«Ով ունի գրողի կոչում, նա պետք է միշտ հիշի, որ Բալզակի նման վիթխարի տաղանդը աշխատում էր օրական 900 ժամ, իսկ հանճարեղ Լեւ Տոլստոյը երբեմն իր գրածը փոփոխում էր 90-400 անգամ, իսկ արտագրում շատ անգամ։ Եվ քանի որ գրականությունը լեզվի արվեստ է, ուստի գրական ասպարեզ մտնող յուրաքանչյուր ոք պետք է գերազանց իմանա իր մայրենի լեզուն, ավելի, քան լեզվաբանը»։
Ստ. Զորյան
Ստեփան Զորյանը մեր բեղմնավոր գրողներից է, ում համար գրականությունը պարապ վախտի զբաղմունք կամ հաճույքի առարկա չեղավ, այլ «լեզվի արվեստ», ինչպես ինքն է բնորոշում, սակայն լեզվի արվեստը նրա համար սոսկ ոճ ու պերճախոսություն չէր, այլ պայքարի ինքնատիպ աշխարհ, ուր կյանքն էր` իր մեծ ու փոքր խնդիրներով, խարդավանքներով, սիրով ու հիասթափությամբ… Յուրաքանչյուր մարդու ճակատագիր, հուզում ու ապրում, նեղ-ընտանեկան շրջանակում ամփոփված սոցիալական ու կենցաղային հարաբերություններից մինչեւ քաղաքական բախումներ ու հայրենասիրական վեհ պայքար, անձնազոհություն… Զորյանի գրիչը ճարտար եղավ թե՛ փոքր, թե՛ վիպական արձակում, քանզի բխում էր գրականության, լեզվի ու գրողի քաղաքացիական պատասխանատվությունից։ Առանձնապես մասնագիտական կրթություն չստացած Զորյանին կարելի է, թերեւս, այս իմաստով ինքնուս համարել, ով գերազանց յուրացրել էր թե՛ հայ, թե՛ ռուս եւ թե՛ եվրոպական ու համաշխարհային գրականությունը, գրական երկի դրսեւորման առանձնահատկությունները յուրաքանչյուր նյութի ծավալային սահմաններում։
Առաջին պահի զուտ կենցաղային թվացող պատմությամբ «Խնձորի այգին» պատմվածքում Զորյանը հանգում է կյանքի կենսական փիլիսոփայությանը, կյանքի հանդեպ չմարող սիրուն եւ դրան հետեւող՝ ասես, անխուսափելի ողբերգությանը, որին ենթարկվում են պատմվածքի հերոսները։ Համանման գործ ունի գերմանացի դրամատուրգ, արձակագիր Գերհարդ Հաուպտմանը՝ «Մայրամուտից առաջ», դրամա, որ բեմադրվեց 1889 թ. եւ մամուլում իսկական փոթորիկ բարձրացրեց՝ համարվելով ծայրահեղ «հանդուգն» ռեալիզմ։ Զորյանի դեպքում ընտանեկան դրաման ու ողբերգությունը նաեւ խորանում են վերընձյուղվող հայրենիքի խորհրդանիշի դաժան սպանությամբ։ Էրզրումից գաղթած Նունուֆարը ընտանիքից միակն էր, որ փրկվել էր թուրքի յաթաղանից ու ապաստան գտել Հայաստանում, ուր Մարտին ապերը ծաղկեցնում էր հայրենի ոստանը՝ ի դեմս խնձորենու այգու, որ կյանքի հարատեւության խորհրդանիշն է ու շատերի նախանձի առարկան. «Մեծ եւ հարուստ է Օրան ավանը. ունի լավ տներ, շատ խանութներ, որ եռուն առեւտուր են անում շրջանի գյուղերի հետ. ունի հին, ընդարձակ մի եկեղեցի եւ երեք տերտեր, որ միշտ կռվում են ծխերի համար, իսկ ժամերգության միջոցին աշխատում են շփոթել կամ սխալեցնել իրար։ Իբրեւ շրջանի կենտրոն՝ Օրանն ունի եւ դպրոցներ եւ հիվանդանոց եւ բանտ։ Բայց դրսից եկած մարդու համար ամենից հետաքրքրրականն այն խնձորի այգին է, որ ընկած է Օրանի արեւելյան կողմը»։
Հենց դա էլ Մարտին ապոր այգին է, ուր ճակատագրի բերումով հայտնվում է Նունուֆարը եւ դառնում դրա տիրուհին, մինչդեռ Մարտին ապոր ժառանգները, որ ապրում են միանգամայն ինքնաբավ, աչք են դրել այգուն եւ ժամանակից շուտ խաչ քաշել դեռ երիտասարդական տարիներից այգին հիմնած ու աչքի լույսի պես պահող այգեպանի՝ Մարտին ապոր վրա։ Կնոջ մահից հետո տրտմած այգեպանը չէր էլ պատկերացնի, որ նոր ընտանիքի ու սպասվող զավակի տեր կդառնա, սակայն Մեծ եղեռնից հրաշքով փրկված Նունուֆարը, ասես, հանում է նրան թմբիրից, կենսականություն պարգեւում։ Հոր երջանկությունը, սակայն, լրջորեն անհանգստացնում է շահամոլությունից կուրացած Նոյեմ դստերը. նա ուղղակի թրքաբարո դատաստան է տեսնում Նունուֆարի հանդեպ՝ աքացու տակ գցելով հղի կնոջը՝ զրկելով հորը թե՛ սպասվող զավակից, թե՛ կնոջից։ Այնուհետեւ հերթը հասնում է հորը, ում մեղադրելով խելապակասության մեջ՝ ամուսնու հետ բանտ են նետել տալիս, որտեղ էլ՝ ամիսը չլրացած, մահկանացուն կնքում է ողջ կյանքում բարիք ստեղծած այգեպանը… Ընտանեկան ողբերգության հեղինակները, ի վերջո, տիրանում են փափագելի այգուն եւ շարունակում ապրել նույն անվրդով կյանքով՝ առանց ետ նայելու անհանգստության… Խնձորենու այգին թվում է նույնն էր, բայց այնտեղից բացակայում էր հոգին՝ տեղը զիջելով սոսկ կշեռքին ու կշռաքարին…
Ստեփան Զորյանի գրիչն ու կյանքը զարմանալի բեղուն էին. նա մատը դրել էր կյանքի զարկերակին եւ հասցնում էր թե՛ գրել, թե՛ թարգմանել, թե՛ հանդես գալ հոդվածներով, թե՛ լինել հասարակական կյանքի բովում՝ կատարելով քաղաքացիական պարտքը. «Իմ հետաքրքրությունը եւ իմ սերը դեպի մեր պատմությունը ինձ մղեց դեպի պատմական թեմատիկան, եւ ես գրեցի նախ «Սմբատ Բագրատունի» պատմվածքը, ապա «Պապ թագավորը»։ Ինձ միշտ զարմացրել եւ հիացրել են այն հերոսական ջանքերը, որ գործադրել են մեր պապերը՝ երկիրն ու ժողովուրդը օտար նվաճումից, բռնությունից ազատ պահելու։ Եվ ահա, երբ բռնկվեց համաշխարհային երկրորդ պատերազմը, ես հրատարակեցի «Պապ թագավորը», որպես հայրենիքի պաշտպանության օրինակ»։
Հոկտեմբերի 14-ը հայրենանվեր գրողի՝ Ստեփան Զորյանի հիշատակի օրն է։