8.5 կիլոմետր է կազմում կենտրոնական մայրուղուց Պատարա գյուղ ձգվող նորակառույց ճանապարհի երկարությունը, որի աշխատանքները սկիզբ են առել մեկ տարի առաջ: Այն անցնում է Աստղաշենի կենտրոնական հատվածով, որից կօգտվեն ոչ միայն տեղի, այլեւ 44-օրյա պատերազմի հետեւանքով թշնամու կողմից տեղահանված Սղնախ, Մոշխմատ, Ջրաղացներ, Մադաթաշեն գյուղերի բնակիչները, որոնց համար հարմարավետ առանձնատներ են կառուցվել Աստղաշեն համայնքի տարածքում:
Նոր ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Շինաշխատանքների արժեքը 922 մլն դրամ է: Ճանապարհի շինարարությունը ստանձնել է «Կապավոր» ընկերությունը, որը մայրուղիների կառուցման մեծ փորձ ունի եւ աչքի է ընկնում «արհեստավարժ մասնագետների բանակով»: Շինընկերության աշխղեկ Տիգրան Եղիազարյանի հավաստմամբ` «բոլոր աշխատանքներն իրականացվում են նախագծի պահանջներին համահունչ եւ ավարտին կհասցվեն տարեվերջին»:
Ճանապարհահատվածի կառուցման գրեթե 85 տոկոսն արդեն ավարտված է: Պատշաճ ուշադրություն է դարձվել ինչպես ասֆալտապատմանը, այնպես էլ հենապատերի կառուցմանը եւ ջրահեռացմանը: Տ. Եղիազարյանի խոսքով` շահագործման համար սահմանված ժամկետն անփոփոխ է, ու ճանապարհաշինարարներն իրենց խոսքի տերն են: «Պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները կիրագործվեն, եւ կապալառուն մեզնից անպայման գոհ կմնա,- վստահեցնում է նա:- Կարծում եմ` մեր աշխատանքից չեն դժգոհի նաեւ վարորդները, որոնց համար բարեկարգ եւ անվտանգ ճանապարհ ենք կառուցել»:
Կարեւորելով նորակառույց երթուղու ռազմավարական նշանակությունը` Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյանը կարծում է, որ այն զգալիորեն կբարելավի շրջակա գյուղերի բնակիչների սոցիալական պայմանները, կնպաստի տնտեսության ճյուղերի զարգացմանը: Մարդիկ հնարավորություն կունենան երթեւեկել բարեկարգ ավտոճանապարհով եւ խնայել ժամանակը, արտադրած գյուղմթերքները շուկա հանել եւ վաճառքից ստացված գումարները ծախսել կենցաղային նպատակների համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհն անցնում է մի շարք բնակավայրերի միջով, եւ այն տանում է անկրկնելի հեքիաթային բնությամբ, կուսական անտառներով շրջապատված Պատարա գյուղ, որի շրթին գիշերուզօր համանուն գետն է կարկաչում՝ հագեցնելով բազում ծարավ սրտեր, այն բանուկ կդառնա եւ զբոսաշրջիկների համար, ովքեր գերադասում են իրենց հանգիստն անցկացնել գեղատեսիլ բնության գրկում: Հավելենք, որ եթե հին ճանապարհը հատելու համար պահանջվում էր ավելի քան մեկուկես ժամ, ապա բարեկարգ եւ ասֆալտապատ նոր երթուղով Պատարա հասնելու համար կպահանջվի ընդամենը 20-25 րոպե…