«Սովորիր լսել, եւ դու կարող ես օգուտ քաղել նույնիսկ նրանցից, ովքեր վատ են խոսում»: Հին հույն փիլիսոփա եւ պատմագիր Պլուտարքոսի այս խոսքերը մեր ժամանակներում առավել քան արդիական են հնչում, որովհետեւ, փոխաբերական իմաստով եւ ժամանակակից լեզվով ասած, մենք ավելի շատ սիրում ենք խոսափողը, քան ականջակալները: Դե, իսկ ուղղակի իմաստով՝ թեպետ շուրջբոլորն ականջակալներով շրջողները բավական շատ են, բայց եւ՝ միկրոֆոնի սիրահարների պակաս էլ չկա…
Միշտ ուզում ենք լսելի լինել, բայց չենք սիրում լսել: Կարծես թե մեզ պարտավոր են լսել, բայց ինքներս պարտավորություն չունենք լսել: Սա անհանդուրժողականություն ծնող պատճառներից մեկն է, իսկ անհանդուրժողականությունը լուրջ սպառնալիք է մեր միասնությանը, վերջինիս բացակայությունն էլ՝ պետականությանը: Տարբեր առիթներով է խոսվել այս մասին, բայց, միեւնույն է, ավելի շատ սիրում ենք եւ ուզում ենք խոսել եւ լսելի լինել, քան ուրիշի խոսք լսել:
Լսելու ունակությունը կամ դրա բացակայությունը խոսում են վարքի մասին: Այն բնորոշում է անհատին, որը կարծում է, թե իրեն պարտավոր են լսել, որովհետեւ միայն ինքն է ճիշտ, առավել եւս՝ անսխալական: Իրեն պարտավոր են լսել, իսկ ինքը լսելու կարիք չունի: Սա, իհարկե, չի նշանակում, թե ճիշտը սրա հակառակն է՝ ով ինչ ասի, պետք է ականջները կախ լսել ու անել: Բայց եւ՝ ոչինչ չլսելը նույնպես անընդունելի է: Երբ դա դառնում է քաղաքական դաշտի կամ գործչի հատկանիշ, հետեւանքները կարող են վտանգավոր լինել: Մինչդեռ, եթե մենք չլսենք, գալու է մի պահ, որ արդեն մեզ էլ չեն լսի…
Սոցիալական տարբեր հարթակներում տարբեր վերլուծություններ են արվում, հոգեբանները, անգամ հոգեբույժներն իրենց կարծիքներն են հայտնում: Իսկ հույն փիլիսոփաներից մեկ ուրիշը՝ Պլատոնը, դարեր առաջ գուցե եւ մի քիչ կոպիտ էր արտահայտվել, բայց նրա ասելիքը լսելի է նաեւ այսօր. «Եթե մենք ծնվել ենք երկու ականջով եւ մեկ բերանով, ուրեմն պետք է ավելի շատ լսել եւ քիչ խոսել»…
Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ