Մինչ աշխարհի մի շարք պետություններ կոչ են անում Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, Ադրբեջանը շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների եւ հոգեբանական ճնշման գործելակերպը: Ավելին, հայ գերիների նկատմամբ հարուցում է շինծու քրեական գործեր։ Հունիսի 2-ին Բաքվում տեղի է ունեցել հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի դատավարության առաջին նախնական նիստը, որոնք գերի էին ընկել 2020 թ. Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Նրանք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում իբր «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու եւ իրականացրած այլ հանցագործությունների մեջ»։ Բուն դատավարությունը մեկնարկելու է հունիսի 9-ին Բաքվի ռազմական դատարանում։ Նրանց հետ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում քննվելու են եւս 12 հայ ռազմագերիների դեմ քրեական գործերը։
ՀՀ ԱԳՆ-ն դեռեւս մայիսի 25-ին խստորեն դատապարտել էր Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնեւի կոնվենցիաների, վերջիններս համարվում են ռազմագերիներ, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեն: Մինչդեռ, Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե՛ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը եւ թե՛ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները:
«Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել հայ գերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թվում՝ սպանություններ իրականացրած անձանց՝ չնայած նման հանցանք գործած անձինք փաստագրել եւ հրապարակայնացրել են իրենց ոճրագործությունները։ Պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաեւ ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումներն Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների եւ քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ»,- ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանը, խախտելով հանդերձ միջազգային իրավունքի եւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, միաժամանակ փորձում է օգտվել դրա ընձեռած հնարավորություններից։ Օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ Դրանից առաջ էլ պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ՝ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։
Բացի այն բանից, որ նմանատիպ ապատեղեկատվության տարածմամբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հայելային ձեւով իրավիճակի սրումը բարդել հայկական կողմի վրա, նպատակներն ավելի հեռահար եւ վտանգավոր են։ Պատահական չէ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից նշված մեր զինծառայողների իբր ներխուժման ուղղությունը, այն է՝ Քարվաճառը։ Սրանով փաստորեն ադրբեջանական կողմը կեղծ հիմքեր է ստեղծում հերթական ռազմական ագրեսիայի համար։ Այդ երկրի ՊՆ-ի տարածած հայտարարությունը կեղծիքի դասական օրինակ է. «Միջադեպը մեկ անգամ եւս ցույց տվեց, որ չնայած միջազգային հանրության եւ ադրբեջանական կողմի կոչերին՝ լուծել սահմանային խնդիրները բանակցությունների եւ երկխոսության ճանապարհով, Հայաստանը խորացնում է իրավիճակը երկու երկրների միջեւ պետական սահմանի երկայնքով»։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «ցանկացած հնարավոր նմանատիպ նախաձեռնություն այսուհետ վճռականորեն կճնշվի ադրբեջանական բանակի կողմից»: Եթե բացենք հաղորդագրության ենթատեքստը, ապա Ադրբեջանը նշում է, թե որ ուղղությամբ է պատրաստվում իրականացնել հարձակումը, մյուս վտանգավոր ձեւակերպումը «պետական սահման» եզրույթի կիրառումն է, հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայումս չկա պետական սահման։ Իսկ մտահոգիչն այն է, որ առանց Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորման խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման եւ սահմանազատման մասին, նշանակում է վերջնականապես փակել Արցախի՝ մայր հայրենիքին միանալու արդարացի պայքարի վերջին էջը։
Նման զարգացումների հավանականության մասին է խոսում այն, որ միջազգային հանրությունն այլեւս «չի հիշում» Արցախի հիմնահարցի կարգավորման անհրաժեշտության կամ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների մասին։ Այսօր օրակարգում արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հարցերն են։ Մասնավորապես, չորեքշաբթի օրը ԵԱՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը առցանց մամուլի ասուլիսում նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Շտեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շաֆերը շուտով կարող են համաձայնության գալ Ադրբեջանի եւ Հայաստանի սահման այցելելու հնարավորության շուրջ: «Շատ կարեւոր է, որ համանախագահները մոտ ապագայում կարողանան հասնել տարածաշրջան եւ տեղում պարզեն իրավիճակը, տեղում զրուցեն կողմերի հետ»,- ասել է նա: Ստացվում է, որ Մինսկի խումբը վերապրոֆիլավորվելու նախանշաններ է ցույց տալիս, այնինչ ներկայիս զարգացումները հնարավոր չէ դիտարկել արցախյան հիմնախնդրից զատ եւ առանց Ադրբեջանի գործողություններին իրավաքաղաքական գնահատականներ տալու։