«Գույնն ինձ համար սիմֆոնիայի պես է, ուր ամեն հնչյուն իր սեփական տոնայնությունն ունի, ամեն գույն իմաստ ունի, իսկ գունային յուրաքանչյուր կետ՝ իր չափն ու տեղը: Չեմ կարող սկսել աշխատանքը, մինչեւ չորոշեմ կտավի կոլորիտը: Դրանից հետո եմ միայն փնտրում ձեւը… Ամենից լավ նկարում եմ Հայաստանը: Սիրում եմ մեր լեռները, սլացիկ բարդիները, գետակների խոխոջյունը եւ գեղեցիկ մարդկանց: Ես իմ երկիրը տեսնում եմ հնչեղ, լուսավոր, բերկրալի….»:
Մարիամ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ
Հայ գեղանկարչությունն այնքան էլ հարուստ չէ վրձնի մեծահամբավ դեմքերով, ճիշտ այնպես, ինչպես գրականության մեջ է կամ մշակութային այլ բնագավառներում: Գուցե դա է պատճառներից մեկը, որ եղածներին վերաբերվում ենք առանձնակի առինքնումով, մանավանդ երբ նրանց արարումները դասվում են մնայուն արժեքների շարքին: Այդպիսին է Մարիամ Ասլամազյան հայուհին, ում արվեստը հայկական որդան կարմիրի նրբերանգներով է հարազատանում ակնդիրին:
Անվանի նկարչուհին Շիրակ աշխարհից է՝ Բաշ Շորագյալից, որն այժմ Շիրակավան է կոչվում: Պապը՝ Սիմոն աղան, զտարյուն հույն էր, որ երիտասարդ տարիքում եղբոր հետ սիրահարվում է հայուհի Գյուլիզարին: Աղջկա հայրը հավանություն է տալիս Սիմոնին: Գյուլիզարի ծնողները պայման են դնում, որ նրանք ամուսնանան Հայ առաքելական եկեղեցում եւ ընդունեն առաքելական հավատը: Հետո հունական Ասլամազ ազգանվանը ավելացվում է հայկական «յանը»՝ դառնալով Ասլամազյան: Ահա թե որտեղից է գալիս նկարչուհու ազգանունը:
Սիմոն աղան եղել է հայտնի ջրաղացպան, որի գործը շարունակող Արշակ որդին՝ Իսահակյանի ընկերներից մեկը, Նիկողայոս Մառի հետ մասնակցել է հնագիտական պեղումների: Նա 19-րդ դարավերջին Եվրոպայից գյուղ է բերում տուրբինային ջրաղացի մասեր եւ իր ձեռքով հավաքում տարածաշրջանում առաջին էլեկտրական ջրաղացը: Այս ունեցվածքի պատճառով հետագայում նրան կուլակ էին համարելու՝ զրկելով եւ ջրաղացից, եւ ձայնի իրավունքից: Ինչ խոսք, կուլակ համարվելը պատուհասի նման նեղելու էր նաեւ այդ ընտանիքի ժառանգներին: Չնայած դրան, արվեստի սիրահար երկու քույրերին՝ Մարիամին եւ Երանուհուն, հաջողվելու էր բուհական ուսումնառություն ստանալ Լենինգրադում եւ Մոսկվայում՝ աշակերտելով ժամանակի նշանավոր վարպետներին: Դժվարին պայմաններում ապրող ուսանողուհի քույրերն ապրում են իրենց ավագ քրոջ ուղարկած չնչին գումարով: Կյանքը հեշտ չէր. նրանք համարվում էին կուլակի հետնորդներ, ինչի պատճառով, որպես օտար տարրեր, քույրերը 13 անգամ դուրս են մնում ինստիտուտից: Եվ, ով զարմանք, Մարիամին հաջողվում է հանդիպել Լենինի այրու՝ Նադեժդա Կրուպսկայայի հետ, պատմել իրենց ու իրենց ճակատագրին արժանացածների, առկա դժվարությունների, անարդարությունների եւ ընտանիքի գլխով անցածի մասին: Կարմիր առաջնորդի կինը զարմանում է, թե ինչպես է երիտասարդ աղջիկը պայքարում ուսման համար եւ խոստանում է օգնել: Եվ հավատարիմ է մնում իր խոստմանը. օրեր անց հոդված է հրապարակում, որում շեշտում է, թե «Սովետական Միությունում կուլակների ժառանգները չպետք է պատասխան տան իրենց ծնողների գործած մեղքերի համար»: Այդ կերպ Մարիամը փրկում է ոչ միայն իրեն ու քրոջը, այլեւ նույն բախտին արժանացած հազարավոր երեխաների:
Մարիամ Ասլամազյանն իր միակ ուսուցիչը համարել է հայկական բնաշխարհի անգերազանցելի գուներգիչ Մարտիրոս Սարյանին, թեեւ երբեւէ չի ուսանել վարպետի մոտ: Նրա ստեղծագործության առանցքում ազգայինի եւ առատության գաղափարների բովանդակության գովերգումն է՝ պայծառ, վառվռուն գույների ներդաշնակումով: Նկարչուհին ստեղծել է անզուգական կտավներ, կոմպոզիցիաներ, ազգային կենցաղը պատկերող կիրառական իրեր, բնանկարներ: Երկրե երկիր շրջագայությունների սիրահար արվեստագետը հայտնի է հատկապես իր գունեղ նատյուրմորտներով՝ ազգային, աֆրիկական, ռուսական, ճապոնական, չինական եւ այլ թեմաներով: Հետաքրքիր է նրա մոտեցումը նկարչական այս ժանրին՝ յուրաքանչյուր շարքի համար ընտրել է որոշակի գունաշար՝ եթե Մադագասկար՝ ուրեմն կարմիր, դեղին եւ սեւ: Եթե Ճապոնիա կամ Չինաստան, ապա կապույտ, սպիտակ, դեղնագույն: Եվ այս զուգադրումով՝ տարբեր նկարաշարեր: Այս սկզբունքով են կտավին առնվել նաեւ հնդկական պատկերները, մի երկիր, որն առավել է հրապուրել գեղանկարչուհուն: Ու նաեւ արեւելքի այս երկրում են սիրել ու գնահատել նրան. 1972-ին արժանանում է Ջավահարլալ Ներուի, չորս տարի անց՝ Գամալ աբդ ալ Նասերի անվան մրցանակների: Այնքան տպավորիչ էր Հնդկաստանին նվիրված ցուցահանդեսից ստացած տպավորությունը, որ երկրի ղեկավար Ինդիրա Գանդին իր ձեռքով է մրցանակները հանձնել Հայաստանի տաղանդավոր դստերը: Իսկ երբ այցելում էր խորհրդային երկիր, ցանկություն է հայտնել լինել նկարչուհու հայրենիք Հայաստանում: Եվ գալիս է, թեեւ Ասլամազյանին չի հաջողվում հանդիպել արվեստասեր հնդիկ ղեկավարի հետ…
Յոթ քույր եւ մեկ եղբայր, որոնցից երկուսին՝ Մարիամին եւ Երանուհուն էր վիճակված ծառայել արվեստների մուսային, արարել մնայուն արժեքներ եւ դրանք ներկայացնել աշխարհին: Եվ ունենալ իրենց պատկերասրահը նաեւ իրենցով հպարտացող Գյումրի ավանդապահ ու խոսքաշեն քաղաքում:
Մարիամ Ասլամազյանը, ապրելով շուրջ մեկ դար, իր հավերժական կացարանն է գտել հայոց մեծերի պանթեոնում …