Թող որ ես ալ, յետին զավակն հայրենիքիս իմ թշվառ,
Սուրբ տաճարիդ ոտքը բերեմ ողջակեզ՝
Միշտ տառապած, երբեք շիջած սրտես կայծ մը խանդավառ,
Հոգւով պաշտեմ ու քնարովս օրհնեմ քեզ…
«Կինը, որ Սիպիլ կստորագրե, պարծանքն է իր սեռին». այսպես է բնութագրել Գրիգոր Զոհրապը Սկյուտարում ծնված արձակագիր, բանաստեղծ, մանկավարժ, հասարակական գործիչ Զաբել Խանջյանին, ով մայր գրականության մեջ մնալու էր Սիպիլ գրական անունով:
«Իր սեռի պարծանքը»՝ ուսանած մադամ Կարյուսի ֆրանսիական դպրոցում, ապա Սբ Խաչ վարժարանում ու Սկյուտարի ճեմարանում, տակավին 16-17 տարեկան հասակում, երբ կազմակերպել էր բոլոր հայաբնակ գավառներում իգական դպրոցներ հիմնելու նպատակամետ «Ազգանվեր հայուհյաց ընկերությունը», դրա երկրորդ նիստում հայտարարելու էր. «Աշխատիմք, որպեսզի պարտավոր չմնամք ազգին եւ մարդկության, աշխատիմք, որպեսզի մեր գավառացի քույրերը լույս առնուն, աշխատիմք, որպեսզի իգական սեռը մարդկության մեջ տեղ մի բռնե: Շատերը կսեն եւ պիտի ըսեն, թե՝ չեք կրնար հաջողիլ, սակայն ո՞ր մեծ գործ առաջին փորձով հաջողած է. եթե մեք չհաջողիմք, գեթ հիմը դրած կըլլամք, եւ ուրիշ մը կկատարելագործե զայն…»:
Այսպիսի կամքով ու վճռականությամբ էր գործելու՝ մտնելով հասարակական կյանք: Քսանը չբոլորած ամուսնանալու էր, մեկնելու գավառներ եւ զբաղվելու ուսուցչությամբ: Նաեւ օրիորդաց դպրոցներ էր հիմնելու՝ ինչպես վճռել էր տարիներ առաջ: Սկսելու էր թղթակցել Պոլսո հայ պարբերականներին՝ հանդես գալով գրականագիտական ու մանկավարժական հոդվածներով: Գրական-հասարակական գործունեությունը շարունակելու էր նաեւ կարմիր սուլթանի՝ համիդյան հայաջինջ քաղաքականության տարիներին:
Սիպիլի անունը գրական շրջանակներում հայտնի է դառնում 1880-ականների վերջերին՝ «Մասիս» եւ «Հայրենիք» պարբերականներում հրատարակած արձակ եւ չափածո գործերով: Քսանութ տարեկանում հրատարակում է «Աղջկան մը սիրտը» վեպը, որի առանցքային ասելիքը լուսավորական գաղափարներն են, հասարակական կյանքում կնոջ դերի նորովի գնահատման փորձը: Հաջորդ ժողովածուն արդեն բանաստեղծական էր՝ «Ցոլքեր» խորագրով. սեր, հայրենիք, մարդկային նուրբ զգացմունքներ՝ սրանք էին ընթերցողի սիրտը շոյող թեմաները: Իսկ մինչ այս ժողովածուն, Գրիգոր Զոհրապի եւ ամուսնու՝ գրականագետ Հրանտ Ասատուրի հետ վերահրատարակել էր «Մասիս» հանդեսը, այստեղ տպագրել «Կիսադեմեր քողին ետեւեն» դիմանկարների շարքը՝ նվիրված արեւմտահայ նշանավոր գործիչներ Եղիա Տեմիրճիպաշյանին, Ռոթեոս Պերպերյանին: Այդ շարքը հետագայում զետեղվելու էր իր եւ ամուսնու կազմած «Դիմաստվերներ» գրքում:
Սիպիլի գործունեության լուսաշող ծիրում իր ուրույն տեղն ունի սերնդակրթող հայուհու ազգանվեր առաքելությունը. Պոլսում նա հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել՝ ուսուցանելով հետագայում հանճարեղ դերասանի ծիրանին ուսերին առած Վահրամ Փափազյանին, տաղանդաշատ Արուս Ոսկանյանին, դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանին, «Ծաղիկ» եւ «Հայ կին» հանդեսների խմբագիր Հայկանուշ Մառքին, գիտնական Սիրարփի Տեր-Ներսիսյանին, թարգմանչուհի Սիրվարդ Կյուլպենկյանին, մանկագիր Ադրինե Տատրյանին, այլ դեմքերի, ովքեր մշակն են դարձել դարավոր հայ մշակույթի ու գրչության: «Պոլսո մեջ ոչ մեկ ուսուցիչ կրնա պարծենալ, որ իր անձին ու գործին օրինակով կաղապարած է սերունդ մը կամ դարձած է տեսակ մը իդեալ»: «Սիպիլի մեջ մանկավարժն ու տեսաբանը, հոգեբանն ու մեթոդիստը միահյուսված էին: Նա շարքային դասուսույց չէր… Նա անընդհատ որոնում էր նորը, թարմն ու օգտակարը եւ դրանով էլ տարբերվում նախորդ եւ ժամանակակից շատ մանկավարժներից». սրանք արձագանքներ են նրա մանկավարժական յուրօրինակ մոտեցումների ու տաղանդի մասին:
Սիպիլը նաեւ հայկական մամուլի զարգացման երախտավորներից է: Հրանտ Ասատուրի վկայությամբ՝ իր եւ Գրիգոր Զոհրապի խնդրանքին ընդառաջելով՝ նա է խմբագրել վերոնշյալ «Մասիս» եւ «Արեւելք» պարբերականները, հանդես եկել տարաբնույթ հրապարակումներով: Ինչպես վերհիշել է գրականագետ կողակիցը. «Մեր երեքեն կազմված խմբագրական մարմնին մեջ մեծ ուժ մըն էր Սիպիլ, որ իր տաղանդին ամենեն առույգ ու կորովի շրջանին հասած էր այն ատեն: Միշտ պատրաստ էր հոդված մը, քերթված մը, նորավեպ մը գրելու: Դասերը, դասագիրքերու պատրաստությունը մեկ կողմեն, գրականությունը մյուս կողմեն, տան հոգսերն ալ ասոնց ամենուն վրա: Բայց հոգնիլ չէր գիտեր. միշտ ժպիտ մը ուներ դեմքին վրա, միշտ զվարթ էր, միշտ անձնվեր, միշտ բարյացկամ ամենուն հանդեպ: Օրվան կինն էր Սիպիլ գրականության մեջ, ու բանաստեղծ կնոջ քով հրապարակագիր կինը ի հայտ կու գար»:
Ժամանակին մեծ ճանաչում ձեռք բերած գրողը, որի «շրթունքին մայրենին առաջին վանկն» է եղել, մեծապես կարեւորել է թարգմանական արվեստը, համաշխարհային գրական գոհարների հայացումը: Եվ կատարելապես տիրապետելով ֆրանսերենին, սքանչելի թարգմանություններ է կատարել Պոլ Վեռլենից, Լըկոնտ դը Լիլից, Լամարթինից, Անատոլ Ֆրանսից: Գրել է մանկավարժական-մեթոդական հոդվածներ, մանկական բանաստեղծություններ, կազմել «Գործնական քերականություն արդի աշխարհաբարի» դասագիրքը: Ասել է թե՝ շռայլորերեն օժտված անհատականություն, ազգանվեր մտավորական ու հասարակական գործիչ, որի թողած լուսավոր հետագիծը չի անհետանալու ժամանակների հոլովույթում…