Այսօր, առավել քան երբեւէ Հին աշխարհամասը կանգնած է երկընտրանքի առաջ՝ առաջնայինը ժողովրդավարության համամարդկային արժեքները եւ միջազգային հումանիտար ու իրավունքի նորմե՞րն են, թե՞ տնտեսական շահերը, մասնավորապես՝ գազը: Իրականում այս երկընտրանքի առաջ Եվրոպան կանգնած է շատ վաղուց, սակայն այն առավել սրվեց ուկրաինական ճգնաժամի ֆոնին, իսկ խնդիրն ավելի սրվել է 44-օրյա պատերազմից հետո:
Ադրբեջանաթուրքական զույգի կողմից արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք սկզբունքներից մեկի՝ ուժի չկիրառման պահանջի խախտումը եւ Արցախի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործությունների բազմաթիվ աղաղակող փաստերը չէին կարող անտեսել քաղաքակիրթ աշխարհը (առաջին հերթին՝ առաջադեմ արժեքների կրող կենտրոն համարվող եվրոպական կառույցները): Վերջիններս որոշակի ուշացումով, բայց իրենց ձայնը բարձրացրեցին թյուրքական կողմի՝ հումանիտար նորմերի եւ միջազգային իրավունքի ոտնահարման բազմաթիվ փաստերի քննադատությամբ:
Սակայն այս տարի գազային ճգնաժամը պաշտոնական Եվրոպային ստիպեց մոռանալ նույն Ադրբեջանի նկատմամբ կիրառած բազմաթիվ որոշումները եւ հորդորները: ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շտապեց Բաքու եւ չհանդիպելով տեղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես սովորաբար նախկինում անում էին եվրոպացի պաշտոնյաները, Ալիեւի հետ պայմանավորվեց դեպի Եվրոպա կրկնապատկել Ադրբեջանից եկող գազի ծավալները: Նա այդ օրերին «Twitter»-ում գրեց. «ԵՄ-ն շրջվում է էներգակիրների ավելի վստահելի մատակարարների կողմը։ Էներգակիրների անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանը մեր առանցքային գործընկերը կդառնա»:
Ժողովրդվարական առաջադեմ արժեքների, միջազգաին նորմերի՝ մի կողմից, եւ մյուս կողմից տնտեսական շահերի բախումը Եվրոպայում առավել ցայտուն արտահայտվեց օրերս Եվրապառլամենտում Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ նոր զեկույցների նախագծի քննարկման ժամանակ: Այս կառույցի տարբեր երկրների պատգամավորներին զայրացրեց այն փաստը, որ ԵՄ գործադիրի եւ դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներն իրենց խոսքերում եւ ներկայացված կարծիքներում առաջնայնությունը տալիս էին Ադրբեջանի հետ էներգակիրների հարցում համագործակցությանը՝ մոռանալով նույն Եվրախորհրդարանի ընդունած բազմաթիվ բանաձեւերը, որոնցով քննադատում են ժողովրդավարության, հումանիտար եւ այլ համամարդկային արժեքների ոտնահարումն Ադրբեջանի կողմից:
Հիմնահարցը նման սրությամբ բարձրացավ հենց այս կառույցում, քանի որ Ադրբեջանի գործողություններին անդրադառնալու գործիքակազմը հենց նրանն է: ԵՄ-ն կոչված է պահպանելու ու Եվրոպայի սահմաններից դուրս տարածելու այդ առաջադեմ արժեքները, եւ ստացվում է, որ այսօր, իր հիմնական առաքելությանը դեմ գնալով, անտեսում է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները եւ ագրեսիան հարեւան ինքնիշխան պետության նկատմամբ:
ԵՄ գործադիր մարմնի այս գործելաոճն ուղիղ հարված է եվրոպական եւ համամարդկային ողջ արժեքային համակարգին, ինչը ծայրահեղ վտանգավոր է գործող աշխարհակարգի հիմքերի համար: Եվրախորհրդարանի պատգամավորներն այդ մտահոգությունն են բարձրաձայնում, նրանք այսօր ականատեսն են եվրոպական արժեքային համակարգի ենթակայացմանը օրվա քաղաքական-տնտեսական շահերին: Ստացվում է, որ առաջին իսկ ճգնաժամին հանդիպելով՝ Եվրոպան պատրաստ է զոհասեղանին դնել իր հիմնական հենասյունը՝ ժողովրդավարական արժեհամակարգը:
Մտահոգիչն այստեղ այն է, որ եւ եվրոպական չինովնիկները, եւ պաշտոնական Բաքուն լավ են հասկանում, որ այստեղ գազի գործոնը բազմակի անգամ ուռճացված է: Նախ՝ առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջանից գնացող 16 մլրդ խմ գազը տարեկան 420 մլրդ խմ գազ սպառող Եվրոպայի համար նշանակալի գործոն չէ, առավել եւս, երբ Ադրբեջանն իր գազի արտահանման ծավալները պայմանավորված 20 մլրդ խմ-ի կարող է հասցնել միայն 5 տարուց: Այստեղ պետք է հիշել, որ Ադրբեջանից դեպի Եվրոպա է գնում նաեւ նավթամուղը, որը միշտ էլ հիմնական որոշիչ գործոնն է եղել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի գործողությունների առաջ աչք փակելու համար, իսկ գազն այսօր ընդամենը պատրվակ է:
Ներկայում Ադրբեջանը հայտնի սկանդալային խավիարային դիվանագիտությունն ընդամենը փոխարինում է գազային դիվանագիտությամբ՝ իր պատերազմական հանցագործությունները, ժողովրդավարության եւ հումանիտար նորմերի ոտնահարման բազմաթիվ գործողությունները մարսելու ու հետագայուն նորերի դիմելու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանից թանկարժեք նվերներ ստանալու համար 2013 թ. բազմաթիվ եվրախորհրդարանականներ զրկվեցին մանդատից եւ պատասխանատվության ենթարկվեցին հենց «խավիարային դիվանագիտություն» որակված սկանդալի պատճառով:
Այսօր արդեն պաշտոնական Եվրոպան գազի մատակարարման քողի ներքո վաճառքի է հանել համամարդկային արժեքները եւ հազարամյակներով ձեւավորված միջազգային իրավունքի նորմերը: Այդ «առեւտրի» հետեւանքները իր մաշկի վրա զգալու է Երկիր մոլորակի ողջ բնակչությունը: