«Հայ պոեզիային ծանոթանալը պետք է պարտադիր լինի յուրաքանչյուր կրթված մարդու համար, ինչպես նրա համար պարտադիր է ծանոթությունը հելլենիստական ողբերգություններին, Դանթեի «Կատակերգությանը», Շեքսպիրի դրամաներին, Վիկտոր Հյուգոյի պոեմներին»։
Վալերի Բրյուսով
Ի՞նչ են նշանակում Բրյուսովի խոսքերն ընդհանրապես եւ, մասնավորապես՝ մեզ, հայերիս համար. պարզ մի բան, որ համաշխարհային քաղաքակրթությունը հիմնված է ժողովուրդների մշակույթի, արարչության վրա… Թվարկված գործերի շարքում՝ որպես խորհրդանշային երեւույթ, մեծ մտածողն ու գիտնական-բանաստեղծը ուրույն տեղ է հատկացնում նաեւ հայ պոեզիային՝ լինելով նրա հրաշալի գիտակն ու թարգմանիչը, իսկ պոեզիան, ըստ էության, հոգեւորի խորհրդանիշն է, նրա հուզական ելեւէջումների դրսեւորման, հուզականություն, որ հատուկ է մեր ժողովրդին, որով էլ, ասես, բնորոշվում է նրա ինքնատիպ առաքելությունը համաշխարհային մշակույթի գանձարանում։
Ցավալիորեն, աշխարհի դրվածքն այնպիսին է, որ քաղաքակրթությունը չի հասել այն բարձունքին կամ այնպես չի զտվել հոռի բարքերից ու վայրենություններից, որ ուժի քաղաքականությունը տեղը զիջի արարչագործությանը, եւ մարդիկ ապրեն սիրո ու խաղաղության օրենքներով։ Իր պատկառելի պատմության ընթացքում հայ ժողովուրդն էլ ստիպված է եղել իր արարչագործական առաքելությունը պաշտպանել զենքով ու զինավառությամբ եւ բարեկամներ ու համախոհներ փնտրել այդ ճանապարհին։ Առանձնահատուկ են եղել հատկապես հայ-ռուսական հարաբերությունները. ապրելով նույն տարածաշրջանում՝ միմյանց դեմ երբեւէ չեն դիմել զենքի՝ ի տարբերություն հարեւան այլ երկրների հետ հարաբերությունների, փոխարենը սատարել են միմյանց՝ հարկադրված լինելով ներքաշվել ռազմական գործողությունների մեջ։ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ակունքները սկիզբ են առնում դեռեւս 11-րդ դարից՝ Կիեւյան Ռուսիայից։ Հիշենք հայտնի պատմությունը Կիեւ-Պեչորյան մայրավանքի սուրբ եւ երանելի Ագապետի եւ հայ բժշկի միջեւ բժշկության շուրջ բանավեճի մասին, երբ հայ բժիշկը ճշգրիտ կանխատեսում էր մարդու շուտափույթ սպասվելիք մահը եւ չէր զբաղվում նման հիվանդների բուժումով, ինչը, սակայն, հանձնառում էր Ագապիտը, իսկ երբ հայ բժիշկը երեք օրվա կյանք է կանխատեսում Ագապիտի համար, վերջինս՝ սեփական դեղաբույսերի օգնությամբ, կյանքը երկարաձգում է երեք ամսով, ինչը ազդակ է դառնում, որ հայ բժիշկը հավատա Ագապիտին, ընդունի ուղղափառություն եւ դառնա Պեչորյան վանքի վանական։
Իսկ Կիեւյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումից հետո պատկառելի թվով հայեր բնակություն են հաստատում Կիեւում, ամրապնդվում են առեւտրային կապերը, ինչին զուգահեռ տարբեր ասպարեզներում զարգանում են նաեւ մշակութային հարաբերությունները։ Այսպես, հավանական է համարվում 12-14-րդ դարերում Վլադիմիր-Սուզդալյան երկրի հուշարձանների կառուցման մեջ հայերի ներդրումը, ինչի մասին վկայում են դրանցում հայտնաբերված հայկական ճարտարապետությանը բնորոշ զարդաքանդակները։ Պետրոս 1-ինի օրոք արեւելյան քաղաքականության իրականացման կարեւոր գործոններից հայերն էին եւ Ռուսաստանի հայկական գաղթավայրերը։ Շնորհված արտոնություններն ու առանձնաշնորհումները նպաստել են հայկական գաղութների զարգացմանն ու ստվարացմանը։ 17-րդ դարավերջից 18-րդի սկզբներին հիմք դրվեց հայ-ռուսական քաղաքական կապերին, ինչը հայ ազգային-ազատագրական շարժումն ուղղորդում էր ռուսական կողմնորոշման օգտին, որն էլ արդարացվեց ժամանակի ընթացքում։ Անընդհատ ասպատակությունների ու կոտորածների ենթարկվող Հայաստանը հաճախակի էր ստիպված զանազան ազդեցիկ պետությունների օգնությանը դիմելու եւ դաշնակիցներ փնտրելու, սակայն աշխարհաքաղաքական բախումների մեջ շահեր փնտրող տերությունների տեսադաշտում Հայաստանն առավել նպատակներին հասնելու միջոց էր ծառայում, քան առանձին հետաքրքրություն ներկայացնում, եւ Հայաստանին օգնությունները հիմնականում սահմանափակվում էին բարեգործական շրջանակներում։
Միանգամայն տարբեր էր Ռուսաստանի դիրքորոշումը, որը գլոբալ քաղաքականության դաշտում հաճախակի հանդիպելով սեփական պետության հանդեպ մեծ ճնշումների ու ներքաշվելով արյունահեղ պատերազմների մեջ, այնուամենայնիվ, գործնական քայլեր էր անում՝ ի նպաստ հայության եւ հայերի հետ միասին պայքարում ընդհանուր թշնամու դեմ, ու եթե չէին հասնում սպասված ցանկալի արդյունքի, ստիպված էին լինում ընտրել չարյաց փոքրագույնը, քանզի խաղադաշտում մենակ էին ու շարունակական հարվածների տակ, ինչպես որ այսօր։ Չմոռանանք 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմը եւ նրա արդյունքում հայերի ներգաղթը Հայաստան։ Ռուսաստանը խիստ կարեւոր ու ճակատագրական դերակատարություն է ունեցել Արեւելյան Հայաստանի պետականության կայացման հարցում, եղել եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի համար բարեկամ, գործընկեր եւ հարազատ օջախ, որտեղ բնակվող հայերի քանակը աշխարհում մեծությամբ երկրորդն է մայր հայրենիքից հետո։