Հայաստանի «Թեքեյան» միությունը Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ իրականացրել է հայ ժողովրդի ու Հայաստանի պատմության համար հույժ անհրաժեշտ նոր՝ զինվորական հանրագիտարանի տպագրությունը: Այդ ստվարածավալ ու կոթողային արժեք ունեցող հանրագիտարանը բաղկացած է 1368 մեծածավալ էջերից: Այն ամփոփում է հայ սպաների կենսագրությունը, որոնք 1914-1920 թթ. մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմին, իսկ նրանց մեծագույն մասը շարունակել է ծառայել Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժերի շարքերում: Ռազմական գործի հայ նվիրյալները թվով շուրջ յոթ հազար խիզախներ են, որոնց մեջ մեծաքանակ են նույն գերդաստանի ներկայացուցիչները:
Ցավոք, գրքի հեղինակներին չի հաջողվել գտնել յոթ հազար հայ զորահրամանատարների եւ սպայական կազմի ներկայացուցիչների նկարները: Սակայն գրքում կան բավական մեծ քանակի նկարներ: Դրանց թվում հատկապես կարեւոր են Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների խմբանկարը եւ նույն հանրապետության բանակի հրամանատարական կազմի նկարը: Այս խիստ պատվավոր, սակայն աշխատատար գործը հաջողությամբ իրականացրել են արխիվային գործի երկու հմուտ մասնագետներ՝ ՀՀ Ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը եւ պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ Ազգային արխիվի նախկին փոխտնօրեն Սոնյա Միրզոյանը: Նրանք հանրագիտարանի նյութերը հավաքել են ազգային արխիվից, հայ գիտնականների գրքերից, լայնորեն օգտագործել են նաեւ Ռուսաստանում եւ այլուր պահպանվող արխիվային վկայագրերն ու փաստերը: Այդ մասին համապատասխան տեղեկանք կա գրքի սկզբում:
Խորիմաստ է գրքի սկզբում դրված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մաղթանքի եւ օրհնության ուղերձը: Այն, բնականաբար, սկզբում հայերեն է թարգմանված, իսկ այնուհետեւ` ռուսերեն: Այս հրաշալի հանրագիտարանը ռուսերեն է, որովհետեւ ներկայացնում է սկզբում Ռուսաստանի ցարական բանակի 1914-1920 թթ. հայ սպայական կազմը եւ ապա` ՀՀ բանակում ծառայած սպաներին:
Խորիմաստ է Գարեգին Երկրորդի հետեւյալ նկատառումը. «Հայ սպաներին նվիրված մեծահատոր գիրքը կենսագրական տեղեկություններից զատ նաեւ ներկայացնում է մեր ժողովրդի խրոխտ ու աննկուն ոգին եւ պայքարելու կամքը, որ հերոս հայորդիները դրսեւորել են հանուն ազգի ու հայրենյաց մաքառելու հանձնառությունների մեջ»: Ամենայն հայոց կաթողիկոսը հավատում է, որ բառարանում ընդգրկված յոթ հազարից ավելի հերոսների կյանքի համառոտ նկարագիրը ոգեշնչելու է այսօրվա սերնդին՝ համազգային միասնականությամբ շենացնելու մեր հայրենիքը եւ կերտելու մեր լուսավոր ապագան: Սա ինչ-որ առումով շատ հուզիչ է, որովհետեւ մեզ հիշեցնում է, թե ինչպես էր 5-րդ դարում Հովհան Մանդակունի կաթողիկոսը քաջալերում Վահան Մամիկոնյանին ու նրա զորքին՝ հանուն Հայաստանի անկախության:
Ուշագրավ է, որ հայ զինվորականներին նվիրված հատորի հենց շապիկից իմանում ենք, որ հանուն հայրենիքի զինվորագրվել են նույն գերդաստանի տղամարդիկ: Գրքի կազմին Արզանյանց ընտանիքի 4 որդիների՝ Ավետի, Սմբատի, Սուրենի ու Ռուբենի նկարներն են: Գրքում կան բազում-բազում անհայտ անուններ: Շատ-շատ են գեներալները, գնդապետները: Ցավոք, հեղինակներին երբեմն չի հաջողվել գտնել շատերի մահվան թվականներն ու վայրը:
Գրքում կան նաեւ հանրահայտ անուններ: Ինչպես, օրինակ, Խորհրդային Միության բանակի մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանը, որի ծավալուն ինքնակենսագրականում շատ մանրամասներ կան Սարդարապատի հերոսամարտի մասնակիցների վերաբերյալ: Ընթերցողը կիմանա, որ Բաղրամյանը երկու անգամ պարգեւատրվել է Սուվորովի 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաեւ նրան շնորհվել է Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշան:
Հանրագիտարանում տեսնում ենք նույն գերդաստանի զինվորականների ամբողջ շարքեր, որոնք խիզախորեն ծառայել են թե ցարական բանակում եւ թե Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժերում: Դրանցից են Բագրատունիները, որոնք Ախալցիխեի ծնունդներ են, անցել են Թիֆլիս եւ ապա Ռուսաստան: Նրանցից մեկը՝ Բագրատունի Հովհաննեսը, ընդամենը 29 տարեկանում ինքնասպան է եղել, երբ թուրքերը գրավել են Կարսը: Երիտասարդը պորուչիկ էր:
Բագրատունի գերդաստանի ամենանշանավոր զորահրամանատարը Բագրատունի Հակոբն էր՝ գեներալ-մայորի կոչումով: Նա Պետրոգրադի պաշտպանության կազմակերպիչներից էր՝ 1917-ի օգոստոսին գեներալ Կորնիլովի հարձակումների ժամանակ: 1918-ին գլխավորել է Բաքուն պաշտպանող զորքերը: Հայկական պատվիրակության կազմում 1919-ին եղել է Փարիզում, Հայաստանի Հանրապետության գործերով մեկնել է ԱՄՆ, 1920-ի նոյեմբերից եղել է Հայաստանի դեսպանը Լոնդոնում: Դարձել է վտարանդի, հաստատվել Լոնդոնում եւ այստեղ 1943-ին կնքել իր մահկանացուն:
Ցարական բանակում մեծ թիվ են կազմել Շուշիից սերող, Թիֆլիսում հաստատված, ապա Ռուսաստան տեղափոխված Դոլուխանովները, որոնցից 2-ը՝ Դոլուխանով Արսենը եւ Դոլուխանով Կոստանդինը, գեներալ-մայորներ էին, Դոլուխանով Գրիգորին, Վլադիմիրը, Կոստանդինը, Աբրահամը՝ գնդապետներ: Վերջինս մասնակցել է Սարդարապատի ու Բաշ Ապարանի կռիվներին:
Շատ հետաքրքիր է Դրաստամատ Կանայանի կյանքի ժամանակագրությունը ներկայացնող հատվածը: Դա մի իսկական ոդիսական է, պատմական վեպի նյութ: Դրոն 1905-ին խստորեն պատժել է Բաքվում հայ-թուրքական արյունոտ բախումներ հրահրած գեներալ-նահանգապետ Նակաշիձեին: Բաշ Ապարանի հերոսամարտի ժամանակ ջախջախիչ հարված է հասցրել թուրք հրոսակներին: Ապրել է Ռումինիայում, Բեյրութում, 1956-ին վախճանվել եւ թաղվել է Բոստոնում: 2000-ի մայիսին նրա աճյունի մնացորդները տեղափոխվել են Հայաստան եւ մայիսի 28-ին ամփոփվել Բաշ Ապարանի հերոսամարտի հուշարձանի մոտ:
Ցարական բանակի հայ զորահրամանատարների մի մասը զինվորական ծառայության է անցել Խորհրդային Հայաստանի բանակում, սակայն նրանցից շատերը 1937-ին կամ աքսորվել են կամ մահապատժի ենթարկվել: Գրքի առաջաբանում հեղինակները թվերով, փաստական համակարգված նյութ են թողել հետագա սերունդներին: Այդ հալածվածներից մեկն էլ Սարդարապատի հերոս Մովսես Սիլիկյանն էր՝ գեներալ-լեյտենանտի կոչումով:
Այս հանրագիտարանը նորօրյա մի բարեխիղճ ժամանակագրություն է, որի լույս աշխարհ գալու համար պարտական ենք ոչ միայն «Թեքեյան» միությանը, երախտիքի արժանի հեղինակներին, այլեւ մեկենասին՝ Սանկտ Պետերբուրգում բնակվող ազգային բարերար Պողոսյան Հրաչյային: Գրքի սկզբում դրված է նրա նկարը՝ վերջինիս` Ռուսաստանում եւ Հայաստանում կատարած բարեգործական փաստերի համառոտ նկարագրով:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ