Քաղաքականությունը զգացմունքի տեղ չէ։ Եթե ինձ հարցնեն՝ վատ է, որ այդպես է, որովհետեւ առանց զգացմունքի աշխարհի պատկերն այն է, ինչ տեսնում ենք. աշխարհի տերերը խաղում են աշխարհի հետ՝ պատերազմներից անգամ սեփական շահը քաղելով։ Բայց հիմա մեր խնդիրը չէ աշխարհի կաղապարը փոխելը, մեր գործը փաստն արձանագրելն է ու մեր երկրի շուրջ տարվող քաղաքականությանն իրատեսորեն մոտենալը։ Իրատեսության համար ճշմարտությունը գիտակցել է պետք։ Նաեւ ընդունել։ Եվ դա սկսել հենց մեզանից։
Ու պիտի սկսել հայ-թյուրքական հնարավոր ու անհնարին «խաղաղություն» ասվածից։ Անհնարինի կողմնակիցների տեսակետն ու համոզմունքը հասկանալի է՝ հիմնված ոչ միայն ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների, այլեւ պատմական դառը փորձի վրա։ Հնարավորի կողմնակիցները, ինչպես ցույց են տվել իմ ամենատարբեր զրույցները մեր երկրի բոլոր մարզերում, իրենց իսկ բերած «փաստերն» ապացուցել չեն կարողանում, միակ «փաստը» խաղաղության տենչն է։ Հայ-թյուրքական խաղաղությունն անհնարին համարողները պիտի ընդունեն, որ «հնարավորի» կողմնակիցների հետ չեն կարող խոսել ո՛չ պատմական փորձից, ո՛չ աշխարհագրությունից, ո՛չ մեր բնօրրան Հայկական լեռնաշխարհից ու մեր առաքելությունից, ո՛չ ազգի ու ցեղախմբի տարբերությունից, ո՛չ էլ առավելեւս ազգի բնական իրավունքից ու ցեղախմբի զավթողականությունից։ Չեն կարող խոսել այն պարզ պատճառով, որ «հնարավորի» կողմնակիցները տարրական այդ իմացությունը չունեն։ Տալ այդ գիտելիքը եւ հետո՞ խոսել «հնարավորի» կողմնակիցների հետ, դրա ժամանակը չունի մեր երկիրը։ Մեր երկրի պարանոցի շուրջ օրեցօր ավելի է սեղմվում թյուրքական օղակը, եւ հազիվ թե այդ սեղմվող պարանոցով «անհնարինի» կողմնակիցները խոսելու ժամանակ ունենան «հնարավորի» կողմնակիցների հետ։
Ի՞նչ է պետք անել։ «Անհնարինի» կողմնակիցները պիտի տան այդ պատասխանը եւ պիտի տան բավական սառնասրտորեն։ Որովհետեւ կշեռքի նժարին մեր մեծ Հայրենիքից՝ մեր բնօրրան Հայկական լեռնաշխարհից մնացած այս փոքրիկ հատվածն է՝ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը։ Արցախն է դարեր հետո մեզ տվել հպարտության այն զգացումը, որ մենք կրկին կարող ենք տեր լինել մեր բնական, ազգային ու պատմական իրավունքին։ 44-օրյայից հետո, սակայն, խարխլվեց բոլորիս աշխարհը։ Ե՞լքը։ Ելքը վերաազատագրումն է։ Թշնամին այն կկոչի «ռեւանշիզմ», «պատերազմի կողմնակիցների խումբ», կսպառնա ռեւանշիստներին ու դա կանի գործնականում։ Խնդիրն այն է, թե ինչ կանեն երկիրը վերաազատագրել ուզողները։ Համենայնդեպս, ինչ անեն, պետք է անեն սթափ, սառը ուղեղով, աշխարհի քաղաքականությանը բնորոշ «պրագմատիզմով»։ Եվ արձանագրեն ամենակարեւորը՝ մեր երկու հարեւան թյուրքերը ամեն օր խոսում են իրենց «փառապանծ հաղթանակից», բայց ամեն օր նրանց հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է այն վախը, որ նրանք ունեն հայկական «ռեւանշից»։ Որովհետեւ խորապես գիտեն, որ մենք ունակ ենք, որ մենք նորից կարող ենք պատմական սխալը շտկել, բայց մեզ պետք է թափ տանք։
Ի՞նչ է մեզ պետք ինքներս մեզ թափ տալու համար, ոտքի կանգնելու եւ մեր մեջքը շտկելու համար՝ որպես պետություն։ Կրկնվենք ընդգծումով՝ դաժան իրականությանն առնչվելու սառնասիրտ իրատեսություն։ Որ երբ Ուկրաինան շնորհավորում է Ադրբեջանին «պատմական հողերը վերադարձնելու» առիթով եւ համարում է, որ «Ղարաբաղը Ադրբեջան» է, հասկանանք, որ այս երկու պետություններն ունեն քաղաքատնտեսական շահեր։ Որ երբ ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական սիրախաղն ավելի ստվար գույներ է ստանում, հասկանանք բոլոր կողմերի քաղաքատնտեսական շահերը։ Որ երբ Եվրոպան 44-օրյայի ժամանակ իր միակողմանի ու ձանձրալի հայտարարություններից հետո այսօր հանկարծ պատրաստակամություն է հայտնում հայկական շահը պաշտպանելու, հասկանանք իրական ցանկությունները, պատճառները, տարածաշրջանի հանդեպ հավակնություններն ու քաղաքատնտեսական շահերը։ Որ զարմանալի չթվա Իրանի պահվածքը 44-օրյայի ընթացքում եւ տրամագծորեն հակառակ կեցվածքը՝ այսօր։ Որ տարածաշրջանային շահերը չընկալենք միայն տարածաշրջանի երկրների մակարդակով, սահմաններն ընդլայնենք դեպի աշխարհի չորս ծագեր, հասկանանք մեզ հետ ուղղակիորեն եւ անուղղակի առնչվող բոլոր երկրների քաղաքատնտեսական շահերը։ Որ միջազգային իրադարձություններին հետեւելիս մեզ առնչակից երկրներում դեպքերը չընկալենք իբրեւ առանձին դեպքեր, այլ դիտարկենք ընդհանուր հարթությունում։ Երբ այս ամենը տեղավորենք ափի մեջ, անմիջապես հասկանալի կդառնա, թե ինչու է, օրինակ, թուրք լրագրողը կոչ անում աջակցել Իրանի 35 մլն թուրքերին ընդդեմ Իրանի, թե ինչու ԱՄՆ-ի համար Ռուսաստանը սպառնալիք է, իսկ Չինաստանը՝ մրցակից, թե ինչու է Թուրքիան խաղում Արեւմուտք-Ռուսաստան պրկված լարի վրա, ինչու այս ընթացքում, իբր, չի երեում Իսրայելը։ Տարբե՞ր իրադարձություններ են։ Միանշանակ՝ ո՛չ։ Նույն գիծն է՝ քաղաքատնտեսական շահերի եւ նույն նպատակը՝ հնարավորինս օգտվելու։
Ի՞նչ պետք է անենք մենք։ Պատասխանն ակնհայտ է՝ այն, ինչ աշխարհը՝ առաջ տանենք մեր շահը։ Կարո՞ղ ենք՝ միանշանակ այո։ Չժխտենք. 44-օրյայի հետեւանքով տարածաշրջանում հայկական գործոնը շատ է թուլացել, բայց չի վերացել, չէ՞։ Որովհետեւ դեռ չի կորել հայկական ուժը (Հայաստան-Արցախ-Սփյուռք)։ Ալիեւը սպառնում է՝ եթե Հայաստանը չտա «Զանգեզուրի միջանցքը», ապա թող հիշի, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարողանում են տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սեւանա լիճը։ Հայհոյելու փոխարեն ընդունենք ճշմարտությունը՝ այո, կարողանում է տեսնել, չի խաբում, մեզ հետ, իբր, խաղաղություն ուզողը պատերազմով է սպառնում, եթե չտանք իրենց համար այդքան բաղձալի իրենց ասած «Զանգեզուրի միջանցքը»։ Եթե թշնամին ճանապարհների ապաշրջափակում է ուզում, ինչու իսկապես չի հանգստանում հայկական կողմի այն հավաստիացումներից հետո, որ պատրաստ է երեք ուղղությամբ ճանապարհ տրամադրել, այլ ձգտում է «միջանցքին»։ Պատասխանը հասկանալի է՝ քաղաքատնտեսական գլոբալ շահի պատճառով, որից գլոբալ շահողը թյուրքական կողմն է լինելու։
Հիմա՝ հայ-թուրքական բարեկամության անհնարին լինելու կողմնակիցներն ամեն օր հենց սա պետք է բացատրեն «հնարավորի» կողմնակիցներին՝ առանց պատմական դասերի՝ օրվա խնդրով ու շահով։ «Հնարավորի» կողմնակիցներին հասկանալի է շահի լեզուն։ Եթե նրանք հստակ պատկերացնեն, որ այս ու այն բարձունքը, ճանապարհը տալով` ոչ մի շահ չեն ունենալու, փոխարենը, լավագույն դեպքում, հայտնվելու են մուրացիկի կարգավիճակում, գուցե փոխվեն։ Ի միջի այլոց, «անհնարինի» կողմնակիցներն էլ պետք է աշխարհին առնչվեն շահի լեզվով՝ գործակցելով տարբեր ուղղությունների հետ, որոնց կհետաքրքրի հայկական շահը` իրենց իսկ շահից ելնելով։ Իսկ այդպիսի ուղղություններ կան, ավելին՝ նրանք լավ էլ գիտեն, որ աշխարհաքաղաքական նոր ձեւավորումների պարագայում հայկական գործոնը կարող է հավասարակշռող լինել։ Սրա համար այդ ուղղությունները պիտի ընդամենը մի բան տեսնեն՝ մենք ուզու՛մ ենք, կարո՛ղ ենք եւ պատրա՛ստ ենք։ Պատրաստ ենք «ռեւանշի» բոլոր ոլորտներում՝ մտածելակերպի փոփոխությունից սկսած, տնտեսականով շարունակած, քաղաքականությամբ վերջացրած։ Պիտի տեսնեն, որ մենք թղթե շերեփի կողմնակից չենք, լավ էլ պատրաստ ենք երկաթե շերեփով մեր պատառին տեր կանգնելու։ Պիտի տեսնեն, որ մենք միայն հաց չենք ուտում, այլ մեր օրական պահանջը հացի հետ կարագ ու մեղրն է։ Պիտի տեսնեն, որ մենք միայն զենք առնող չենք, այլ զենք արտադրող։ Բա՞րդ է։ Թո՛ղ որ։ Իսկ ի՞նչ է՝ պետություն պահելը դյուրի՞ն գործ է։ Ուժն ունե՞նք։ Անշուշտ։ Այն էլ ինչքա՜ն։ Երկրաշարժի, ջարդերի, սովի, ցրտի ու մթի տարիներին այդ ո՞ր ժողովորդն է ի վիճակի երկիր ազատագրել։ Մե՛նք։ Ու ցույց ենք տվել դա։ Կրկի՞ն կարող ենք։ Բնականաբա՛ր։ Ոչ թշնամին է փոխվել, ոչ մենք։ Ամեն բան նույնն է՝ աշխարհն էլ, շահն էլ։ Պիտի ցույց տանք հայկակա՛ն շահը։ Ու պիտի ցույց տանք տնտեսական «ռեւանշով», որ ունենանք գումար, զենք, բանակ, անվտանգություն՝ քաղաքական ու ազգային նպատակներն իրացնելու համար։ Այս դեպքում կրկին գործոնի կվերածվենք։