25 տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 3-ին, 47 տարեկան հասակում մահկանացուն կնքեց հայ քաղաքական ու պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ (1990 թվականից) Աշոտ Նավասարդյանը։
Մեր ժողովրդի 20-րդ դարի լավագույն զավակներից մեկը` Աշոտ Նավասարդյանը, ծնվել է Երեւանում 1950 թ. մարտի 28-ին։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Նա այն բացառիկ քաղաքական գործիչներից էր, որ խորհրդային տարիներին եղավ ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) եւ Խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետեւել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, Հայ դատի պաշտպանությանը։ Հայ ժողովրդի ապագան կապել է ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5-ամյա աքսորի։ 1987-ին ազատվել է բանտից, վերադարձել հայրենիք։ Սակայն Ա. Նավասարդյանը չէր կարող դադարեցնել քաղաքական գործունեությունը։ 1989-1990 թթ. եղել է Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) խորհրդի անդամ։
Արցախյան շարժումն ստիպեց, որ Ա. Նավասարդյանը ԱԻՄ խորհրդի անդամների հետ հիմնադրեր ու ղեկավարեր «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության եւ Արցախի ազատագրման մարտերին՝ Երասխավանից մինչեւ Մարտակերտ, Քարվաճառ, Լաչին, Շուշի եւ այլն։ Պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով, 1990 թ. հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ եղել նրա առաջին ղեկավարը մինչեւ մահ։ Ազգային գործիչը հուղարկավորված է Եռաբլուրում։ Երեկ Ա. Նավասարդյանի շիրմին այցելեցին ազգային գործչի հարազատները՝ կինը, դուստրերը, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները, նրա գաղափարակիցները: Երեւանի Դավիթաշենի վարչական շրջանում գործող թիվ 196 հիմնական դպրոցը, որը հիմնադրվել է 1988 թ., 2005-ից կոչվում է Աշոտ Նավասարդյանի անունով։ Կրթօջախը տնօրինում է դուստրը՝ Անուշ Նավասարդյանը։ Եռաբլուր այցելեցին նաեւ այս կրթօջախի ուսուցչական անձնակազմը, ինչպես նաեւ միջին դասարանների աշակերտները, որոնք ծաղկեպսակ ու ծաղիկներ էին բերել։ Ներկաները խնկարկեցին ազգային գործչի շիրմին։ Աշակերտները հանդես եկան ասմունքով, Ա. Նավասարդյանի երդման խոսքերով, որ միշտ Հայաստանի զավակն ու պաշտպանն են լինելու։
Ա. Նավասարդյանի կինը՝ Հասմիկ Նավասարդյանը, դիմեց ներկաներին, հատկապես մատաղ սերնդի ներկայացուցիչներին՝ կարեւորելով ամուսնու եւ նրա զինակիցների դերը հայոց նորօրյա պատմության մեջ։ Ասաց, թե չկա մի րոպե, որ ինքն ապրի առանց Աշոտ Նավասարդյանի։ Ամուսինը ֆիզիկապես է բացակա. «Երբ որ ամուսնուդ հետ գաղափարակից ես լինում, պատասխանատվությունը շատ ավելի բարձր է լինում: Բացի այդ, մեր նախնիները դարեր շարունակ միշտ երազել են անկախ պետականության մասին, եւ շատերը չկարողացան դա տեսնել: Աշոտը նախնիների սերունդն էր եւ շարունակեց այդ գործն իր ընկերների հետ միասին: Այսօր պետք է ասել, որ նա փառավորներից մեկն էր, փառահեղ կյանք ունեցավ, որ տեսավ անկախությունը Հայաստանում եւ պետականության ստեղծումը, սակայն այն անկախությունը, որ Աշոտն էր ուզում տեսնել, դա երեւի կտեսնի մեր սերունդը»։ Նա դիմեց դպրոցականներին եւ հորդորեց նրանց լավ սովորել, հատկապես լավ իմանալ հայոց պատմությունը, որ չկրկնվեն անցյալի ու ներկա սխալները: Շնորհակալություն հայտնեց ամուսնու անվան դպրոցի ուսուցչական անձնակազմին, որ լավ սերունդ են կրթում ու դաստիարակում, սակայն անելիքներ դեռ շատ կան, կոչ արեց ավելին անել՝ երեխաներին լավ գիտելիք ու դաստիարակություն տալու նպատակով։