Արցախի մեծ մասի կորստի հետեւանքով Հայաստանը լրիվ այլ կարգավիճակում հայտնվեց, անվտանգության առումով խնդիրները շատացան նաեւ հենց բուն ՀՀ-ի համար, եւ այս ամենին հավելած՝ տնտեսական վնասները:
Արցախի՝ թշնամուն անցած տարածքներում տարբեր միջին հաշվարկներով տարեկան աճեցվում էր 100 հազ. տ ցորեն: 2017 եւ 2018 թթ. Արցախում 135-150 հազ. տոննա հացահատիկ է արտադրվել: Եվ այն բավարարում էր ոչ միայն Արցախին, այլեւ 100 հազ. տոննայի չափով էլ Հայաստան էր ներկրվում: Բանն այն է, որ ցորենով ՀՀ-ի ինքնաբավության ցուցանիշը 31 տոկոս է: ՀՀ-ին տարեկան անհրաժեշտ է մոտ 450 հազ. տ ցորեն, 200 հազարն արտադրում ենք, մնացյալը՝ ներկրում: Ասել է թե՝ հիմա պետք է ներկրենք նաեւ Արցախից չեկող բաժինը: Հիշեցնենք՝ հացահատիկը միջազգային շուկայում, իսկ հիմնականում ՌԴ-ից ենք բերում, դոլարով է, հետեւաբար, դրամի արժեզրկմանը զուգահեռ դժվար չէ պատկերացնել վնասի ծավալը: Թշնամուն անցած տարածքներում հատիկաընդեղենի արտադրություն է եղել: Արցախի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2018 թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում հացահատիկի եւ հատիկաընդեղենի (ներառյալ եգիպտացորեն) բաժինը 24 տոկոս է եղել: Ասել է թե՝ նաեւ այս ցանքատարածությունների մի մասը կորցրել ենք:
Այլ օրինակի մասին. Գեղարքունիքի բնակիչները Քարվաճառից խոտ էին բերում: Հիմա չեն կարող: Իմ բարեկամները չեն հերքում, որ այս տարի անասնակերի խնդիր են ունենալու, որն ավելի կսրվի, եթե հանկարծ եղանակային պայմանները բարենպաստ չեղան: Կամ՝ Կովսականի եւ Վարանդայի հատվածում բամբակ էր աճեցվում, որը ՀՀ-ն օգտագործում էր դեղագործական արտադրությունում: Այս հնարավորությունն էլ ենք կորցրել հիմա:
Տարածքների կորստով՝ ջրային պաշարների կորուստ էլ ունեցանք: Այս մասով անդրադարձել ենք Քարվաճառի ու Քաշաթաղի խնդրին: Քարվաճառի շրջանը ոչ միայն Հայաստանի, այլեւ Արցախի ջրային դոնորն է: Ջրային պաշարների կորստով էլէներգիայի խնդիր էլ ծագեց: Արցախի պաշտոնական տվյալների համաձայն՝ մինչեւ պատերազմը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ը, Արցախում գործում էր 37 հիդրոէլեկտրակայան, որոնց ընդհանուր դրվածքային հզորությունը 205.292 ՄՎտ էր: 52.4 ՄՎտ դրվածքային հզորությամբ 12 փոքր ՀԷԿ կառուցման փուլում էր: Պատերազմից հետո՝ 2020 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ 6 ՀԷԿ էր գործում արդեն՝ ընդհանուր 74.7 ՄՎտ հզորությամբ: 2021 թ. մայիսի դրությամբ Արցախում գործում է 8 ՀԷԿ, կառուցման փուլում է 1-ը: Եթե այս թվերը վերածենք նկարագրի, ապա իրականությունը սա է. մինչ պատերազմը Արցախն էլէներգիայի առումով ինքնաբավ երկիր էր, Հայաստանին էլ էլէներգիա էր տալիս, իսկ հիմա ինքնաբավ չէ:
Այս բոլոր փաստերին հավելենք նաեւ մետաղական հանքավայրերի, սարքավորումներով, ներդրումներով, հողատարածքներով հանդերձ թշնամուն անցած երկու խոշոր գինեգործական ընկերությունների կորուստը, Ջրականի ու Կովսականի ձմերուկի հողատարածքները եւ այլն:
Փաստերը շարունակելի են, բայց դրանք բոլորը թվարկելը ցավ է: Ու այդ ցավը փոքր-ինչ մեղմելու միակ տարբերակը կրկին ոտքի կանգնելն է: Իսկ դրա համար պետք է ամեն ինչ անենք՝ հնարավորության սահմաններում ու այդ սահմաններից դուրս: Միայն այս դեպքում կարող ենք արդյունք քաղել: