ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններ կմեկնարկեն
Արցախյան պատերազմից հետո Անդրկովկասում Թուրքիայի ներկայության ուժեղացումն օրինաչափորեն պարարտ հող է ստեղծել տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողների հակաքայլերի համար: Մեղրիով անցնող Հարավային եւ Արեւելյան Ասիան Եվրոպային միացնող ճանապարհի ակտիվացման ուղղությամբ իրենց գործողություններն են սկսել Իրանը, Չինաստանը եւ Հնդկաստանը:
Տարածաշրջանով անցնող արեւելք-արեւմուտք թյուրքական հաղորդակցության ուղուն ի հակակշիռ ավելի տեսանելի է դառնում հյուսիս-հարավ ճանապարհը, որը Պարսից ծոցից Հայաստանի տարածքով հասնում է Եվրոպա: Այն առավել առարկայական է դառնում Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի եւ Չինաստանի հարաբերությունների սերտացման եւ ինտեգրացիոն գործընթացների համատեքստում: Այստեղ առաջնային կարեւորություն է ստանում Իրանի դերակատարությունը, որն առարկայական քայլեր է անում ԵԱՏՄ-ի հետ գործառնական կապեր հաստատելու ուղղությամբ:
Հունիսի 3-ին պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին բանակցությունների նախապատրաստման հարցերը: Քննարկումից հետո հայտարարվեց, որ դրանք ավարտին կհասցվեն այս ամսվա վերջին:
Հարցը քննարկվել էր համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչի եւ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի հանդիպման ժամանակ: Սա նշանակում է, որ հունիսին ավարտված կլինեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, եւ կողմերը պատրաստ կլինեն այդ ուղղությամբ բանակցություններ սկսելուն:
Չինաստանը մինչեւ 2020 թ. էր հայտնել իր շահագրգռվածությունը Իրանից դեպի Վրաստան Հայաստանով անցնող հաղորդակցության ուղու կառուցման վերաբերյալ: Դեռ 2015 թ. Հայաստան էր ժամանել չինական պատվիրակություն, որի օրակարգի առաջնային հարցերից էր Հայաստանով նոր երկաթգիծ կառուցելու հնարավորությունների եւ շահավետության խնդիրը: Հայաստանում Չինաստանի դեսպանը հայտարարել էր, որ չինական բիզնեսը կատարում է հստակ հաշվարկներ, եւ եթե նախագիծը լինի շահավետ, ապա երկաթգիծը կկառուցվի։
Չինաստանն իր քայլերն աննախադեպ արագացրեց պատերազմից հետո եւ արդեն այս տարվա մարտին Իրանում ստորագրեց «Չինաստան-Իրան» 25-ամյա ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, որով վերջինս պարտավորվեց 450 մլրդ դոլարի ներդրում իրականացնել, որն ընդգրկելու է տարբեր ոլորտներ:
Հատկանշական է, որ պայմանագրում կա կետ, որը վերաբերում է ազատ տնտեսական գոտիներին, որոնցում Չինաստանը պատրաստվում է մեծ ներդրումներ կատարել։ Նկատենք, որ Իրանի ու Հայաստանի սահմանին են գտնվում երկու՝ իրանական կողմում «Արաքս» եւ Հայաստանում Մեղրիի ազատ տնտեսական գոտիները։ Իրան-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում այդ երկու ազատ տնտեսական գոտիներն անխուսափելիորեն միասնական հանդես կգան, որոնցում էլ ներդրումներ կանի Չինաստանը:
Պարսից ծոցից եւ Հարավային Ասիայի երկրներից դեպի Եվրոպա հաղորդակցության ուղու զարգացմանը նպաստող հայտարարություն է արել նաեւ տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողը՝ Հնդկաստանը: Այս երկիրը պատրաստվում է մեծ ներդրումներ անել Իրանի Չաբահարի նավահանգստում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի համատեքստում: Հնդկաստանը ցանկություն է հայտնել վերջինիս շրջանակներում համագործակցել նաեւ Հայաստանի հետ։
Տարածաշրջանային նման հավակնոտ եւ հեռանկարային հաղորդակցության նախագծերի կյանքի կոչման համար մեծ կարեւորություն է ստանում հարավը հյուսիսին կապող երկաթգծի աբխազական հատվածի վերաբացման խնդիրը: Դրանում, բացի Հայաստանից, շահագրգռված են նաեւ վերոհիշյալ բոլոր խաղացողները, հատկապես՝ Իրանը: Վերջինիս՝ ԵԱՏՄ տարածքի հետ ցամաքային միակ սահմանը Հայաստանն է, եւ Եվրոպա տանող ամենակարճ երկաթգծի ճանապարհը հենց Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանին միացնողն է: