«Ապրելով մեկ խորհրդային պետության կազմում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միութենական հանրապետությունները պետք է համագործակցեին։ Նախքան Լեռնային Ղարաբաղում անջատողականության վերելքը, երկու երկրների արվեստագետները փոխադարձ այցելություններ եւ հյուրախաղեր են կատարել։ Դրա համար նրանք արժանացել են գրական կոչումների ու մրցանակների։ Միեւնույն ժամանակ, դեռեւս կան բազմաթիվ հայ անշնորհակալ արվեստագետներ, ովքեր եկել են Ադրբեջան, խմել մեր ջրից, կերել մեր հացից եւ ստացել «Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստի» պատվավոր կոչում»։
Վուգար Իսմայիլովի այս խոսքերին հետեւում է տասնյոթ հոգանոց հայ արվեստագետների ցուցակը, ովքեր Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում են ստացել, որոնց թվում՝ Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Արամ Խաչատուրյանը եւ այլ տաղանդավոր հայորդիներ, ովքեր ոչ միայն ԱԽՍՀ, այլեւ ՀԽՍՀ, ԽՍՀՄ եւ միութենական այլ հանրապետությունների ժողովրդական կոչումներ են ստացել, բայց այդ հանրապետություններից որեւէ մեկը տրամաբանությունից զուրկ նման «տրամաբանական» հետեւություն չի արել հիշյալ երեւույթների մասին, ինչպես ադրբեջանցին։ Ադրբեջանը առնվազն հպարտանալու տեղ պիտի ունենար, որ այնպիսի մեծություններ, ովքեր ընդգրկված են ԱԽՍՀ բարձրագույն կոչում ստացողների ցուցակում, երբեւէ հանդես են եկել նաեւ Ադրբեջանում եւ մշակութային ներդրում ունեցել այդ երկրում, մեծություններ, որոնցով աշխարհն է հպարտանում ու սնվում նրանց բարձր մշակույթով։ Հաց ու ջրով անհանգստացած ադրբեջանցուն հարկ է հիշեցնել, որ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհվել է նաեւ ադրբեջանցիների՝ Նիյազի Հաջիբեկովին եւ Զեյնաբ Խանլարովային, եւ, ի հատուցումն հայկական «հացուջրի», Զեյնաբ Խանլարովան 2017 թ. փետրվարի 25-ին Միլլի մեջլիսում Արցախի դեմ պատերազմելու կոչ է արել՝ այն նույն իրավունքի դեմ, որից օգտվելով՝ իր երկիրն անջատվել է ԽՍՀՄ-ից… Հետեւությունները թողնենք նրանց, ովքեր պայքարում են հանուն նման «արդարության» եւ «հացուջրի» ու մշակույթի հարաբերական կշռի…
Ինչեւէ, խոսքը բացվեց Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանի ծննդյան օրվա կապակցությամբ, երբ նրա մասին փորձեցի տեղեկություն ստանալ նաեւ ադրբեջանական կայքից, որտեղ նրա մասին սուղ տեղեկությունների տողատակում հանդիպեցի վերոհիշյալ հղմանը, մինչդեռ արժեր, որ սույն կայքը առավել դրական տրամադրված լիներ ժողովուրդների միջեւ իսկապես բարեկամությանը նպաստող երեւույթներին եւ ոչ թե այն օգտագործեր եւս մի անգամ թշնամանքի հող ստեղծելուն։ Իսկ «Modern.az»-ի ցուցակում ներկայացված բոլոր հայ գործիչները աշխատել ու ստեղծագործել, ելույթներ են ունեցել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Հայաստանում, Վրաստանում, Իրանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, շրջագայել աշխարհի մայրցամաքներով, եւ նրանց ճանաչողների շրջանակն առավել ընդգրկուն է, քան որեւէ ցանկացած հանրապետության…
Հովհաննես Հարությունի Աբելյանը ծնվել է 1865 թ. նոյեմբերի 4-ին Շամախիում՝ արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո Հովհաննեսը ուսումը շարունակում է Բաքվի ծխական դպրոցում, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է աշակերտական ներկայացումներին, Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին, Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբում» դասեր առել Պետրոս Ադամյանից, բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1882 թ.։ Տաղանդավոր դերասանի խաղացանկը հարուստ ու բազմազան էր, որոնց մեջ ոչ միայն հայ դասականների, այլեւ ռուսական, եվրոպական, համաշխարհային գլուխգործոցների գունեղ դերակատարումներ էին։ Ասում են, դերասանի գնահատականը շեքսպիրյան խաղացանկն է, այն բարձունքը, որին ձգտում է թատերական աշխարհի ստեղծագործող անհատը։ Հովհաննես Աբելյանը մարմնավորել է Շեքսպիրի տասնմեկ հերոսների, որոնց թվում՝ Օթելլո, Պետրուչչիո, Լիր արքա։ Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում Աբելյանը կերտել է շուրջ 500 դեր. նրա յուրաքանչյուր դեր աբելյանական մեկնաբանության կնիքն էր կրում եւ, ըստ այդմ, ուրույն էր ու անգերազանցելի։ Ադրբեջանցի սիրող դերասանների խմբով, ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, Աբելյանն է բեմադրել «Օթելլո»-ն (1904)։ Տաղանդավոր դերասանը նաեւ մարդկային բարձր հատկանիշների մարմնավորում էր. Վ. Գունիայի, Ն. Գարոնիա-Ցագարելու, Կ. Ղիփիանու, Կ. Մեսխու, Վ. Աբաշիձեի, Լ. Ալեքսի-Մեսխիշվիլու, Հ. Արաբլինսկու, Մ. Ալիեւի, Ա. Շարիֆզադեի հետ Աբելյանի բարեկամությունը նպաստել է վրաց, ադրբեջանական եւ հայ թատրոնների կապերի փոխադարձ ամրապնդմանը, ազգային բեմերի գոյատեւմանը, ինչը, ցավոք, ոմանք այսօր դարձրել են շահարկման առարկա…
Աբելյան-Արմենյան թատերախումբը 1913 թ. ելույթներ է ունեցել Իրանում ու Միջին Ասիայում։ Իրանի շահն Աբելյանին պարգեւատրել է Առյուծի եւ Արեւի առաջին աստիճանի շքանշանով։ Աբելյանն ընտրվել է Թիֆլիսի Հայ դրամատիկ դերասանների միության նախագահ, հիմնել թատերախմբեր։ 1920 թ. հայկական խմբերի հետ խաղացել է Կոստանդնուպոլսում, Կահիրեում, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։ 1925 թ. հրավիրվել է Երեւանի Առաջին պետթատրոն, 1926-ից՝ վերսկսել շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանում, Միջին Ասիայում։ Հովհաննես Աբելյանը նկարահանվել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմում՝ կատարելով Բարխուդարի դերը «Նամուսում»։ Նրա խաղընկերներն էին այնպիսի մեծություններ, ինչպես Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Օլգա Մայսուրյանը եւ հայ բեմի այլ նշանավոր դեմքեր։ 1932 թ. Աբելյանին շնորհվել է ՀԽՍՀ Աշխատանքի հերոսի կոչում, իսկ Վանաձորի դրամատիկական թատրոնը 1936-ից կոչվել նրա անունով։ Նրա մասին է հիշեցնում Երեւանի Աջափնյակ թաղամասի փողոցներից մեկը։
Հովհաննես Աբելյանը վախճանվել է 1936 թ. հուլիսի 1-ին Երեւանում։ Մահից հետո էլ տաղանդավոր վարպետի անհատականությամբ կնքված ռեալիստական արվեստն ազդել է բեմարվեստի ազգային ոճի ձեւավորման վրա։