Պետական բարձր մակարդակով սուտը տարածելը թյուրքական քաղաքականության առանցքն է դարձել: Նացիստական Գերմանիայի հետ երբեմնի դաշնակից Թուքիայի քաղաքական էլիտայի սերունդները լավ են սերտել գեբելսյան հայտնի արտահայտությունը եւ պարբերաբար նույն սուտը կրկնելով՝ փորձում են այն մատուցել աղետալի «ճշմարտության» փոխարեն: Հունիսի 2-ին Էրդողանը փորձեց վերջին ամիսներին իր երկրի դեմ ուղղված քննադատությանը եւ իրականացվող պատժիչ գործողություններին պատասխանել սեփական «TRT» հեռուստաընկերությանը հարցազրույց տալու միջոցով: Թուրքիայի ղեկավարը ստերի ու կեղծիքների տարափ տեղաց միջազգային լսարանի առաջ:
«Տարիներ շարունակ Մինսկի եռյակը՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, Հայաստան-Ադրբեջան խնդիրը չկարողացան լուծել: Տարիներ անց, ի վերջո, Ադրբեջանն ինքն իր պորտը կտրեց (իր հարցերը լուծեց): Հիմա այստեղ ընդհանրապես որեւէ կապ չունեցող Թուրքիային ինչպե՞ս եք այդ հարցի մեջ գցում»,- ի լուր աշխարհի ստեց Էրդողանը:
Թուրքիայի առաջնորդը նման ձեւակերպմամբ ուղղակի ցինիկաբար կեղծում է իրականությունը: Նախ՝ Արցախյան պատերազմը հրահրել է Անկարան 2020 թ. հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան իրադարձություններից հետո բացահայտ սպառնալով Հայաստանին, երբ Էրդողանն ու իր արտգործնախարարը հրապարակային հայտարարեցին, որ Հայաստանն ակնհայտորեն գերագնահատում է ուժերը, բնականաբար, ենթատեքստում խոստանալով ապացուցել իրենց խոսքի ճշմարտացիությունը: Հնչեցված հայտարարություններից անմիջապես հետո կազմակերպվեց թուրք-ադրբեջանական զորավարժություն, եւ դրա քողի տակ Ադրբեջան տեղափոխվեցին մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա եւ զինվորականներ, որոնց հիմնական մասը մնաց այնտեղ եւ օգտագործվեց Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ: Նախ, Ադրբեջանում մնացին «Ֆ16» կործանիչները, որոնք իրականացնում էին օդային հարձակումների աջակցություն եւ առաջին օրերին նույնիսկ խոցեցին հայկական «Սու 25» ինքնաթիռը:
Պատերազմում ՀՀ զինված ուժերի հիմնական կորուստների պատճառը թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերն էին: Դրանք Ադրբեջանը սկսել էր ներմուծել պատերազմից ընդամենը 5 ամիս առաջ: Ակնհայտ է, որ այդ երկրի ԶՈւ մասնագետները չէին հասցնի տիրապետել բարդ զենքի օգտագործման տեխնիկային: Արցախի պաշտպանության բանակի դեմ անօդաչուներով հարվածներն իրականացրել են բացառապես զորավարժությունների քողի ներքո Ադրբեջան տեղափոխված ռազմական մասնագետները, որոնք էլ ապահովեցին պատերազմի ելքը: Սա է ապացուցում այն փաստը, որ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի մեքենայի վրա հարձակման՝ ԱԹՍ-ից արված տեսագրությունն առաջինը հայտնվեց սոցիալական ցանցերի թուրքական տիրույթներում: Հատկանշական է, որ պատերազմից միայն 4 ամիս անց կազմակերպված թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների հիմնական նպատակը «Բայրաքթարները» օգտագործելու հմտությունների փոխանցումն էր:
Իսրայելական ԱԹՍ-ները նույնպես զգալի դեր ունեցան պատերազմում, իսկ այդ երկրի մամուլում պատերազմից անմիջապես հետո հստակ թվեր հրապարակվեցին անօդաչուներով խոցված հայկական զրահատեխնիկայի քանակի վերաբերյալ: Վերջապես՝ Անկարայի վարձած սիրիացի եւ հենց Թուրքիայի քաղաքացի համարվող ջիհադիստ ծայրահեղական վարձկաններն էին մասնակցում ցամաքային ռազմական գործողություններին: Այս ճչացող փաստերի ֆոնին հայտարարել, թե Ադրբեջանն ինքնուրույն է «իր պորտը կտրել», եւ Թուրքիայի անունը շահարկելն անհիմն է, մեղմ ասած, ծաղրանք է՝ ուղղված ողջ քաղաքակիրթ աշխարհին:
Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էրդողանը կապում է նաեւ Արցախյան պատերազմում Թուրքիայի ունեցած դերակատարման հետ: Դրանից հետո Էրդողանն անցել է ամենամեծ՝ երկար տարիներով պետական մակարդակով առաջ տարվող մեկ կեղծիքին՝ Հայոց ցեղասպանության փաստի ժխտմանը՝ հերթական անգամ հայտնելով, որ այն պատմաբանների եւ իրավաբանների խնդիրն է: Այստեղ փաստենք, որ բազմաթիվ երկրների պատմաբաններ իրենց վավերագրական վկայություններով արդեն իսկ հաստատել են ցեղասպանության փաստը, իսկ այդ գնահատականի իրավական հիմքերն ապահովել են հենց թուրք իրավաբանները՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո կայացած դատավարության ժամանակ ցեղասպանություն կազմակերպելու համար մահվան դատապարտելով Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Սրանով, անշուշտ, հիմնավորվում է, որ Թուրքիան առաջինն է ճանաչել իր կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Սակայն Էրդողանի խնդիրն այսօր այլ է: Հակադրվելով ՆԱՏՕ-ին եւ միջազգային հանրությանը՝ վերջինս փորձեց հօգուտ թյուրք ժողովուրդների լուծել Արցախի հիմնահարցը: Իր խնդիրը կատարած համարելով՝ ներկայում Անկարան ցանկանում է խուսափել սեփական գործողությունների հետեւանք հանդիսացող միջազգային պատժամիջոցներից: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման շեմին Էրդողանը փորձում է Թուրքիայի վրայից մաքրել Արցախում իր կազմակերպած եւ իրականացրած պատերազմական հանցագործությունները: Ինչքանով արդյունավետ կլինի թուրքական դիվանագիտական այս նենգ քայլը՝ ցույց կտա ժամանակը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ