Հարավային Կովկասում ներկայում ձեւավորված իրավիճակի հիմքում արցախյան հիմնահարցն է, ինչը օրինաչափորեն ենթադրում է, որ առկա խնդիրներին հիմնարար եւ երկարաժամկետ լուծում տալու համար պետք է կարգավորվի հենց Արցախի կարգավիճակի հարցը: 44-օրյա պատերազմի հրադադարից հետո Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղակայված են ռուս խաղաղապահները, բայց միանշանակ պարզ է, որ նրանք չեն կարող երկարաժամկետ հատվածում մնալ այնտեղ, իսկ հեռանալ հնարավոր է միայն այն ժամանակ, երբ լուծվի հիմնախնդիրը:
Արցախի հիմնախնդիրը տարածքային չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը, այլ ազգերի ինքնորոշման հարց է: Այն ազգերի ճակատագիրը միանձնյա կամ ենթակայական մոտեցմամբ լուծելու բոլշեւիկյան արատավոր պրակտիկայի հետեւանք է, որի ձեւավորված համակարգը փլուզվեց 20-րդ դարի 90-ականների սկզբին: ԽՍՀՄ փլուզմամբ լուծվեց հիմնախնդրի մի մասը՝ ճանաչելով 14 արհեստականորեն միավորված հանրապետությունների անկախությունը, բայց չլուծված մնաց բոլշեւիկյան իշխանությունների հեղինակած մյուս հիմնահարցը՝ էթնիկ միատարրություն ունեցող տարածաշրջանները կամայականորեն տարբեր հանրապետությունների կազմ մտցնելու խնդիրը: Հետխորհրդային տարածքում օրինաչափորեն արդեն 30 տարի ձգձգվող եւ պարբերաբար սառեցված կամ թեժ փուլում գտնվող բազմաթիվ հակամարտությունների պատճառն այդ հիմնահարցին ժամանակին համակարգված լուծում չտալն էր:
Դրա հետեւանքն են արցախյան պատերազմը, չեչենական, մերձդնեստրյան, աբխազական, օսեթական հիմնահարցերը: Վերջին հաշվով այսօր խորհրդային արատավոր լուծումների հետեւանք է նաեւ ուկրաինական հակամարտությունը: Ցանկացած փորձագետ այդ խնդիրները դիտարկելիս կգա այն եզրակացության, որ պետք է լուծվեն բոլշեւիկյան իշխանությունների թույլ տված ենթակայական գործոններով բացատրվող սխալները, ինչպես արվեց 90-ականներին՝ միութենական հանրապետությունների անկախացումները ճանաչելու ժամանակ:
Սակայն այսօր գերտերություններից կարծիքներ են հնչում, որոնցում նման հիմնախնդիրների լուծման համար առաջարկվում է հենց այդ հակամարտությունների պատճառ դարձած բոլշեւիկյան լուծման տարբերակը: Այսպես, ԱՄՆ կոնգրեսական, իշխող դեմոկրատական կուսակցության անդամ Ֆրենկ Փալոնը հայտարարել է, որ արցախյան հիմնահարցի կարգավորման արեւմտյան մոդելն Ադրբեջանի կազմում ինքնավարությունն է, խորհրդային մոդելի նման:
Այստեղ պետք է արձանագրել, որ դա նշանակում է հակամարտությունը վերադարձնել իր սաղմնային փուլ, սա էլ այն դեպքում, երբ Արցախի ժողովուրդը Խորհրդային Միության՝ այն ժամանակվա գործող օրենքների եւ Սահմանադրության շրջանակներում, օրինական իրավական գործընթացներով հռչակել է իր անկախությունը՝ ինչպես ԽՍՀՄ կազմի մեջ եղած մյուս 14 հանրապետությունները:
30 տարի իր անկախ, ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխանող պետականությունը կերտած արցախցուն ասել, որ պետք է ապրի ավտորիտար երկրի սահմաններում՝ տրամաբանական չէ եւ երբեւէ չի ընդունվի Արցախի քաղաքացիների կողմից, առավել եւս, որ նրանք իրենց ինքնիշխանության համար զոհել են ամենաթանկը՝ զավակներին, ժողովրդի ընտրյալներին:
Արցախի ժողովուրդը եւ ժողովրդավարական ընտրություններով ձեւավորած իր պետական մարմինների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ չեն տեսնում իրենց ապրելու հնարավորությունն Ադրբեջանի կազմում, որ դա հավասարազոր է ցեղասպանվելուն: Վերջինիս հեռանկարը բազմիցս հաստատել է հենց Ադրբեջանը՝ 1990-ականների սկզբից պարբերաբար դիմելով էթնիկ զտումների եւ ոչնչացման քաղաքականության:
Հետեւաբար՝ չի կարելի արցախյան հակամարտությունը լուծել՝ այն մեկնարկային կետ տանելով, այն է՝ շրջապտույտի մեջ դնելով: Նման խնդիրների լուծման համար համաշխարհային պրակտիկայում կան օրինակներ եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմեր, որոնց շրջանակներում էլ պետք է տրվեն արցախցիների եւ հետխորհրդային տարածքում առկա մյուս ժողովուրդներին հուզող հարցերի պատասխանները, հակառակ ճանապարհը պարբերական պատերազմների ռիսկ է պարունակելու: