հասցրել այցելել նորոգ բնակավայր, այսօր ոտք դնելուց, անշուշտ, կզարմանա այստեղ իրականացվող անհավանական, մեծածավալ աշխատանքների արդյունքներից: Երբեմնի անմատչելի, ռելիեֆային բարդ տարածքները հզոր տեխնիկայի միջոցով հարթվել, խճապատվել եւ ասֆալտապատվել են: Յուրաքանչյուր ընտանիք ապահովված է շուրջօրյա խմելու ջրով, իսկ ոռոգման համար նախատեսված ջրատարը շուտով բնակավայր կհասնի…
Մարդիկ չեն թաքցնում իրենց գոհունակությունը գյուղապետ Վարդան Գրիգորյանից: Ասում են՝ վաղուց նման եռանդուն, բանիմաց եւ հոգատար համայնքապետ Հաթերքը չի տեսել: Օր օրի բարեկարգվում, շենանում, իր թեւերն է տարածում: Փողոցները լուսավոր են, ենթակառուցվածքները՝ հագեցած եւ ապահով:
«Իր մարդկային արժանիքների, գործնական ակտիվ ձեռնարկումների համար վայելում է բոլորի հարգանքն ու վստահությունը, չափազանց ուշադիր է տեղահանված ընտանիքների, տարեցների հանդեպ, ոչ մեկի խնդրանքն «օդում չի թողնում», հոգատար է, սրտացավ,- գյուղապետի մասին զրույցի ժամանակ նշեց համագյուղացիներից 75-ամյա Աբել Մանուկյանը:- Նա, իրոք, իր հոր՝ ԱՀ նախկին պատգամավոր, վաստակավոր ուսուցիչ, արցախյան ազատամարտի հերոս, երջանկահիշատակ Բարմեն Գրիգորյանի արժանի զավակն է, իր հողի, իր ծննդավայրի նվիրյալը»:
Համագյուղացու կարծիքը շատերը կիսեցին: Մենատնտես Ռաշիդ Օհանյանի խոսքով, եթե համայնքների ղեկավարումը վստահվի նման բանիմաց եւ սրտացավ մարդկանց, բոլորը կշահեն: Նա խոստովանում է, որ ժողովուրդը միանգամայն ճիշտ ընտրություն է կատարել: Որպես ասվածի վկայություն բերելով Վարդան Գրիգորյանի օրինակը՝ հավելեց, թե տվյալ պարագայում շահառու են բոլոր հաթերքցիները՝ մեծուփոքրով: Նրա համոզմամբ՝ գալիք տարին ավելի խոստումնալից կլինի, քանի որ համայնքի ղեկավարի միջամտությամբ բոլոր ընտանիքներին անվճար կաթիլային համակարգից օգտվելու համար պոլիէթիլենային խողովակներ եւ սարքավորումներ են տրամադրվել: «Երաշտի պայմաններում ջուրը կտնտեսվի, բույսերն անհրաժեշտ քանակությամբ խոնավություն կստանան, եւ հարուստ բերք կապահովվի»,- ասում է Ռ. Օհանյանը:
«Մեր գյուղից գեղեցիկ մեկ այլ բնակավայր կա՞ աշխարհում,- վստահ ասում է Աբել Մանուկյանի զինվորական թոռը՝ Արմանը եւ հպարտությամբ ցույց տալիս Հաթերքի ստորոտում տեղադրված խաչն ու Արցախի դրոշը, որ ամենաբարձրն է հանրապետությունում:- Ինչպես կարող ենք նման արժեքները լքել եւ օտար վայրեր հեռանալ: Դա սրբապղծություն, դավաճանություն կլինի մեր կողմից, եւ այս հողի համար նահատակված տղերքը երբեք մեզ չեն ների»:
Հնարավոր չէ լինել Հաթերքում եւ չայցելել գյուղի բարձունքում Արցախյան երեք պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին կառուցված հուշահամալիր, չմտորել ննջեցյալների անավարտ կյանքի շուրջ, չխոնարհվել ու չխնկարկել… Առավել եւս, որ նրանցից շատերին անձամբ ես ճանաչում, ուստի խոր ցավ ես ապրում անդառնալի կորստի համար: Իրենց քաջարի հայրերի եւ պապերի օրինակով արծիվ տղերքը կրծքով պաշտպանեցին պատմական հինավուրց գյուղը, նրա արժեքները, հող հայրենին եւ… անմահացան՝ սերունդներին կտակելով հնադարից մինչեւ մեր օրերը Մռովի զորեղ լանջին թիկնած հայոց բնօրրան Հաթերքը…